20/06/2026

EU – Armenia

Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։

«Հրապարակ» թերթը գրել է․ Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն նա չի ինքնառաջադրվել, որեւէ մեկն էլ նրան չի առաջադրել:

ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունն ու նոր խորհրդարանի կազմը հաշվի առնելով, Մակունցի թեկնածությունը կորցրել է ակտուալությունը, քանի որ մեղմ, կոռեկտ, քաղաքականապես ոչ այնքան թրծված տիկինն ակնհայտորեն չի ձգի այդ պաշտոնում։

Վարչությունն ընտրություն կկատարի վերը նշված 3 թեկնածուի միջեւ:

Մեր աղբյուրները պնդում են՝ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Փաշինյանն իրեն է տեսնում այդ պոստում, եւ այդ մասին նաեւ ասում է իր շրջապատում։