04/06/2026

EU – Armenia

Պուտինը նպատակադրվել է ուկրաինական պատերազմը հասցնել Կարիբյան ճգնաժամի մակարդակին

Ռուսաստանցի փիլիսոփա, եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը անդրադարձել է ուկրաինական պատերազմի մասնակից «մի զինվորականի» գրառմանը, որով վերջինս «տագնապ է հայտնել, թե Ուկրաինան արդեն ստացել է ռազմաճակատային առաջին ռոբոտները»։

Դուգինը Ռուսաստանի իշխանություններին քննադատել է «պատմական ընթացքից ուշանալու» համար։ Ըստ նրա, «զորահավաքը պետք է տեղի ունենար 2014, ծայրահեղ դեպքում 2022 թվականին»։

Ուկրաինայի հետ պատերազմում տեխնոլոգիական մրցակցությամբ պայմանավորված բացը լրացնելու համար նա միայն մի ելք է տեսել։ Դա «ստալինյան զորահավաքի անցկացում և էլիտաների արմատական փոփոխությունն» է։

Ռուսաստանում համընդհանուր զորահավաք անցկացնելու իշխանությունների մտադրության մասին տեղեկությունը միջազգային մամուլում վաղուց է տարածվել։ Ու թեև Մոսկվան մի քանի անգամ այն հերքել է, Կրեմլի գաղափարախոս Դուգինի դիտարկումները վկայում են, որ ՌԴ բարձրագույն իշխանությունը Ուկրաինայի հարցում ընտրել է «ցանկացած գնով հաղթանակի հասնելու» տարբերակը։

Կենդանի ուժով Ուկրաինային պարտության մատնելու համար Ռուսաստանին հարկ կլինի զորակոչել ևս մեկուկես միլիոն մարդու։ Համենայն դեպս, ռազմական փորձագետները այդ տեսակետն են հայտնել։

Նրանք միաժամանակ համոզված են, որ «առանց Բելառուսի տարածքից երկրորդ ճակատի Կիևը գրավել հնարավոր» չէ։ Հինգերորդ տարին է, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խուսափում է Ուկրաինայի դեմ պատերազմից։

Ներկայումս Ռուսաստանի համար, կարծես, ճակատագրական պահ է, և բացառված չէ, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսվեն։ Իրավիճակն, իրոք, «սահմանային» է։

Հունիսի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն այցելել է Կիև և Ռուսաստանի նախագահ Պուտինին հրապարակային ծաղրել, որ «հաղթանակի զորահանդես է անցկացրել Ուկրաինայի նախագահի հրամանագրի սահմանած ժամկետներում»։

Մոսկվայի պատասխանը չի ուշացել։ Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական խորհրդաժողովի հարթակից ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը իր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության դեպքում միջուկային զենք կկիրառի նույնիսկ այն երկրների դեմ, որ նման միջոցների չեն տիրապետում։

Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը սահմանադրությամբ Ռուսաստանի «անբաժանելի մաս» են։ Ռյաբկովի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմը գնահատում է իր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն» և սպառնում է «այն պաշտպանելու համար միջուկային զենք օգտագործել»։

ՌԴ փոխարտգործնախարարն, ընդսմին, հասցեատեր երկրներին կոչ է արել իր հայտարարությանը «վերաբերվել ամենայն լրջությամբ»։

Տպավորություն է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը նպատակադրվել է ուկրաինական պատերազմը հասցնել Կարիբյան ճգնաժամի մակարդակին, որպեսզի միջուկային ապոկալիպսիսից խուսափելու համար ԱՄՆ-ը և Եվրոպայի միջուկային տերությունները հարկադրված ճանաչեն Ուկրաինայում նրա տարածքային նվաճումները։ Բայց արդյոք դա վերջի՞ն «սահմանն» է։