24/06/2026

EU – Armenia

Անպայման պետք է ասեն անցանկալի անձ ճանաչելու պատճառը․ Լուսանկար

Հրապարակ թերթի զրուցակիցը նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն է:

– Սփյուռքում ապրող այն հայերը, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, Հայաստան չեն կարողանում այցելել․ նրանք պերսոնա նոն գրատա են հայտարարված, նրանց անգամ չեն բարեհաճում բացատրել, թե ինչու: Գալիս հասնում են «Զվարթնոց» եւ իմանում, որ իրենց մուտքը փակ է: Օրինակ, Մուրադ Փափազյանը, Անդրանիկ Միհրանյանը եւ այլք։ Արգելված է բացառապես Փաշինյանին քննադատողների մուտքը: Օրենքի տեսանկյունից ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

– Այս հարցը, որի մասին խոսում ենք, ունի հստակ օրենսդրական կարգավորում, օտարերկրացիների մասին ՀՀ օրենքով սահմանված հոդված էլ կա: Օրենքը հստակ ասում է, թե որ դեպքերում կարող են այլ պետության քաղաքացիներին Հայաստանում արգելված անձ համարել: Նման նախադեպ կարող է լինել, եթե, օրինակ, անձը Հայաստանի համար սպառնալիք է ներկայացնում իրենից, ինչի վերաբերյալ նախապես ծանուցելու պարտականություն Միգրացիոն ծառայության վրա դրված չէ:

«Հրապարակ»․ Անպայման պետք է ասեն անցանկալի անձ ճանաչելու պատճառը

– Խոսքն ի՞նչ տեսակ սպառնալիքի մասին է:

– Օրինակ, Հայաստանի Հանրապետությանն ուղղված սպառնալիք, իբրեւ մարդը կարող է գալ Հայաստան եւ այնպիսի գործունեություն իրականացնել այստեղ, որը պետության շահերին կվնասի: Այդ կարգի ձեւակերպումներ կան օրենքում, սակայն օրենքի այդ կետերը կան մի շարք այլ երկրների օրենքում: Եվ հենց օրենսդրական այդ կարգավորումներն են ԱԱԾ-ին թույլ տալիս, որ նման եզրակացություններ կազմվեն, եւ մարդուն համարեն անցանկալի անձ: Պրակտիկայում չկա նման նախադեպ, որ անձը կարողանա բողոքարկել այդ որոշումը: Կարող է, իհարկե, փորձել, բայց պատկերացրեք` մարդը եկել է Հայաստան եւ տեսել, որ իր մուտքը փակ է, ի՞նչ պետք է անի այդ պահին, շոկի մեջ ընկնելուց բացի….

– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունն ԱԱԾ-ն համարում է պետությանն ուղղված սպառնալիք:

– Ես ներկայացնում եմ օրենսդրական հիմքերը, իսկ թե որ հիմքի տակ ինչ են տեսնում, ես չեմ կարող ասել:

– Իսկ ինչո՞ւ են հենց Փաշինյանին քննադատողները հայտնվում թիրախում:

– Ամեն դեպքում, օտար պետության քաղաքացուն սխալ է ընդդիմադիր համարելը, անկախ բոլոր քննադատություններից: Օտարերկրացին չի կարող Հայաստանում լինել ընդդիմադիր, կարող է քննադատել Հայաստանի իշխանություններին:

– Տարբերությունը ո՞րն է:

– Ընդդիմադիր գործիչը նա է, ով իշխանությունների նկատմամբ ունի կոնկրետ դիրքորոշում:

– Օրինակ՝ Ֆրանսիայում կան շատ դաշնակցական հայեր, եւ նրանք ընդդիմադիր գործիչներ են:

– Եթե մարդիկ գտնում են, որ արգելված անձ են համարվում ոչ թե արարքների համար, այլ այն բանի համար, որ ուղղակի քննադատել են իշխանությանը, կարող են դիվանագիտական ուղիներով պարզաբանումներ պահանջել, ինչու չէ՝ նաեւ վիճարկել այդ որոշումները:

– Օրենքի սահմանո՞ւմ է, երբ մարդկանց անգամ չեն ասում պատճառը, թե ինչու են անցանկալի անձ համարում:

– Նախապես ասել չեն կարող, բայց եթե հայտարարում են, որ տվյալ անձի մուտքն արգելված է, ապա նաեւ պետք է ասեն` երբ եւ ինչու: Եթե դա չեն անում, ուրեմն սխալ է, անպայման պատճառը պետք է ասեն: