«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն է:
– Պարոն Միլիտոնյան, օրեր առաջ Հայաստանի գրողների միությունն անդամատոմսեր տրամադրեց իր նոր անդամներին, որոնց շարքերում նկատեցինք նաեւ սկսնակ ստեղծագործողների, որոնց գրող անվանելը փոքր ինչ դժվար է: Ի՞նչ սկզբունքով եք կատարում ընդունելություն, ինչպե՞ս եք ընտրում ՀԳՄ նոր անդամներին եւ կողմնորոշվում, թե նրանցից ովքեր են արժանի:
– Առաջին հերթին նրանք գրքեր են ներկայացնում: Դրական կլինի, որ թեկնածուն առնվազն երկու գիրք հրատարակած ունենա եւ ներկայացնի մեզ, ինչպես նաեւ՝ հայտնի լինի գրական մամուլում: Սկզբունքը դա է: Կարդում է հանձնաժողովը, այս անգամ մենք ընդունեցինք մեր մարզերի երիտասարդ գրողներին: Նրանց շարքերում կան նաեւ մրցանակակիրներ:
– Իսկ ովքե՞ր են հանձնաժողովի կազմում:
– Հանձնաժողովում մեր նախագահության անդամներն են, ինչպես նաեւ՝ բաժանմունքների ղեկավարները:
– Միությունն այս պահին քանի՞ անդամ ունի:
– Այս պահի դրությամբ ունենք 500 եւ ավելի անդամ եւ 60 պատվավոր անդամ:
– Ի՞նչ սկզբունքով եք շնորհում «պատվավորի» կոչումը, ի դեպ` որքա՞ն է անդամավճարը:
– Տարեկան չորս հազար դրամ: Սրանից մի քանի տարի առաջ հազար դրամ էր:
– Իշխանությունները ցանկանում էին ստեղծագործական միությունների շենքերը, այդ թվում` ՀԳՄ շենքը, վերցնել ձեզնից: Դատական հայց էիք ներկայացրել, այժմ ի՞նչ ընթացքի մեջ է այդ պրոցեսը:
– Դատական նիստը հետաձգվել է, պիտի սեպտեմբերին լինի` երեք դատական նիստ: Չգիտեմ, թե ինչու է դատարանը հետաձգում նիստերը:
– Երբ Գրողների միության անդամ դառնալու համար դիմում են, լինո՞ւմ է այնպես, որ ստեղծագործողը թույլ գրիչ ունենա, չկարողանա իր խոսքն ընթերցողին տեղ հասցնել: Երբեմն Գրողների միության անդամ են դառնում մարդիկ, որոնք չեն փայլում իրենց ստեղծած գրականությամբ:
– «Թույլ» կամ «ուժեղ» ասվածը հարաբերական է: Մեկին կարող է դուր գալ, մյուսին` դուր չգալ: Մեկը կարող է ուժեղ համարել, մյուսը` թույլ: Հանձնաժողովն ընթերցում է, ասում է իր կարծիքը, քննարկում է ծավալվում: Մենք մարզերի հետ էլ ենք շատ աշխատում: Գաղտնիք չէ, որ մարզերում հատկապես` տղերքը շատ քիչ են գրում:
– Միությունն ունի 600-ից ավելի անդամ, բայց հասարակությունը նրանցից անգամ 60-ին չի ճանաչում, ընդամենը մի քանիսին են ճանաչում մարդիկ, այն էլ` ընթերցասեր խավը միայն: Ինչո՞վ է պայմանավորված, որ գրողն իր դերը, ազդեցությունն այս աստիճան կորցրել է:
– Ձեր նշած թվի մեջ 120-ը սփյուռքի մեր գրողներն են, հետո կան գրականագետներ, արվեստաբաններ, այնպես չէ, որ նրանք՝ բոլորը, գրողներ են: Ինչ վերաբերում է գրողներին ճանաչելուն, ապա ճանաչելու համար պետք է կարդալ, եթե չեն կարդում, բնական է, որ չեն ճանաչում: Ի՞նչ անենք մենք, ինչ հնարավոր է` անում ենք:
– Գուցե լավ չեն գրում շատերը, գուցե, մեծ հաշվով, ասելիք չունեն կամ գուցե շատ պասիվ են:
– Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ կան կարդացող եւ չկարդացող մարդիկ: Նրանք, ովքեր գիրք չեն կարդում, լավ կանեն, որ կարդան, Աստված իրենց հետ: Գրողների միությունում այնպես չէ, որ բոլոր անդամները գրողներ են կամ Նկարիչների միությունում բոլորը նկարիչներ են…. օրինակ՝ մենք ունենք թարգմանիչներ, հրապարակախոսներ, գրականագետներ, հո բոլորը գրողներ չե՞ն:
– Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ քիչ թե շատ ակտիվ, ճանաչված գրողները, որոնք, ի դեպ, ՀԳՄ անդամ են, իրենց գործունեությունը ծավալում են միության շենքից դուրս: Օրինակ` բանաստեղծ Մարինե Պետրոսյանը «Մենք» անունով ակումբ է հիմնադրել, ակումբը հավաքներն անցկացնում է տարբեր սրճարաններում։ Ի՞նչն է խնդիրը, որ նրանց հարթակ չեք տրամադրում, թե՞ նրանք չեն ցանկանում:
– Մարինեն միություն գալիս էլ է, գնում էլ է, ազատ մարդիկ են, գուցե սրճարանում են ուզում հավաքվել, գուցե` մեկ այլ վայրում: Գրողների միությունը երբեք չի կաշկանդում որեւէ գրողի եւ չի պարտադրում ոչինչ: Ազատ մարդիկ են՝ իրենց կարծիքներով, իրենց գրական ուղղվածություններով: Մարինեն էլ մեր միության անդամն է, եթե ցանկանա մեզ մոտ անցկացնել հավաքները, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Երիտասարդների համար էլ կլոր սրահը միշտ բաց է, կարող են գալ, կարդալ իրենց գործերը, քննարկել դրանք: Ես ոչ մեկի առաջ դռներ չեմ փակում: Ասեմ ավելին` հիմա շատ են հնարավորությունները երիտասարդների համար: Օրինակ` «Գրեթերթը» հենց երիտասարդների համար էր նախատեսված:
– Բայց «Գրեթերթ»-ը վաղուց այլեւս չի տպագրվում, պետությունը դադարեցրեց ֆինանսավորումը: Ի դեպ, ՀԳՄ հրատարակչությունը չի՞ ֆինանսավորվում պետության կողմից:
– Ոչ, ՀԳՄ հրատարակչությունը մնացյալ հրատարակչությունների նման է աշխատում, վճարում են հեղինակները, գրքերը տպվում են: Միշտ էլ էդպես է եղել: Պետությունն առանձին իր կողմից դրամաշնորհային մրցույթ է անցկացնում` ԿԳՄՍ նախարարությունը: Մոտավորապես 17 տարի կար «Աջակցություն ժամանակակից գրականությանը» ծրագիր, հիմա պարզապես դրամաշնորհային ծրագիր է գործում:
– Հաճախ գրողներին քննադատում են կարծիք չհայտնելու, չըմբոստանալու, կրավորական կեցվածք ունենալու համար: Չե՞ք կարծում, որ գրողները պետք է խոսեն պետության առջեւ ծառացած խնդիրների մասին, ինչպես, օրինակ, անում էին Հրանտ Մաթեւոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Սիլվա Կապուտիկյանը….
– Գրողին չեն ասում` խոսիր կամ մի խոսիր, գրողն ինքն է որոշում: Ցանկացած գրող ունի իր ազատությունն ու մտածողությունը: Գրողների միությունը չի կարող գրողին ուղղորդել` ինչպես մտածել: Գրողների միությունն ունի տարբեր կուսակցությունների անդամներ եւ նման հարցերում ազատ է:

Բաց մի թողեք
Չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում. Գեւորգ Դանիելյան
Շատ ցավալի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին 8 տարվա ընթացքում
ԴՕԿ-ը դիմելու է ՍԴ, որ իրենց դիմումն անջատ քննվի