23/06/2026

EU – Armenia

Աննախադեպ ցինիկ

Հունիսի 7-ի ընտրությունները դեռ շատ կքննարկեն ու կվերլուծեն: Ոմանք կփորձեն հասկանալ, թե ինչու սխալվեցին, ոմանք կհայտարարեն, որ ի սկզբանե գիտեին ելքը: Իհարկե, շատ քիչ մարդիկ կային Հայաստանում, որոնք հավատում էին, թե ընտրություններով հնարավոր կլինի իշխանություն փոխել:

Հրապարակ թերթը գրել է․ Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում երբեւէ ընտրությամբ իշխանություն չի փոխվել, այլեւ հատկապես այն, որ մարդիկ գիտեն, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այդքան կառչած իշխանությունից: Գիտեն այն վախերը, որոնք նրանք ունեն իշխանափոխությունից եւ իրենց ապագայի անորոշությունից:

Ո՞վ այսքան ավերածություն ու ապօրինություն գործեր, այսքան մարդու կյանքը, ունեցվածքը, բարեկեցությունը վտանգեր, մեր ժողովրդին այսքան վնաս պատճառեր ու նման անհանգստություններ չունենար: Բայց վերադառնալով ընտրությունների թեմային․ դրանք, այնուամենայնիվ, «աննախադեպ» էին, քանի որ, չնայած Հայաստանում արդար ընտրությունների ավանդույթներ չեն ձեւավորվել, բայց նաեւ այսքան ցինիկ ու բացահայտ ընտրախախտումներ ու ընտրաճնշումներ էլ չեն իրականացվել:

Նախընտրական մի քանի ամսվա ընթացքում այս իշխանությունը պետական ընտրակաշառքի, հալածանքների ու ճնշումների աննախադեպ ռեսուրս կիրառեց: Այսքան կալանավորվածներ ու տեղաշարժից զրկվածներ, այսքան սպառնալիքներ, բռնություն, արտաքին աշխարհից ճնշումներ, հոգեբանական գրոհ ընտրողների վրա մենք վերջին 30 տարում չէինք տեսել: Եվ, այս ամենով հանդերձ, իշխանությունը չկարողացավ 50 պլյուս 1 ձայն տանել եւ վերջում էլ բացահայտ ապօրինությամբ գողացավ մի ողջ կուսակցության մանդատներ` 3 հազար մարդու ապօրինաբար զրկելով ընտրական իրավունքից: Հիմա էլ քրեական եւ այլ մեթոդներով փորձում են այդ կուսակցության առաջնորդին սնանկացնել: