«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է:
– Նախորդ ամիս հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես էին եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, եւ իրենց վրդովմունքն ու անհանգստությունն էին հայտնել Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ եւ անարդար ճնշումների վերաբերյալ: Շատ խայտաբղետ կազմ էր ստորագրել հայտարարության տակ` տարբեր հայացքների ու խառնվածքի տեր մարդիկ: Տեղեկություններ կան, որ հիմնականում մշակութային գործիչներից բաղկացած այդ կազմը որոշել է ֆորմատն ընդլայնել եւ այլ առարկայական հարցերի նույնպես անդրադառնալ՝ դրանով մտավորականների ձայնն առավել լսելի դարձնելով: Դուք եւս այդ կազմում եք, որքան տեղյակ եմ` նախաձեռնողների թվում եք եղել: Ունե՞ք նման տեղեկություն, թե ինչ նոր ֆորմատի մասին է խոսքը:
– Եթե նման բան լինի, ես միայն ուրախ կլինեմ: Ես ինքս եմ առաջարկել, որպեսզի այդ պրոցեսն ավելի ակտիվանա, ի վերջո, այդ հայտարարությունը հենց այնպես ձեւական բնույթ չէր կրում, Գագիկ Ծառուկյանին աջակցելու մասին հայտարարությունը մի օրվա համար չէր: Անձամբ ես խորապես անհանգիստ եմ նրա համար: Այն, ինչ տեղի է ունենում, խիստ մտահոգիչ է: Մեզ մոտ
«մտավորական» բառն արդեն ասոցացվում է ոչինչ չանելու եւ անտարբեր լինելու հետ, սակայն այդ ցանկում որոշները բավականին ակտիվ մարդիկ են, ես էլ ինձ, ցավոք, համարում եմ ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալող մարդ: Ինչու ցավոք, որովհետեւ դա ինձ խանգարում է, իմ ժամանակը խլում է, ես շատ կուզեի, որ ամեն ինչ լավ լիներ, եւ ես իմ գործով` կինոյով զբաղվեի, բայց չեմ կարող ուղղակի լռել կամ էլ հայտարարության տակ ստորագրել եւ քաշվել մի կողմ: Անկեղծ ասած, ես չունեմ նման տեղեկություն, սակայն եթե իրապես որոշ մշակութային գործիչներ ակտիվանան, դա միայն օգտակար կլինի: Պետք է հանրային ճնշում գործադրել իշխանության նկատմամբ: Այսօրվա իշխանությունն այլ լեզու չի հասկանում:
– Մշակութային գործիչները ճնշման ի՞նչ մեթոդներ կարող են կիրառել, ըստ Ձեզ:
– Բազմաթիվ, ես անգամ առաջարկել եմ որոշ տարբերակներ, սակայն հիմա չեմ հանրայնացնի, բայց բազմաթիվ հնարավորություններ կան: Հատկապես ես տեսնում եմ, որ մեր ընդդիմությունն իշխանությունից ինտելեկտուալ առումով էապես տարբերվում է: Թեպետ ես չեմ հետեւում Ազգային ժողովի նիստերին, սակայն այն կարծիքին եմ, որ ընդդիմությունը բավականին խելացի է: Թեպետ ես նրանցից շատ գոհ չեմ, սակայն կարծում եմ, որ նրանք էլ ունեն անելիք եւ կարող են որոշ քայլեր անել:
– Բայց, ի՞նչ եք կարծում, մշակութային գործիչները կարո՞ղ են համախմբվել այլ ասպեկտներում: Ծառուկյանի դեմ իրականացվող անարդարությունների շուրջ կարող են միասնական դիրքորոշում հայտնել, նրա իրավունքների խախտումների, սեփականությունը խլելու դեմ ատահայտվել, բայց ի՞նչ կարող են անել առհասարակ` եթե ֆորմատն ընդլայնվի:
– Հայաստանում բեւեռացվածությունն այսօր թիվ մեկ խնդիրն է: Մարդիկ իրար չեն վստահում, ավելին` թշնամաբար են վերաբերվում, վերջին ութ տարիներին մենք սկսել ենք բոլորս իրար ատել, եւ, այո, այդ ստորագրությունները բացառապես Գագիկ Ծառուկյանի ազատության համար էին, որովհետեւ նա շատ ջերմ մարդ է: Ով գոնե մեկ անգամ նրա հետ շփվել է, գիտի, թե նա որքան լավ մարդ է: Ծառուկյանի դեմ այլանդակությունը միավորեց մեզ՝ բոլորիս, սակայն վստահ չեմ, որ այլ հարցերում էլ կարող ենք միավորվել, թեպետ կաթողիկոսի դեմ արշավի պարագայում էլ լինելու է նույն համախմբվածությունը` մշակութային գործիչների պարագայում:
– Կաթողիկոսի դեմ մեկ տարուց ավելի է՝ արշավ է սկսվել: Արդյոք ժամանակավրեպ չե՞ն այժմ այդ հարցի շուրջ համախմբվելու փորձերը:
– Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ակտիվ են, պետք է համախմբման մեխանիզմներ մտածեն, խոսքը ռեալ պոլիտիկով զբաղվող անձանց մասին է: Ես կինոռեժիսոր եմ, ինձ համար դժվար է նման ակցիա կազմակերպելը, ես գիտեմ, որ վատ բան է տեղի ունենում, բայց կազմակերպչական աշխատանքը պետք է անի ընդդիմությունը: Դժվար թե մշակութային գործիչներն ինքնաբուխ կերպով պայքարեն:

Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար