24/07/2026

EU – Armenia

Բեռլինում Ադրբեջանի նախագահը առերևույթ Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է

Բաքվի կիսապաշտոնական հaqqin.az-ը մեկօրյա ուշացումով անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Մերցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին։

Լրատվամիջոցը, ընդսմին, նկատելի բարեխղճություն է դրսևորել և բառացի մեջբերել այդ առթիվ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները, ինչը, հավանաբար, նշանակում է, որ Ադրբեջանը գերմանա-հայաստանյան բարձր մակարդակի այդ շփումը կարեւորում է։

Ավելին, հրապարակման սկզբունքային գնահատականը այն է, որ «նակինում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում Գերմանիան կառուցողական և հավասարակշռված միջնորդական նախաձեռնություններ է ձեռնարկել» և հիշեցրել 2024թ․ բեռլինյան Շոլց-Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին նախորդել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոկի կազմակերպած՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ադրբեջանական կայքի ներկայացմամբ՝ այդ հանդիպմանը «կողմերը ճշտել են ապագա պայմանագրի սեւագիր տարբերակը»։

Հաշվի առնելով նախկինում Գերմանիայի միջնորդության փորձը, haqqin.az-ը ենթադրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ «քննարկելով խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, կանցլեր Մերցը անհրաժեշտ է համարել զանգել Հայաստանի վարչապետին»։

Թե Ալիևի հետ բանակցություններում, թե Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Գերմանիայի կանցլեր Մերցը ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարեւորությունը, ինչը, բնականաբար, պայմանավորված է հայ-ադրբեջանական պայմանագրի վերջնական ստորագրմամբ։

Ալիևի Բեռլին այցից մոտ մեկ շաբաթ առաջ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հաջիևը սահմանադրական փոփոխությունները ճանաչել է Հայաստանի ներքին գործ և հավելել, որ Ադրբեջանին հետաքրքրող խնդիրը կարող է կարգավորվել նաև «իրավական այլ մեխանիզմով»։

Վարչապետ Փաշինյանը ասել է, որ նոր սահմանադրության նախագիծը կհրապարակվի տարեվերջին։ Հետևում է, որ սահմանադրական հանրաքվե Հայաստանում կարող է անցկացվել միայն 2027թ․-ին։ Երեք շաբաթ հետո լրանում է վաշինգտոնյան գագաթաժողովի մեկ տարին։ Ժամանակը, ինչպես ասում են, սեղմում է։

Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա տնտեսակոմունիկացիոն կապակցվածության պատեհ հնարավորություն Եվրամիությունը, նրա առաջատար երկրները կարող են և չունենալ, եթե Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության վերջնական ինստիտուցիոնալացումը ևս մեկ-երկու տարով հետաձգվի։

Բեռլինում Ադրբեջանի նախագահը առերևույթ Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է։ Դրան նախորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա պաշտոնական այցը։

Կարելի՞ է հասկանալ, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը Մոսկվայում ստորագրելու հարցը «փակված» է։ Բայց ե՞րբ և որտե՞ղ կստորագրվի այն։ Հայաստանում Ադրբեջանին «անհանգստացնող հարցերը իրավական այլ մեխանիզմներով կարգավորելու գործընթաց» կսկսվի՞։