23/06/2026

EU – Armenia

Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը

«Երևանի ավագանին հունիսի 23-ին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գումարելու է 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 46 հարց, սակայն դրանցից միայն մեկն է նախատեսված որպես զեկուցվող։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խոսքը օրակարգի վերջին՝ 46-րդ հարցի մասին է՝ «Գույքի նվիրատվության մասին», որը ներկայացվելու է զեկուցմամբ։ Մնացած 45 հարցերը ներառված են որպես «չզեկուցվող», ասել է թե՝ գաղտնի։

Սա նշանակում է, որ ավագանու անդամներն առանց հրապարակային զեկույցների և ծավալուն քննարկումների քվեարկելու են մի շարք կարևոր որոշումների օգտին կամ դեմ։ Ընդ որում, խոսքը միայն հուշատախտակների կամ փողոցների անվանակոչման մասին չէ։ Օրակարգում կան նաև շինարարական նախագծերի նախնական համաձայնություններ, բազմահարկ շենքերի կառուցման հարցեր, համայնքային գույքի օտարման և փոխանակման որոշումներ, ավտոկայանատեղիների շահագործման իրավունքների տրամադրում, համայնքային ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացում, շահույթի բաշխում և այլ կարևոր թեմաներ։ Այսինքն՝ Երևանը մասնատելու, աղճատելու, մեջ-մեջ անելու ենթադրյալ նախագծերը գաղտնի կանցկացվեն։

Փաստորեն, Երևանի ավագանու նիստը կրկին անցկացվելու է այնպիսի ձևաչափով, երբ ուղիղ հեռարձակումը պահպանվում է, սակայն քննարկումների զգալի մասը բացակայում է։ Իսկ եթե տասնյակ որոշումներ ընդունվում են առանց զեկույցների ու հիմնավորումների հրապարակային ներկայացման, ապա բնականաբար հարց է առաջանում՝ որքանո՞վ է ապահովվում հանրության տեղեկացված լինելու իրավունքը։

Թափանցիկ կառավարման մասին հայտարարությունները, անշուշտ, կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է, որ հանրությունը հնարավորություն ունենա լսելու, թե ինչու են ընդունվում քաղաքի համար նշանակություն ունեցող որոշումները, հատկապես, երբ դրանք վերաբերում են շինարարությանը, համայնքային գույքին և բյուջետային միջոցների կառավարմանը։

Այսօրվա նիստի օրակարգը ցույց է տալիս, որ Երևանի ավագանու աշխատանքում «չզեկուցվող» հարցերի պրակտիկան շարունակում է մնալ գերակշռող, իսկ հրապարակային քննարկումները՝ բացառություն»։