19/07/2026

EU – Armenia

Իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ մտել է «փորձության փուլ»

Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է արտասահմանում բնակվող իրանցիների հետ համագործակցող, արտերկրում գործող լրատվամիջոցների, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող անձանց ցանկը, որ «լրտեսության համար պատժի օրենքի չորրորդ հոդվածով պատասխանատվության ենթակա» են։

Այդ մասին ֆեյսբուքի անձնական օգտահաշվում գրառում է կատարել Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն, որի տեղեկություններով զգուշացված լրատվամիջոցների շարքում տեղ է գտել նաև Թավրիզից հեռարձակող GunazTV-ն։

Ադրբեջանցի վերլուծաբանը հիշեցրել է, որ այդ հեռուստաընկերությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին «հրապարակել է Իրանի տարածքով Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների և տեխնիկայի փոխադրման լուսանկարներ և տեսանյութեր»։

Նրա ներկայացմամբ, «այդ ամենը դադարել է, երբ Թեհրանին խիստ զգուշացում է արվել», իսկ այժմ «այդ տեսա-լուսանկարահանում արած անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել»։ Ադրբեջանցի վերլուծաբանը, անշուշտ, իրողությունը խեղաթյուրում է։ Իրանում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կրոնապետության դեմ քարոզչությունը կանխվի։

Բայց Շահինօղլուի գրառումը հետաքրքիր է այն իմաստով, որ Բաքվից, իրանա-ամերիկյան զինված հակամարտության մեկնարկից ի վեր, կարծես թե, առաջին անգամ ի պաշտպանության իրանական ընդդիմության տեսակետ է հնչել։ Ընդ որում, նա ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխանել և սահմանափակել Իրանի Sahar հեռուստատեսության հետ իր քաղաքացիների շփումները։

Ադրբեջանցի իշխանական վերլուծաբանը ներկայացրել է, որ Sahar-ը «հիմնականում Ադրբեջանի մասին քննադատական հաղորդումներ է հեռարձակում, որ պատրաստում է նաև Բաքվում ապրող քաղաքագետների և վերլուծաբանների հետ հարցազրույցների հիման վրա»։

Նախօրեին խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «ձգտում է մասնատել Իրանի տարածքային ամբողջականությունը»։ Թավրիզը Իրանի թրքախոս բնակչության «մայրաքաղաքն» է։

Եվ եթե այնտեղ գործող GunazTV-ն «լրտեսության մեջ կասկածվում» է, ընդ որում՝ հետախուզության նախարարության մակարդակով, պետք է ենթադրել, որ Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները «ադրբեջանական ապստամբության մասին տեղեկացված» են։

Կամ էլ Իրանի իշխանությունները կանխարգելիչ գործողություններ են սկսելու։ Իրանա-ադրբեջանական կամ, ավելի ճիշտ՝ իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ, կարծես, մտել է «փորձության փուլ»։