Անթալիայի դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներ Օզելի, Աթբաբայի, Բաշարինի, Աղդողանի, Էրդեմի և Արայի դեմ հարուցած քրեական գործի նյութերը փոխանցել է Անկարայի Գլխավոր դատախազությանը։
Այդ մասին հայտնել է Turkiye իշխանական պարբերականը։ Խոսքը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության արդեն նախկին առաջնորդ Օզելի և խորհրդարանի ԺՀԿ խմբակցության ևս չորս պատգամավորի մասին է։ Նրանք մեղադրվում են 2024թ․ Անթալիայի քաղաքապետի ընտրություններում «կաշառք տալու» մեջ։
Մայիսի սկզբին Անկարայի քաղաքացիական դատարանը «լիովին անվավեր» է ճանաչել Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերջին համագումարի որոշումները և ԺՀԿ առաջնորդի պաշտոնում վերահաստատել Քեմալ Քիլիչդարօղլուին։
Վերջինս նախագահական անցած ընտրություններում եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցը։ Ստանձնելով ԺՀԿ առաջնորդությունը, Օզգեր Օզելը հայտարարել է, որ այդուհետև կուսակցությունը «ոչ թե նախագահական պալատում, այլ ժողովրդի մոտ հեղինակություն կփնտրի»՝ ակնարկելով, որ Քիլիչդարօղլուն ընտրություններում պարտվել է Էրդողանի հետ «գաղտնի պայմանավորվածությամբ»։
Թուրքիայում 2028թ․-ին պետք է կայանան նախագահի և խորհրդարանի ընտրություններ։ Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, Էրդողանը դռնփակ հանդիպել է խորհրդարանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցոության հետ, որից հետո երբ լրագրողը հարցրել է՝ «արդյոք դա հրաժեշտի նախապատրաստությո՞ւն» է,- հակադարձել է, «Իսկ ես նմա՞ն եմ հեռացող մարդու»։
Քաղաքական դիտորդները եզրակացրել են, որ Էրդողանը «նախապատրաստվում է հաջորդ էլեկտորալ փուլի»։ Թուրքիայի գործող սահմանադրությունը նախագահին արգելում է երրորդ ժամկետով թեկնածու առաջադրվել, բացի մի դեպքից՝ եթե խորհրդարանը ցրվում է, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։
Իսկ Ազգային մեծ ժողովը կարող է ինքնալուծարվել պատգամավորների «երկու երրորդի հրաժարականի դեպքում»։ Կարծիք կա նաև, որ Էրդողանը կարող է սահմանադրական հանրաքվե անցկացնել և «ստանալ երրորդ ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն»։
Ինչ տարբերակ էլ որ նա ընտրելու լինի, նախապես պետք է չեզոքացնի Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որի վարկանիշը բարձր է։ Այդ գործընթացը մեկնարկել է Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի դեմ քրեական հետապնդմամբ։
Թուրքիայում ԺՀԿ-ից ընտրված տասնյակ քաղաքապետեր կամ հրաժարական են տվել, կամ դատարանի վճռով պաշտոնից հեռացվել։ Վերջին ազդեցիկ պաշտոնյան Անկարայի քաղաքապետ Յավաշն է, որը, սակայն, կուսակցության դեմ Էրդողանի հարձակումներին կոշտ չի հակադարձում։
Ընդդիմադիր ԺՀԿ-ի միանգամից հինգ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը, անկասկած, իրավիճակը սրացման տանող քայլ է։ Ըստ երևույթին, Էրդողանը խոր մտավախություն ունի, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը, որ օրենքում պետք է երկամսյա ժամկետում գումարվի, կրկին առաջնորդ կընտրի Օզելին, ուստի նախապես չեզոքացնում է նրան։
Նախագահի պաշտոնում Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Իմամօղլուին առաջադրելու հանրագրի տակ ԺՀԿ-ն ավելի քան քսան միլիոն ստորագրություն է հավաքել։ Օզելի դեմ քրեական գործ հարուցելու առթիվ քանի՞սը բողոքի ցույցերի դուրս կգա։ Թուրքիան քրդական հարցը չի կարգավորել և կարող է ներքին նոր մարտահրավեր ստանալ։
ԺՀԿ-ն հանրապետական Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի կուսակցությունն է։ Աթաթուրքի «ուրվականը» կպարտվի՞ Էրդողանին։ Թուրքիայի ներքին լարվածությունը կազդի՞ հայ-թուրքական գործընթացին, ինչպե՞ս։

Բաց մի թողեք
Հետելցինյան Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերին չեն հիշում
«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»
Ռուսաստանը Եվրոպայում կկորցնի ևս մեկ դաշնակից` Սերբիային