Նախկինում էլ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղեկատվություններ են հրապարակվել՝ Դիլիջան համայնքին որոշ քաղաքացիների նվիրաբերած հողամասերի մասին։ Սակայն հողամասի նվիրատվության այս դեպքն առավել հետաքրքիր է։
Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել Նարինե Մելիքսեթի Կարապետյանը` իր սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 16 հասցեի 0.2889 հա հողամասը, որպես սեփականություն, անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Դիլիջանի ավագանին 2026 թ․ հունիսի 23-ի թիվ 1196-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված հողամասը որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հունիսի 30-ին Դիլիջանի համայնքապետ Դ․ Սարգսյանը, ելնելով վերոգրյալից, որոշել է.
1. Նարինե Մելիքսեթի Կարապետյանի կողմից որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին, ընդունել Դիլիջան համայնքի ք. Դիլիջան, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 16 հասցեի 0.2889 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 11-003-0711-0027)։
2․ Կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Վերոհիշյալ 0.2889 հա հողամասն օրենքով սահմանված կարգով ընդգրկել Դիլիջան համայնքի հողային ֆոնդի հաշվեկշռում՝ որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող:
Սա շատ կասկածելի գործարք է, կասկածահարույց նվիրատվություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրի բաժնում որոնում տալով պարզեցի, որ 1977թ․ ծնված Նարինե Մելիքսեթի Կարապետյանը Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ է։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացել եմ, որ Աղբյուր Սերոբի փողոցը տուրիստական քաղաքի հրաշագեղ վայրերից է, այն ԱՍԱԼԱ-ի մարտիկ, 2019 թվականին մահացած Վարուժան Կարապետյանի շքեղ առանձնատուն տանող փողոցն է։ Այդտեղ է գտնվում Վ․ Կարապետյանի հուշաքարով աղբյուրը, նրա հիմնած ձիարշավարանը, վերջին տարիներին կառուցված ալպյան ինչ-որ ամրոց, ռեստորան, հյուրանոց, մեծահարուստ անձանց մի քանի առանձնատուն։ Դիլիջանցիների վկայությամբ՝ սա մի հրաշք վայր է, բիզնեսի մեծ հնարավորություններով։
Տուրիստական Դիլիջանում բնակելի եւ հասարակական կառուցապատման հողերի շուկայական գինը շատ բարձր է, լավ տեղանքում 2889 քառակուսի մետր մակերեսով հողամասի գինը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դրամների։ Երեւանի բնակչուհին ինչո՞ւ պետք է իրեն պատկանող եկամտաբեր, բնակելի կառուցապատման ենթակա հողը նվիրաբերի Դիլիջան համայնքին։ Այս հանելուկը պարզելու համար հարկավոր է կա՛մ խոսել նվիրատվություն արած քաղաքացու, կա՛մ Դիլիջան համայնքը 2021-ից ղեկավարող Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն առաջինի կոնտակտները չգտանք, իսկ ՔՊ-ական համայնքապետը, խախտելով օրենքը, չի պատասխանում մեր ուղարկած տեղեկատվական հարցումներին։

Բաց մի թողեք
ՍԴ դատավորների մեջ անհամաձայնությո՞ւն կա
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել. Լուսանկարներ
Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով