31/07/2026

EU – Armenia

178 միլիոն դրամ «Վարչաֆեստի» համա՞ր

Հայաստանի կառավարությունը որոշել է պետական պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ հատկացնել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման նպատակով։

Նախագիծը ներկայացվել է կառավարության նիստում։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հիմնավորման՝ միջոցառման հիմնական նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական խմբերին, խթանել կենդանի երաժշտության զարգացումը, ինչպես նաև ստեղծել նոր հարթակներ ստեղծագործական համագործակցության և մասնագիտական առաջընթացի համար։

Նախատեսվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա մշակութային միջոցառում՝ ընդլայնելով Հայաստանի երաժշտական միջոցառումների շրջանակը և նպաստելով նոր մշակութային նախաձեռնությունների ձևավորմանը։

ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ նման փառատոները հատկապես կարևոր են մարզերում և բացօթյա ձևաչափով անցկացվող միջոցառումների զարգացման համար։ Դրանք համատեղում են մրցութային գործընթացը, ստեղծագործական միջավայրը և նպաստում են մշակութային ակտիվության նոր կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացմանը։

«Վարչաֆեստ 2026»-ը կանցկացվի Սևանա լճի ափին։ Մրցույթի լավագույն մասնակիցները կպարգևատրվեն 10 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Մրցանակաբաշխության արդյունքում գլխավոր մրցանակակիր խումբը կստանա 4 մլն դրամ, առաջին մրցանակակիրը՝ 3 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 2 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 մլն դրամ։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսի 22-ին։