«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը վստահեցնում է, որ դաշինքում չեն քննարկել՝ զբաղեցնելո՞ւ են ԱԺ ղեկավար պաշտոնները, թե՝ ոչ:
Հրապարակ թերթը գրել է․ Խոսքն ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների մասին է։ Դոնթի բանաձեւով՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը հանձնաժողովի 3 նախագահի, 1՝ փոխնախագահի պաշտոն է հասնում։ Իր անձնական կարծիքը հայտնելու հարցում Ղազարյանը կաշկանդված է, ինքն այժմ անհատ չէ, դաշինք է ներկայացնում, անձնական կարծիք հայտնում է միայն ներքին քննարկումների ժամանակ, երբ որոշում կայացվի` իր կարծիքը կլինի դրան համապատասխան։
– Պատգամավորական մանդատները վերցնելու որոշումից չի՞ բխում, որ պետք է նաեւ ղեկավար պաշտոնները ստանձնեք, որովհետեւ եթե գնում եք խորհրդարան, ապա պետք է բոլոր գործիքներն օգտագործեք։
– Ինչո՞վ է դա աշխատանքային գործիք։ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների եւ անդամների լիազորությունները գրեթե նույնն են, հանձնաժողովներն ընդամենը նիստերը հրավիրում եւ նախագահում են, ո՛չ քննարկումների ժամանակ, ո՛չ ձայնի իրավունքի ժամանակ… Մեզ մոտ մի տեսակ ընկալումներ կան ԱԺ ղեկավար պաշտոնների նկատմամբ` ԱԺ նախագահը շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, ինքը մյուսներից տարբերվում է նրանով, որ նիստերի ժամանակ ծառայություններ է մատուցում պատգամավորներին։ Այսինքն՝ ինքը ոչ մի արտոնություն չունեցող պաշտոնյա է, ԱԺ նախագահը կամ տեղակալը ֆունկցիոնալ իմաստով ԱԺ պատգամավորներից չեն տարբերվում, հետեւաբար, այդ պաշտոններին այդքան կարեւորություն տալը, կարծում եմ․․․ պիտի նայել՝ քաղաքականապես ինչքանով է նպատակահարմար գլխավոր խնդիրների համատեքստում։ Պետք է քննարկենք, մենք ՔՊ չենք, էլի, որ ժամանակից առաջ որոշումներ կայացնենք։ Դեռ չի որոշվել, թե քանի մշտական հանձնաժողով է ձեւավորվել, բայց ՔՊ-ն արդեն վարչության նիստեր է անում՝ ասելով, որ 12 հանձնաժողովների համար առաջադրումներ են սկսել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ դրանց մտածողությունը, օրինականությունը, բայց ի՞նչ գիտեն, որ 12 հանձնաժողով է։ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ասվում է՝ մինչեւ 12 հանձնաժողով, բայց ԱԺ-ն կարող է որոշել, որ ձեւավորվում է 8 հանձնաժողով։
– Իրենք մեծամասնություն են, ինչ կուզեն, կորոշեն՝ 8, 10, թե 12, գուցե 12-ի մասին որոշում են ընդունել։
– Իրենք իրենց որոշումները պիտի հիմնավորեն, չէ՞, իրենք ո՞վ են, իրենք ի՞նչ են` ընդամենը հանրային ծառայող են։ Պիտի քննարկում ունենանք՝ քանի հանձնաժողով է պետք ստեղծել, իրենք իրենց եսիմում տեղն են դրել, ամեն ինչը իրենք։ Ի դեպ, նկատե՞լ եք` իրենց մասին խոսելիս միշտ կոլեկտիվ է ձեւակերպումը՝ իրանք սենց են, իրանք որոշել են․ անհատներ չկան, էլի, խումբ է, ոհմակ է, երամակ ․․․
– Ես ճի՞շտ հասկացա, որ ղեկավար պաշտոնները չվերցնելու տրամադրություններ կան։
– Ես չեմ կարող ասել՝ ինչու նման եզրակացության եկաք, ես Ձեզ պատասխանեցի, որ այդ հարցը մեզ մոտ չի քննարկվել, ու որոշում չկա։
– Շաբաթներ առաջ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությանը համախմբող հարթակ է ստեղծում, ավելի ուշ ասաց` իշխանափոխության գաղտնի պլան ունեք, անգամ կատակեց, թե Ալեն Սիմոնյանի գահընկեցությունն էլ այդ պլանի շրջանակներում էր։ Ի՞նչ կարող եք ասել այդ պլանի եւ համախմբման գործընթացի մասին։
– Բայց ինչո՞ւ եք մտածում, որ կատակեց․․․
– Կատա՞կ չէր։
– Չգիտեմ։ Ինչ վերաբերում է պլանին, ապա գաղտնիի իմաստն այն է, որ գաղտնի մնա, եթե փակագծեր բացենք, դրա գաղտնին էլ ո՞րն է լինելու։ Եթե անհրաժեշտություն լինի, պարոն Կարապետյանն իր հայտարարության մասին լրացուցիչ պարզաբանումներ կտա, ես այդ առումով բան չունեմ ասելու։
– Իսկ այդ պլանի իրագործման ճանապարհը ո՞րն է լինելու` այս պասիվությո՞ւնը, թե՞ փողոցային պայքարը։
– Նարեկ Կարապետյանը հստակ հայտարարել է, որ մենք առաջիկայում գործի ենք դնելու պայքարի բոլոր ձեւերը՝ ե՛ւ խորհրդարանական պայքարը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ արտախորհրդարանական, պարոն Սամվել Կարապետյանի ասած՝ ընդդիմության համախմբումը հենց այդ համատեքստում պետք է լինի։
– Փողոցային պայքարը, այսինքն, չե՞ք բացառում։
– Ոչ, բայց դրա գործնական կիրառումը տեսնում ենք պատեհ առիթով, ոչ թե աննպատակ, ուղղակի 1-2 հավաք կազմակերպելու տեսքով, այլ այն, որ դա կունենա ֆունկցիոնալ նշանակություն, ազդեցություն հետեւյալ գործընթացների վրա։ Առայժմ պայքարի առաջնագծում կմնա մեր խմբակցությունը՝ իր վրա վերցնելով պայքարի ողջ ծանրությունը, իսկ հետագա գործողությունները ցույց կտան, թե հանրության աջակցությունը որ փուլում կզգանք, ու այդ փուլում էլ կդիմենք հանրության աջակցությանը։
– Իսկ ի՞նչ է կատարվում ձեր թիմում, նորից ցուցակից ինքնաբացարկի դիմումներ կան․․․
– Ինքնաբացարկի դիմումները ՔՊ-ում են, մեզ մոտ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են միայն 90 համարից հետո, այսինքն՝ ոչ անցողիկ թեկնածուների շրջանում։
– Ձեր 29 անցողիկ թեկնածուներից մեկը՝ Արթուր Դանիելյանն էլ է երեկ բացարկ հայտնել։
– Հնարավոր է, դա կարող է լինել խիստ մասնավոր եւ պայմանավորված անձնական հանգամանքներով, որովհետեւ ցուցակում կարող են լինել տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ, որոնք նախընտրել են մնալ իրենց հիմիկվա աշխատանքի ծանրաբեռնվածության մեջ, որովհետեւ պատգամավորի աշխատանքն անհամատեղելի է այլ աշխատանքի հետ՝ բացի գիտական, մանկավարժական։
– Իսկ երբ ցուցակում տեղ էին զբաղեցնում, չգիտեի՞ն այդ մասին։
– Դե գիտեին, բայց հիմա էլ իրավունք ունեն նաեւ որոշումներ կայացնել։
– Արդյոք խոսքը քաղաքական, գաղափարական տարաձայնությունների մասին չէ՞, գուցե համաձա՞յն չեն խորհրդարան գնալու թիմի որոշման հետ։
– Չկա նման բան, մեր թիմում գաղափարական տարակարծությունների խնդիր գոյություն չունի, եթե կան ինքնաբացարկի դիմումներ, դրանք՝ բոլորը, համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են։
– Այսինքն, բոլորը կողմ էին մանդատները վերցնելուն։
– Այդ հարցով մեզ մոտ եղել են լայնամասշտաբ քննարկումներ, որոշումը կայացրել ենք ընտրություններից մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում ե՛ւ ներքին, ե՛ւ հանրային, ե՛ւ մասնագիտական քննարկումներ ենք ունեցել քաղաքագետների, սահմանադրագետների հետ եւ բոլոր գործոնները հաշվի առնելով ենք այդ որոշումը կայացրել։
– Դուք է՞լ էիք կողմ, որովհետեւ հատկապես Ձեր մասով կային շահարկումներ, տեսանյութեր էին պտտվում՝ ինչպես էիք նախկինում ընդդիմադիրներին հորդորում դուրս գալ խորհրդարանից, որ անիմաստ է մնալը։ Ձեր այս որոշման վրա ի՞նչ գործոններ ազդեցին։
– Նախկին տեսանյութ ասվածը` կա 2021 թվականի մի տեսանյութ, որտեղ ես դրա մասին խոսել եմ, այդ ռիսկը մեր ներկայիս քննարկումների ժամանակ էլ ենք քննարկել, խոսքը վերաբերում էր պատգամավորների թվաքանակը 101-ից պակաս լինելու հանգամանքին։ Ես 21-ին էլ էի ասում, հիմա էլ։ Մեր Սահմանադրության մեջ գրված է, չէ՞, որ ԱԺ-ն պետք է կազմված լինի 101 պատգամավորից։ Իմ հիմնական մոտեցումն այն է եղել, որ ոչ թե մանդատները չվերցնեն` խորհրդարան չգնան, այլ եղած մանդատները ռացիոնալ եւ ճիշտ օգտագործեն։ Այո, մանդատներից հրաժարվելու տարբերակը նույնպես դիտարկել եմ, հիմա էլ եմ դիտարկում` այն տրամաբանությամբ, որ Սահմանադրությամբ ասվում է՝ պատգամավորների քանակը պետք է լինի 101-ից ոչ պակաս, Սահմանադրությունը ենթադրում է, որ ցանկացած պահի դա պետք է այդպես լինի, հիմա եթե ընդդիմությունն իր 41 պատգամավորից հրաժարվի, ԱԺ-ն կազմված կլինի 64 պատգամավորից, 64-ը 101-ից պակաս է, հետեւաբար, առաջանալու է սահմանադրական ճգնաժամ. ես ասում եմ՝ եթե այդ ճգնաժամն իրավական ճգնաժամ է լինելու եւ կարող է հանգեցնել արտահերթ ընտրության, ուրեմն միանշանակ պետք է հրաժարվել մանդատներից, բայց սահմանադրագետները մեզ ասում են, որ ԿԸՀ-ն հիմա՝ ամսի 21-ին մանդատները բաշխելու որոշումը կայացնելու է՝ 105 պատգամավոր է լինելու, ուրեմն ԱԺ-ն ձեւավորվելու է, դրանից հետո ով ինչ անհատական որոշում կայացնի, դա չի կարող ազդել։
– Ժամանակին իմպիչմենտի գործընթաց էիք նախաձեռնում, հորդորում էիք վայր դնել մանդատները` բոքսի տանձիկ չդառնալ․․․
– Այդ ձեւակերպումներն ինձ համար ընկալելի չեն, ես «բոքսի տանձիկ» եզրույթն իմ կյանքում երբեք չեմ օգտագործել, Նարեկ Մալյանը շատ եմ լսել, որ օգտագործած լինի, բայց ես չեմ օգտագործել։

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Խլոցի – քցոցի