02/08/2026

EU – Armenia

Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին «կոտրելու անեծքը»

ՀՀ 9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։

«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։

Նրա կարծիքով՝ 2018-ից սկսած խորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ընդդիմությունը թեկնածու չի ներկայացրել:շՌուբեն Ռուբինյանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ քաղաքական ուժերին քաղաքական պարկեշտություն պահպանելու կոչ է արել:

«Կա 1 ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թվականից սկսած Ազգային ժողովը դարձել անհանդուրժող վայր։ Դա ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։

Ես առաջարկում եմ այս խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ Սա իմ առաջարկն է։

Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին, բայց մենք կարող ենք մի պարզ բանի շուրջ կոնսենսուսի գալ։ Մենք ընտրում ենք պարզ մարդկային բարեկրթությունը և պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս։ Վերջ»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

Նա շնորհավորել է Նարեկ Կարապետյանին և Աննա Գրիգորյանին իրենց խմբացությունների ղեկավարներ ընտրվելու առթիվ։

Ռուբեն Ռուբինյանը նաև հավելել է, որ ամբիոնի մոտ ելույթ ունենալիս «քաղաքական նեյտրալություն» չի պահելու, սակայն նիստը վարելիս լինելու է չեզոք։