21/07/2026

EU – Armenia

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:

Ինչպես հայտնել է ՀԿ-ն, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:

Այնուհետև պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում: