Այս օրերին շարունակվում են իշխանության ցուցումով փակված մի շարք ընկերությունների աշխատողների բողոքի դրսևորումները: Երեկ այդ ցույցերի մասնակիցներից մեկը, նկարագրելով ստեղծված իրավիճակը, սրտանց ասաց. «Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Չէ՛, եղբա՛յր, կառավարությունը չկա: Ու չի եղել: Ու ոչ թե այն պատճառով չի եղել կամ չկա, որովհետև կառավարության ղեկավարը ձեզ ու էլի մի քանի հազար մարդու գործից, եկամտից, տնից-տեղից կտրել է ու գնացել «վաստակած» արձակուրդ, սարերով ու ձորերով:
Դասական իմաստով՝ կառավարություն Հայաստանում արդեն վաղուց չկա: Կառավարության փոխարեն Հայաստանում կա քաղաքական մի խումբ, որն ամեն ինչ իր գրպանն է դրել՝ գործադիր իշխանությունը, պետական բոլոր կառույցները, անկախ համարվող կառույցները, իրավապահ ու քննչական մարմինները, դատարանները:
Ու այդ խումբը զբաղված է բացառապես մի երկու-երեք բանով. իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով, ընդդիմադիր, ազգային գործիչներին դատելով, մարդկանց սեփականությունը խլելով, պարզապես՝ վատություն անելով և ադրբեջանական ու թուրքական պահանջները կատարելով: Հա, լավ, համոզեցիք, մի քիչ էլ անորակ ասֆալտ անելով:
Կառավարությո՞ւն: Ի՞նչ կառավարություն: Կառավարությունը այն բանի համար է, որ երկրի, պետության շահերը պաշտպանի, որ տնտեսության հիմնական ուղղությունների կենսունակությունն ու անխոչընդոտ ընթացքն ապահովի: Կառավարությունն այն բանի համար է, որ մարդկանց, առանձին խմբերի, կոնկրետ ոլորտների խնդիրներով զբաղվի, լուծի այդ խնդիրները, կարգավորի ծագած հարցերը: Կառավարությունը մարդկանց բարեկեցությունն ապահովելով զբաղվելու համար է, այլ ոչ թե գործազուրկ դարձնելու, ամենօրյա ռեժիմով վատություն անելու համար:
Կարճ ասած՝ կառավարությունը մարդկանց ու երկրի համար մի լավ բան անելու համար է: Հիմա նշվածներից որո՞վ են զբաղվում: Ոչ մեկով: Լրիվ հակառակն է: Ուրեմն՝ ի՞նչ կառավարություն: Ախ, հա, քիչ էր մնում մոռանայինք. այդ խումբը մեկ էլ հարկեր ու տուգանքներ է կարողանում քերթել: Եվ ինքն իրեն խոշոր պարգևավճարներ դուրս գրել է կարողանում…

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են