04/07/2026

EU – Armenia

Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞․ Լուսանկար

Վարդենիս խոշորացված համայնքի Տրետուկ գյուղի բնակիչ Նինա Հարությունյանի ջուրը հայոց հարց է դարձել: Տեղի իշխանավորները, քաղաքապետը ԱԺ ընտրություններից առաջ եկել են Տրետուկ, լսել են Նինային, ասել են՝ կլուծենք:

Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմադիրներին էլ է ասել, որ ջուր չունի: Նրանք էլ խոստացել են ուսումնասիրել ու թողել գնացել են: Ընտրությունն անցել է, թոշակառու կինը էլի ջուր չունի: Եւ սա այն դեպքում, երբ գյուղում ջրագիծ է փոխվել:

Ճարը կտրած մեր թերթին էր դիմել Նինան, ինչով զայրացրել էր քաղաքապետարանի աշխատողներին: Նրանք դժգոհել են, թե` ինչո՞ւ ես բողոքել: Բայց հարցը կրկին չեն լուծել: «Լավ եմ արել, բողոքել եմ: Էլի եմ բողոքելու: ես կորցնելու բան չունեմ», – ասել է Նինա Հարությունյանը:

«Ջրագիծը փոխել են, բայց ճնշումը թույլ է: Երբ բարձր ճնշում է լինում, բոլորին էլ ջուր է հասնում, հետո սարերում ջուրը քչացել է: Սարերից է ջուրը գալիս: Գյուղացիներն էլ անխնա օգտագործում են, խմելու ջրով հողամաս են ջրում: Ասում ենք՝ մի ջրեք, ասում են՝ բա կարտոշկաս վառվի՞», – գանգատվում է Վարդենիսի քաղաքապետարանի աշխատողներից մեկը: Նրա խորհրդով դիմեցինք Տրետուկի վարչական ղեկավար Մաքսիմ Գալստյանին: Գալստյանը հանճարեղ պատասխան տվեց. «Ջուրը քիչ է, իրա տուն չի հասնում, մենք բնության դեմ ի՞նչ կարող ենք անել: Մի քանի մետր ներքեւից թող գնա, ջուր բերի»:

Այսինքն՝ Նինայի ջրի հարցը երբեք չի՞ լուծվելու: «Ամառը ջուրը պակասում է, իր տունն էլ ջրագծից բարձր է: Հիմա էդ մարդու բակ ջուրը չի բարձրանում: Բնությանը ես ասեմ՝ ջուրը ավել տու՞ր: Էսօրվա վիճակը դա ա, ի՞նչ ասեմ ես: Ինքը սիրում ա ամեն ինչ գունավոր` թերթերով ներկայացնել, քաղաքապետարանը ի՞նչ անի, որ ջուրը պակաս ա, չի բավարարում: Նենց չի, որ միշտ էդ մարդու տունը ջուր չի գնում: Մի քանի օր առաջ էլ նա խանութ էր ուզում, ասում էր՝ խանութ բացեք ստեղ, բայց որտեղի՞ց բացենք: Դուք պետական խանութ որտե՞ղ եք տեսել: Ես էլ իրան եմ ասում՝ եթե խանութ ես ուզում, դու բացի, ես քեզանից գնում կանեմ: Հաճախակի տենց բաներ ա ասում, մարդ մնում ա զարմացած: Ամբողջ ժողովուրդը հավաքված սուբվենցիոն ծրագիր ենք քննարկում, հիմնախնդիրները, նա էլ կանգնած խանութ ա պահանջում: Խանութը բա հիմնախնդի՞ր ա»:

– Բա ո՞րն ա հիմնախնդիր, վերջը ի՞նչ որոշվեց Տրետուկի ժողովում:

– Ժողովուրդը որոշել են երեք հիմնախնդիր առաջ քաշել, որոնց մեջ խմելու ու ոռոգման ջուրն է, ու նոր սուբվենցիոն ծրագիր ենք ուզելու:

– Այսինքն՝ մի ջրագիծ կառուցել եք, հիմա էլ մի ուրի՞շ ջրագիծ եք կառուցելու:

– Չէ, ներքին ցանցում պետք է փոփոխություններ արվեն, որ պատնեշ, մի բան սարքվի, որ բոլոր տեղերը գնա:

ՀԳ Փաստորեն, ջրագիծը արել են, հետո հասկացել են, որ մի ծրագիր էլ պատնեշի համար է պետք անել, որ Նինան ու մյուսները, ովքեր էդ խողովակաշարից բարձր են ապրում, ջուր ունենան: Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞:

Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞