22/06/2026

EU – Armenia

Սրբազանի դատին պիտի ավելի շատ մարդ գնա, քան համերգներին. վերջին դատական նիստը՝ հունիսի 25

Միքայել Սրբազանի գործով վերջին դատական նիստը նշանակված է հունիսի 25-ին։ Նիստից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատավճիռ կայացնելու նպատակով։

Այս առիթով իրավաբան, ակտիվիստ Աբրասիմ Աթոյանը կոչ է անում Սրբազանի աջակիցներին և բոլոր մտահոգ քաղաքացիներին այդ օրը հավաքվել դատարանի շենքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելու և, իր խոսքով, արդարության, ազգային ու պետական արժեքների պաշտպանության պահանջը բարձրաձայնելու համար։

«Միքայել Սրբազանն անմեղ է, և դրա վերաբերյալ առկա են բոլոր իրավական հիմքերը։ Դատարանը պարտավոր է կայացնել արդար և օրինական վերջնական դատավճիռ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց է Աբրասիմ Աթոյանը՝ ընդգծելով, որ գործով կայացվելիք վերջնական դատական ակտը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Սրբազանի, այլև հասարակության վստահության և արդարադատության համակարգի համար։

«Հրապարակի» հետ զրույցում Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագը, մտահոգություն և դժգոհություն հայտնեց դատավորների պահվածքի վերաբերյալ՝ ասելով, որ դատավորների պահվածքը ուղղակի շատ մտահոգիչ է։

«Նրանց արհամարհական պահվածքը տեսնելով ոչ մի լավ ակնկալիք չունենք։ Միայն այն, որ նրանք անարգում և արհամարհում են Սրբազանի անձը, արդեն շատ վատ է։ Նրանք արհամարհում են Սրբազանի եպիսկոպոսական վարկը։Դրանից հետո ինչ ակնկալիք կարող ենք ունենալ․ դա նշանակում է, որ արհամարհում են նաև ողջ քրիստոնեական համակարգը։ Նրանք Սրբազանին դիմում են ազգանունով։ Գոնե դիմելաձևը պահեն, դիմեն գոնե եպիսկոպոս Աջապահյան, եթե սրբազան չեն ուզում ասել, բայց ոչ` պարոն»,- ասաց նա` նշելով, որ թեև նախավերջին դատական նիստին որոշակի կոմպրոմիսի գնացին և սկսեցին դիմել եպիսկոպոս Աջապահյան, ապա ընտրություններից անմիջապես հետո` վեևջւն նիստին, կրկին վերադարձել են նախկին ձևին․ «Եթե այս փոքր հարցում փորձում են այդպես վարվել, հաճոյանալ իշպանությանը, ապա պատկերացրեք մնացած հարցերում ինչերի են ընդունակ»։

Արտաշես սարկավագը նաև կոչ արեց հասարակությանը անտարբեր չմնալ դատավարության նկատմամբ՝ ընդգծելով, որ պետք է արթնանալ և գիտակցել, որ միայն համերգների գնալով չէ․ « Սրբազանի դատին պետք է ավելի մեծ ներկայություն լինի, քան ցանկացած միջոցառման, սովորական համերգ, որ լինում է, հազարավոր մարդ է հավաքվում, իսկ սա այն դեպքն է, երբ սրբազան են դատում, պետք է ավելի մեծ հանրային մասնակցություն լինի, քանի որ խոսքը վերաբերում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող դատական գործընթացի»,- ասաց նա։

«Հրապարակի» հետ զրույցում արվեստագետ, քանդակագործ Արթուր Գևորգյանը, անդրադառնալով Սրբազանի գործով դատավարությանը, նշեց, որ հասարակությունը դեռևս, իր գնահատմամբ, չի գիտակցում գործընթացի իրական նշանակությունը։ «Մեր հասարակությունը չգիտի՝ ուր է գնում, չկա հոգևորականության խղճի ու արդարության նկատմամբ իրական մոտեցում, Աստծուց հեռացել ենք, կոտրել ենք մեր կապը հավատքի հետ, և մեծ հաշվով այսօր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ դրա վառ արտահայտությունն է։Սրբազանի գործը աբսուրդային է, քանի որ նախկինում նույն հիմքերով գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության պատճառով, իսկ որոշ ժամանակ անց, արդեն շուրջ մեկ տարի է`սրբազանը գտնվում է կալանքի տակ` զրկվելով անել այն, ինչ ի վերուստ է նրան շնորհված ։ Ես բազմիցս ասել եմ`եթե արդարադատություն չկա, ապա հասարակությունն ինքն է դառնում արդարադատության գործիք։ Ինչքան երկար սրբազանները մնան կալանքի տակ և ենթարկվեն հալածանքների, այնքան հայությունը կլինի խոցելի և աղքատ, այնքան կարկուտը, հորդառատ անձրևը, բնության աղետը չի պակասի։

Կարծում եմ`կգա պահ, երբ հասարակությունը կարձագանքի և կդիմի իշխանություններին՝ հարց բարձրացնի` թե ինչ եք ուզում մեր սրբազաններից։ Կանեն, թե չեն անի, չգիտեմ, բայց եթե մեր հասարակության մեջ որևէ մեկը մանկամտորեն չի տեսնում բնության աղետների և այս իրավիճակի միջև նախանշան, ապա դա նշանակում է, որ մեր հասարակությունը լուրջ հիվանդ է և բուժման կարիք ունի»,֊ ասաց Գևորգյանը։