21/07/2026

EU – Armenia

«Ուժեղ Հայաստանին», «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստանին» կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված նախընտրական ամփոփիչ բանավեճի ընթացքում քննարկման առարկա դարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հարցը։

Որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պնդում էին, թե այդ ուժերը ներկայացնում են Ռուսաստանի շահերը և, հետևաբար, չպետք է մասնակցեն համապետական ընտրություններին։

Հարցը բարձրացրեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դուք արձանագրում եք, որ այստեղ կան օտար պետությունների կոլաբորացիոնիստներ։

Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք ընդհանրապես մասնակցում ընտրություններին, և ինչո՞ւ է թույլատրվել, որ օտարերկրյա պետության շահերը ներկայացնող անձինք մասնակցեն համապետական ընտրություններին, եթե պետական մարմիններն ունեն համապատասխան փաստեր»,- ասաց նա։

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ հիշյալ քաղաքական ուժերը «բազմագլուխ հրեշ» են և արտաքին քաղաքական այնպիսի խոսույթ են կիրառում, որը, ըստ նրա, ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք վարչապետին, որ այդ կուսակցություններին չպետք է թույլատրել մասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Սարգսյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքական ուժերին զբաղվել այդ հարցով՝ նշելով, որ իր միջամտության դեպքում կարող են հնչել քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքներ։

Դրան արձագանքելով՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն հրապարակային դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, սակայն ստացել է պատասխան, որ Հայաստանի ԿԸՀ-ն չունի այնպիսի լիազորություններ, ինչպիսիք ունի, օրինակ, Մոլդովայի ընտրական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ Մոլդովայում նախորդ ընտրություններից առաջ ԿԸՀ-ն թույլ չէր տվել ընտրություններին մասնակցել մի շարք քաղաքական ուժերի, որոնք իշխանությունները համարում էին ռուսամետ։

Սարգսյանի հայտարարությունից հետո Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ներկայացվե՞լ է պաշտոնական գրավոր դիմում, ինչպես պահանջում են իրավական ընթացակարգերը։ Քննարկման ընթացքում կարելի էր ենթադրել, որ վարչապետը մատնանշում էր հարցի իրավական լուծման հնարավոր ճանապարհը։ Ի պատասխան՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ օրը գրավոր դիմում կներկայացնի ԿԸՀ։

Սակայն հարցմանն ի պատասխան՝ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հայտնել է, որ ժամը 11:30-ի դրությամբ ընդդիմադիր ուժերին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ որևէ գրավոր դիմում հանձնաժողովը չի ստացել։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Արամ Սարգսյանը դիմել ԿԸՀ նախագահին, Ղուկասյանը պարզաբանել է, որ Սարգսյանը պարբերաբար նման հայտարարություններ է անում հարցազրույցների ընթացքում և, հավանաբար, հենց դրանք է նկատի ունեցել, երբ խոսել է ԿԸՀ նախագահին դիմելու մասին։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովից նախկինում արդեն հայտնել են, որ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի։

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա բանավեճում թեթևակի քննարկվեց որոշ ուժերի գրացումն ուժը կորցրած ճանաչելու հնարավոր սցենարը։

Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը և արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի` «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար հիմք են` դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։

Օրենքի սահմանումը հետևյալն է. «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա…»։

Հիմա հարց. արդյո՞ք համարում եք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, իրենց ամբողջականության մեջ, ստեղծում են այս հիմքը»։

Մեր տեղեկություններով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր պատրաստվում է դիմել, ավելին՝ հնարավոր է՝ արդեն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը կասեցնելու պահանջով։

Սարգսյանը դեռեւս ամիսներ առաջ էր իր հարցազրույցներում կոչ անում իշխանություններին՝ թույլ չտալ իր գնահատմամբ Ռուսաստանի շահերը ներկայացնող Սամվել Կարապետյանի հիմնադրած ու գլխավորած ուժի մասնակցությունը, սակայն երեկ Հանրայինի եթերում ընտրությունների մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ ամփոփիչ բանավեճի ընթացքում Փաշինյանի հորդորներին ի պատասխան նախ խոստացավ դիմել ԿԸՀ, ապա փոշմանեց՝ ասելով, որ դա ոչ այնքան իր խնդիր է, այլ ԱԱԾ-ի։ Բայց փաստորեն, Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդը անկարող է եղել չկատարել «շեֆի» հորդորը։ Մենք փորձեցինք նրա թիմակից Անի Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն զանգերը մնացին անպատասխան, ԿԸՀ-ից էլ մինչ այս պահը չեն պատասխանում մեր զանգերին։