Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ֆեյսբուքյան տեսանյութով ազդարարեց նախկին «Մուլտի Ուելնես» մարզասրահի գործունեության վերսկսման մասին՝ հատուկ ընդգծելով, որ նախկին հաճախորդների փաթեթները պահպանվելու են, իսկ այն օրերը, երբ մարդիկ չեն կարողացել մարզվել, ավելացվելու են դրանց ժամկետին։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանությունները, հետևողականորեն գնում են Գագիկ Ծառուկյանի ակտիվների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ճանապարհով։ Եվ հենց այդ գործընթացի հերթական արդյունքն է այսօր ներկայացվում որպես հաջողություն։
Փոխարենը պատասխանելու բազմաթիվ հարցերի՝ Տիգրան Ավինյանը նախընտրել է հանրությանը ցույց տալ վերաբացված մարզասրահն ու պատմել, թե ինչպես են պահպանվելու հաճախորդների փաթեթները։ Ստացվում է՝ քաղաքապետը հպարտությամբ ներկայացնում է մի գործընթացի արդյունքը, որը շարունակում է մնալ քաղաքական և հանրային լուրջ քննարկումների առարկա։
Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք. Տիգրան Ավինյանը նախկինում հենց այս մարզասրահի հաճախորդներից էր։ Հիմա արդեն հռետորական հարց է առաջանում՝ քաղաքապետը շարունակելո՞ւ է վճարել իր մարզումների համար, թե այսուհետ դրա կարիքը չի լինի։
Նշենք, որ նախկին «Մուլտի Ուելնես»-ն այժմ գործում է «Երևան Ուելնես» անվան տակ։
Ուշագրավ է նաև նոր տնօրենի նշանակումը։ «Երևան Ուելնես»-ը ղեկավարելու է նախկին «Մուլտի Ուելնես»-ի մարզիչ Նշան Մալխասյանը, որը ակտիվորեն մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Այս նշանակումը ևս հարցեր է առաջացնում, և շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե քաղաքական հավատարմությունն անպարգև չի մնացել։
Ի դեպ, «Մուլտի Ուելնես»-ի զբաղեցրած հողատարածքը պատկանում է Երևանի համայնքին, մինչդեռ հողամասի վրա կառուցված շինությունը պատկանում էր «Մուլտի Գրուպ»-ին։ Եթե նպատակը բացառապես համայնքային հողատարածքը վերադարձնելն էր, ապա տրամաբանական կլիներ ազատել տարածքը շինությունից և այնտեղ ստեղծել հանրային նշանակության գոտի՝ զբոսայգի կամ մանկական խաղահրապարակ։
Փոխարենը Երևանի քաղաքապետն այսօր հպարտությամբ ներկայացնում է այս պատմության արդյունքը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե սեփական երկրի քաղաքացու հետ կապված գույքային վեճի, այլ թշնամու կողմից զավթված տարածքների վերադարձի մասին է։ Եթե որևէ մեկը տեղեկություն չունենա, թե ինչի մասին է խոսքը, քաղաքապետի հրապարակումից նույնիսկ կարող է թվալ, թե վերադարձվել են Վարդենիսի կամ Սև լճի հատվածի այն հայկական տարածքները, որոնք իրենց իշխանության օրոք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բաց մի թողեք
Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք
Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար
Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը