12/08/2026

EU – Armenia

Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ. Լուսանկար

Հունիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ նրան ազատազրկում պատիժը կրելու ուղարկելու մասին։

Դրանից հետո Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պատրաստվում է այն բողոքարկել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Բայց սա այն դեպքերից է, երբ զուտ ձեւական գործընթաց է ընթանում` օբյեկտիվության տպավորություն թողնելու համար:

«Հրապարակ». Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ Առուշանյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Մելիքսեթյանը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ Սամվել Կարապետյանի գործով։ Նրա կայացրած որոշմամբ՝ Կարապետյանը մնաց կալանքի տակ։ Ժենյա Մելիքսեթյանի` դատավոր դառնալու ճանապարհը նույնպես քննարկման առարկա է դարձել։ Նա դատական համակարգում իր աշխատանքը սկսել է որպես գործավար, ապա՝ դարձել դատավոր։ 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից նա տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Մելիքսեթյանը մասնագիտացած է կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։ Նրա ամուսինն ԱԱԾ-ական է, ինչն էլ բերում է վախ-կաշկանդվածություն՝ քաղաքական գործեր քննելիս, իսկ իշխանության կողմից` վստահություն, որ այդ գործերը կքննվեն այնպես, ինչպես իրենք ճիշտ են համարում:

Եվ ահա՝ Առուշանյանի գործով դատախազության բողոքը հայտնվել է մի դատավորի սեղանին, որի կայացրած որոշումները վերջին շրջանում հայտնվել են հանրային եւ քաղաքական ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք, որպես կանոն, արդարացնում են իշխանական սպասումները։ Իհարկե, դեռ պետք է սպասել, տեսնել, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Առուշանյանի վերաբերյալ, եւ արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը կվերանայվի։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Առուշ Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքի մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, դատարանը նրան զրկել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ, քանի որ ավագանին հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը եւ դադարեցնել Առուշանյանի պաշտոնավարումը: Պրոբացիոն ծառայությունը պնդում էր, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից, ուստի պետք է վերացնել պայմանականը եւ տալ իրական ազատազրկում։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։ Սակայն վճռաբեկ դատարանը, հետագայում արձանագրելով «ընդդատության խախտում», գործն ուղարկել էր այլ դատարան` Հակակոռուպցիոն դատարան, նոր քննության։ Վերջինն էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։

Այս ողջ գործընթացի հիմքում, իհարկե, Առուշ Առուշանյանի ճամբարափոխ լինելու եւ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ հաստատելու հանգամանքն է ընկած, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դատական համակարգը, այս պարագայում` Հակակոռուպցիոն դատարանը, ուղղակիորեն կառավարվում է կառավարությունից, իշխանական կաբինետներից: