Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատանքային ժամից հետո «գաղտնի» հավաք է անցկացրել Արթիկում։ Նա հանդիպել է տեղի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ՝ փորձելով վերջիններիս ուղղորդել առաջիկա ընտրությունների առնչությամբ։
Հատկանշական է, որ հանդիպումը կոորդինացրել է Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, իսկ որպես հավաքատեղի ընտրվել է Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետ Առուշանյանը կրթօջախների ղեկավարներին բաց տեքստով հորդորել, իսկ ավելի ճիշտ՝ պարտադրել է ջանք չխնայել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար անհրաժեշտ ձայներ ապահովել։ Իշխանությունը, ըստ ամենայնի, կրկին գործի է դրել վարչական ռեսուրսը՝ դպրոցները վերածելով քաղաքական գործիքի։
Հրապարակ թերթի աղբյուրը պատմել է, որ հանդիպման ընթացքում մարզպետը միայն ընդհանուր հրահանգներով չի սահմանափակվել։ Նա դպրոցի տնօրենների առջև կոնկրետ և խիստ խնդիր է դրել՝ ամեն գնով մարդիկ ապահովել ամսի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի համար։
Ըստ մեր աղբյուրի՝ Առուշանյանը պահանջել է անել ամեն ինչ, որպեսզի իրենց հանրահավաքը լինի առավելագույնս տպավորիչ ու մարդաշատ, քան «Ուժեղ Հայաստանինը»։ Իշխանությանը, ըստ երևույթին, օդ ու ջրի պես պետք է «մարդկային մեծաքանակ զանգվածի» պատրանք ստեղծել, և այդ բեռը կրկին մնացել է մանկավարժների ու կրթական համակարգի աշխատակիցների ուսերին, որոնց ստիպում են սեփական կամքին հակառակ դառնալ հանրահավաքի «դեկորացիա»։

Բաց մի թողեք
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Լուսանկար
Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է
Ծովային ծառայություններ ռուսական նավթատարների համար