02/08/2026

EU – Armenia

Թեհրանի կենտրոնում կբացվի Իսրայելի դեսպանատունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի ողջ տարածքում ծանր սպառազինությունների զանգվածային տեղաշարժ է սկսել։ Այդ մասին, հղելով իրանական աղբյուրներին, հաղորդել են միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ։

Օգոստոսի 1-ին «արձանագրվել են հրթիռարձակման կայանքների, ԱԹՍ-երով բեռնատարների և ռազմական այլ տեխնիկայի տեղաշարժեր Շիրազում, Աբադանում, Թեհրանում, Քերմանշահում, Սպահանում, Թավրիզում, Ղումում և երկրի այլ շրջաններում»։

Նախօրեին, արձագանքելով Իրանի դեմ ամերիկյան «խորտակիչ հարվածների վերսկսման մեծ հավանականության» մասին ամերիկյան մամուլի հրապարակումներին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհսեն Ռեզային դրանք որակել է «բացարձակապես երևույթական»։

Նա սպառնացել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում Թեհրանի պատասխանը «այնքան խորտակիչ կլինի, որ ողջ տարածաշրջանը և նրա բոլոր ենթակառուցվածքները կվերադարձնի քարի դար»։

Tasnim գործակալությունը, որ ԻՀՊԿ ոչ պաշտոնական խոսափողի համարում ունի, իր հերթին տեղեկացրել է, որ Իրանը «Իսրայելի կրիտիկական ենթակառուցվածքներին և տարածաշրջանում ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին պատասխան հարվածի ծրագիր է մշակել»։

Ավելի վաղ CBS հեռուստաընկերությունը հայտնել է, որ «ԱՄՆ-ը և Իսրայելը մոտակա օրերին կարող են հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին»։

Այս ֆոնին Times of Israel-ը հայտնել է, որ Իսրայելում և Մերձավոր Արևելքի մի քանի այլ երկրներում ԱՄՆ դեսպանատները Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ են արել «ձեռնպահ մնալ շրջագայություններից և պատրաստ լինել տարհանման, եթե իրադարձությունները անցանկալի ընթացք ունենան»։

Միջազգային մամուլում օգոստոսի 1-ին տեղեկություն է տարածվել, որ Իրանը Քուվեյթի տարածքի ամերիկյան մի քանի ռազմահենակայաններ «դրոնային հարձակման է ենթարկել»։

Եթե իսրայելական հեղինակավոր պարբերականի տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը, ապա Իսրայելից և տարածաշրջանի այլ երկրներից իր քաղաքացիներին տարհանելու ամերիկյան կողմի մտադրությունը վկայում է, որ Միացյալ Նահանգների նախագահը կամ արդեն իսկ Իրանին «խորտակիչ հարվածներ հասցնելու» որոշում է կայացրել, կամ չափազանց մոտ է դրան։

Տևական լռությունից հետո Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Պահլավին կրկին վստահություն է հայտնել, որ «կրոնապետության փլուզումը մոտ է, իսկ նոր իշխանության առաջին որոշումներից մեկով Թեհրանի կենտրոնում կբացվի Իսրայելի դեսպանատունը»։

Որքանո՞վ է հիմնավոր այդ «լավատեսությունը», պարզ կլինի, երևի, առաջիկա մի քանի շաբաթվա զարգացումներից։