ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս խոսել էր ԿԸՀ-ի կողմից ընտրությունները կեղծելու մասին՝ հրապարակելով 30 հազար քվեի անհամապատասխանությունն քվեարկության արդյունքներին:
Հրապարակ թերթը գրել է․ Դրանից մեկ-երկու օր անց ԿԸՀ-ն հայտարարեց, որ նման բան չկա: Ու հենց դա ստիպեց, որպեսզի զբաղվեմ քվեարկության կազմակերպման մաթեմատիկայով:
Եվ այսպես, 2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում գրանցված՝ ընտրական իրավունք ունեցող (18 տարին լրացած) քաղաքացիների թիվը կազմել է 2 միլիոն 485 հազար 851: Միևնույն ժամանակ, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների շեմին ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ընդհանուր թիվը սահմանվել էր 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացի:
Այնինչ, ըստ ԿԸՀ կայքում ներկայացված քվեարկության վերաբերյալ հաշվետվության, ընտրողների ցուցակում ներառված է եղել 2 միլիոն 503 հազար 990 անձ: ԿԸՀ-ի հրապարակած 2-րդ թիվն 1-ինին չհամընկնելը կարելի է համարել 1-ին տեխնիկական բնույթի սխալը: Եվ այդ երկուսի անհամապատասխանությունը ոստիկանության կազմած՝ ընտրողների ռեգիստրի տվյալի հետ, կլինի տեխնիկական բնույթի 2-րդ սխալը:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում կազմված՝ ընտրողների լրացուցիչ ցուցակում ներառվել է 1126 ընտրող. այդ թիվն ավելացնում ենք 2,503,990 թվին: Շրջիկ արկղով և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրողներին (1710) ձեռք չենք տալիս՝ դրանք պետք է որ ներառված լինեին ընդհանուր քանակի մեջ: Բայց պարզվում է, որ այդպես չէ՝ ԿԸՀ-ն դրանք ևս ավելացրել է ընդհանուր թվի մեջ և ստացել է 2,506,826: Եթե այդ պահանջն առկա է Ընտրական օրենսգրքում, ապա ոչ տրամաբանական պահանջ է: Ամեն դեպքում, ավելի քան 80 տոկոս կազմող ընտրական զանգվածը՝ ընդհանուր քաղաքացիների թվից, միշտ կասկածելի է եղել: Հատկապես որ այլ երկրներում այն կազմել է բնակչության 2/3-րդը:
Ինչևէ, տեսական մասից անցում կատարենք իրական թվերին: Առաջինը քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն է՝ 1,476,769 կամ 1 միլիոն 476 հազար 769: Դրան առնչվող թիվը (1,470,790) ընտրողներից ստացված՝ տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվն է՝ 1 միլիոն 470 հազար 790: Դրան գումարում ենք ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298, ստանում ենք ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1,473,088: Ինչպես երևում է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն ու կտրոնների ընդհանուր թիվն իրար չեն բռնում: Տարբերությունը կազմում է 3681, այն շատ մեծ թիվ չէ, բայց առկա է, չնայած չպետք է լիներ: Դա ևս նշենք որպես տեխնիկական (թե՞ ոչ այդպիսի) երրորդ սխալ: Սա ևս ԲՀԿ-ի առումով կատարվածի համատեքստում կարող էր լինել ընտրախախտման պահեստային հնարավորություն:
Բաց թողնելով չօգտագործված քվեաթերիկներն ու կտրոնները՝ անցնենք անվավեր քվեաթերթիկների քանակի մեծությանը՝ 16210 կամ քվեարկությանը մասնակցած անձանց (1,476,769) 1.10 տոկոսին: Նախորդ համապետական երկու ընտրություններում (2021-ի և 2018-ի) անվավեր քվեաթերթիկների քանակը կազմել է, համապատասխանաբար, 0.36% և 0.37%: Այսինքն, շուրջ 3 անգամ պակաս: 2026-ինը կարող է ընդունելի լինել՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի նկատմամբ ընտրողների բացասական վերաբերմունքը: Բայց, միաժամանակ, կարող է լինել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի քվեաթերթիկները գիտակցաբար փչացնելու հետևանք: Ինչը մի ժամանակ լայնորեն տարածված էր մեզանում, սակայն 10-ականներին համարյա վերացավ վստահված անձանց ու դիտորդների ջանքերի շնորհիվ:
Անճշտությունների գումարային չափը կազմել է 4,331: Քվեարկության հաջորդ օրն այն կազմում էր 1,279, սակայն թիվ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում այն վերածվեց 4,331-ի: Այսինքն, գրչի մեկ հարվածով, ընտրողի թեկուզ մեկ քվեի հմար դողացող Նիկոլի հրահանգով, ԿԸՀ-ն զրոյացրեց 3052 ընտրողների քվեները: Որպեսզի խոչընդոտի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքն Ազգային Ժողով: Ինչ մնում է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեների քանակին, ապա հիշեցնեմ՝ ՔՊ-ն ստացել է 726,819, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340,006, «Հայաստան» դաշինքը՝ 144,983, ԱԺ մուտք չգործած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58,287 (հարցականով) քվե:
Եվ վերջապես հաշվարկելով կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած ձայների հանրագումարը՝ ստանում ենք 1,460,891 թիվը, ինչը 15878-ով պակաս է քվեարկությանը մասնակցած անձանց՝ (1,476,769) թվաքանակից: Այն չի համընկնում անվավեր քվեաթերթիկների քանակին. Կազմում է 16210, տարբերությունը 332 է: Դա կարող է լինել ԲՀԿ-ից գողացված քվեների գումարը:
Չնայած կարող է լինել նաև չորրորդ տեխնիկական սխալը: Չորս տեխնիկական սխալով անցկացված քվեարկությունը յուրաքանչյուր փորձագետ կգնահատեր բավարարից ցածր: Ու դա բավարար կլիներ, որպեսզի իրական ժողովրդավարական երկրում պաշտոնանկ արվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ողջ կազմը: Էլ չասած ընտրախախտումների՝ քվեարկության բովանդակային խեղաթյուրումների մասին:

Բաց մի թողեք
Կամքի ուժ ունեցար՝ ամեն ինչ կեղնի, բայց միշտ բդի մարդ մնաս․ գյումրեցի պարածանրամարտի աշխարհի չեմպիոն Ռաֆայել․ Լուսանկարներ
«Ոչ մի առնչություն»․ նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից
Արձագանքի երկու տեսակ