24/06/2026

EU – Armenia

Պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանն, ըստ 50 մտավորականների, «շինծու գործով» է

«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» … վստահաբար այս կոչը պարունակող հայտարարություններ ընթերցողը նախկինում քանիցս լսած-կարդացած կլինի։

Կոչի հեղինակներն էլ, ենթադրաբար, եղած կլինեն արվեստի, մշակույթի, ինչպես նաև հասարակական, քաղաքական տարբեր գորիծիչներ, իսկ կոչի «շահառուները»՝ ՔՕ տարբեր հոդվածներով հետապնդման ենթարկվողներ։

Քաղբանտարկյալ ունենալն, անխոս, ոչ մի երկրի պատիվ չի բերում, այն էլ՝ ժողովրդավարական, որտեղ սահմանադրորեն, օրենքով երաշխավորված ու նաև սահմանափակված են բոլորի իրավունքներն ու ազատությունները։ Հատկապես մեր երկրում, մասնավորապես 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, կհամաձայնեք, տենդենց է՝ տարբեր քրեական գործերով հետապնդման ենթարկվողներից քաղբանտարկյալ «ստանալը»՝ վերջիններիս շնորհելով մի կարգավիճակ, որը մի շարք հանգամանքների, իրողությունների համակցություն է ենթադրում։

Ժամանակ առաջ, օրինակ, քաղբանտարկյալ էր սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, փողերի լվացման մեջ մեղադրվող Արմեն Աշոտյանը, ահաբեկչության, իշխանության յուրացման և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը։ Քաղբանտարկյալի «լուսապսակը» կրում էր նաև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ինչն է ուշագրավ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը հետամուտ՝ միջազգային հեղինակավոր և որևէ կառույց այս ընթացքում որևէ հայտարարությամբ չի ֆիքսել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան՝ կիրառելով հենց այդ՝ հատուկ տերմինը։ Քրեական հետապնդման ենթարկվողների «քաղբանտարկյալ» լինելը մանիակալ հետևողականությամբ փորձում են ապացուցել տեղական որոշ իրավապաշտպաններ, սակայն՝ ապարդյուն՝ իրենք էլ չեն հավատում իրենց «ապացուցածին»։

Պարզվում է՝ քաղբանտարկյալների ցուցակը համալրվել է ևս մեկով՝ նորաթուխ քաղբանտարկյալ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանով, որը, հիշեցնենք, քրեական հետապնդման է ենթարկվում Քննչական կոմիտեում պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթով: Նա, ըստ այդմ, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն՝ հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

«Դոնբասի Անդո» մականունը վաստակած, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար, այժմ կալանքի տակ գտնվող Անդրանիկ Թևանյանը, փաստորեն, քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակել նրան։ Այս կոչ-պահանջն է ներկայացրել մտավորականների հերթական խումբը, որոնց ցուցակում, նկատենք, կան այսպես ասած ունիվերսալ «քաղբանտարկյալապաշտպաններ»։ Նրանց անունները, որպես կանոն, հայտնվում են այս կամ այն՝ քրեական հետապնդման ենթարկվող գործչին վերաբերող հայտարարության տակ, հետո, սակայն, պարզվում է, որ նրանց որոշ մասի «միանալը» հայտարարությանը․․․․սխալմունք է, վրիպակ, միացողները տեղյակ չեն եղել, թե ինչ հայտարարության են միացել։ Դասականը կասեր՝ «Մանուշակ մանկապարտեզ»։

Պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող Թևանյանը, ըստ հայտարարությանը միացած 50 մտավորականների, «շինծու գործով» է ազատազրկվել, հետևապես, պետք է անհապաղ ազատ արձակվի։ Եվ որպեսզի չստացվի այնպես, որ 50 մտավորական ՀՀ-ում եղած «բազում քաղբանտարկյալներից» միայն մեկի համար է ձայն բարձրացրել, հայտարարության հեղինակները (ակնհայտորեն այն գրվել է ԲՀԿ-ի շտաբում) այսպես ասած «պարիտետը» պահելու համար հերթապահ մի նախադասություն են կցել՝ «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին»:

Այն, որ սույն հայտարարությունը գրվել է ԲՀԿ-ի շտաբում (նույնիսկ կռահում ենք, թե ում կողմից ), մատնում է դրանում գործածված բառապաշարը, քաղաքական կանխակալ գնահատականները։ Ահա մի հատված․ «2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո: Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ:․․․Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր: Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին: Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937 թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով»:

Ասվածը, կհամաձայնեք, «օբյեկտիվության կանխավարկածի» կոպիտ ոտնահարում է, օբյեկտիվ իրականության խեղաթյուրում։ Մտավորականները, թերևս, պետք է զերծ մնային ընտրություններին գնահատականներ, որակումներ տալուց, և առհասարակ՝ «քաղբանտարկյալների» թեման ընտրություններին «խառնելուց», հատկապես նկատի ունենալով, որ ՍԴ-ն չի հրապարակել իր վճիռը՝ տալով գնահատականներ ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչն է զավեշտականը՝ իշխանության գործողությունների վերաբերյալ նման կոշտ բառամթերք գործածած մտավորականների 50-յակը «քաղբանտարկյալների» իրավունքների պաշտպանության համատեքստում արծարծել է այնպիսի կապակցություններ, ինչպիսիք են «1937 թիվ»-ը, «ստալինյան ռեպրեսիա»-ն, «նոր բռնապետություն»-ը, «վախի մթնոլորտ»-ը։ Արդ, եթե ապրեինք 1937 թվի ստալինյան ռեպրեսիայի ժամանակաշրջանում, ապա մտավորականությունը նման հայտարարություն չէր տարածի, ռիսկ չէր անի պարզապես, քանի որ նման բովանդակությունը կկանխվեր՝ նախքան թղթին հանձնելը, էլ չասած, որ բովանդակության հեղինակները կտտանքների կենթարկվեին, լավագույն դեպքում՝ աքսորի՝ ունեցվածքի բռնագրավմամբ։ Իսկ թե ինչ տեղի կունենար պետական դավաճանության, լրտեսության մեջ մեղադրվողների հետ, ինչ ճակատագիր կունենային նրանց ընտանիքի անդամները, ցեղն ու գերդաստանը․․․կարծում ենք, մանրամասնելու կարիք չկա։ Գնդակահարության պատի տակ հայտնվելը նրանց «փրկությունը» կլիներ։

Հ․Գ․ Ի դեպ, քրեական հանցանքի համար մեղադրվողներից քաղբանտարկյալներ կերտելու տենդենցը զարգացնելու դեպքում չի բացառվում, որ շահագրգիռ խմբակների կողմից մոտ շուտով քաղբանտարկյալ հռչակվեն նաև ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվողները՝ չէ՞ որ նրանք էլ քաղաքական իրենց համոզմունքներից ելնելով են կատարել իրենց վերագրվող արարքը, ու, փաստորեն, հայտնվել են կալանավայրում։ Փույթ չէ՝ որ ընտրակաշառք տալը, ստանալը, միջնորդելը մեր երկրում վաղուց քրեականացվել են, ավելին՝ առաջիկայում դրանց համար նախատեսված պատիժը է՛լ ավելի է խստացվելու։

Հայտարարության տակ ստորագրել են, ի թիվս այլոց՝ ռեժիսոր Արթուր Սահակյանը, դերասան Լևոն Հարությունյանը, մշակույթի գործիչ Սամվել Արոյանը, ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Սամվել Թադևոսյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Ավագյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, սցենարիստ Լևոն Գալստյանը, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ժիրայր Դադասյանը, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Նարա Սարգսյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արտաշես Բախշյանը և այլք։

Հ․ Մանուկյան