15/08/2026

EU – Armenia

Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե անգամ Ռուսաստանը Հայաստանից ներմուծման արգելքները վերացնի, երկիրը կշարունակի իրացման այլ շուկաներ փնտրել։

Անդրադառնալով օգոստոսի 13-ին Հայաստանի էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարներ Գևորգ Պապոյանի և Օքսանա Լուտի հանդիպմանը, գրել է «Կոմերսանտը» և պարզաբանել, որ «Երևանի եվրաինտեգրման ձգտումների պատճառով գարնանը կողմերի հարաբերությունները սրվել» են։

Պապոյան-Լուտ հանդիպման արդյունքներով ՌԴ գյուղնախարարության տարածած հաղորդագրությունը, մինչդեռ, Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների ներմուծման վերականգնումը կապել է մի շարք նախապայմանների հետ՝ ընդգծելով «գյուղմթերքների անվտանգության, ներառյալ՝ սեփական հումքի օգտագործման, պեսցիդիտների նկատմամբ վերահսկողության, մատակարարումների հետագծման ապահովման անհրաժեշտությունը»։

Պաապոյան-Լուտ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական հանձնաձողովի նիստից մեկ շաբաթ հետո։ Այդ միջակայքում Հայաստանի Ազգային ժողովում չափազանց ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, իշխող քաղաքական ուժը թեկնածություն է առաջադրել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրացիայի, իսկ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը՝ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այդ առթիվ հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում քննադատություն է հնչել թե իշխող ՔՊ-ի, թե «Ուժեղ Հայաստանի» հասցեին, իսկ politik.am-ը բացահայտ «տարակուսանք է հայտնել», թե ո՞րն է ընդդիմության և իշխանությունների սկզբունքային տարաձայնությունը, եթե Նարեկ Կարապետյանը գտնում է, որ պետք է զարգացնել եվրոպական ուղղությունը, որպեսզի երկիրը «մեկ կենտրոնից կախված չմնա»։

Օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերահաստատել է, Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտություն այս պահին չկա, քանի որ հանրաքվեի առարկա գոյություն չունի, քանի դեռ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել։

Հայաստանի էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնեսության նախարարների հանդիպումը կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի շրջանակներում, որ գումարվել է Ալմաթիում։

Դա, կարծես, վկայում է, որ Հայաստանի դեմ ՌԴ տնտեսական սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության պայմանագրի և այլ իրավական կարգավորումների հիմքով գնահատելու առաջարկությունը, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, արժանացել է «որոշակի ընկալման»։

Խնդիր է, թե Ռուսաստան-Հայաստան բարդ երկխոսությանը ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը։ Սկզբունքային առումով Ռուսաստան հայաստանյան գյուղմթերքների ներկրման վերականգնումը Բրյուսելին ազատում է Երևանին «անհետաձգելի աջակցության պարտավորվածությունից», բայց ավելի կարևոր է քաղաքական կողմնորոշման հարցը։

Հայաստանի իշխանություններին, ԱԺ քաղաքական մեծամասնությանը կհաջողվի՞ ԵԱՏՄ -ը «վերադարձնել» պայմանագրային կարգավորումների և կառուցողական ու փոխշահավետ երկխոսության տիրույթ և պահպանելու ու զարգացնել «այլընտրանքների» հնարավորությունը։