05/09/2026

EU – Armenia

Նորվեգայի ժողովուրդն է որոշել պահպանել միապետությունը. Լուսանկար

Lysefjorden i närheten av Stavanger i Norge. 2008-04-13

Օգոստոսի 28-ից Նորվեգիան նոր միապետ ունի՝ Հոքոն 8-րդը։ Նա գահ բարձրացավ հոր՝ Հարոլդ 5-րդի մահվանից հետո։ Սեպտեմբերի 1-ին նոր միապետը երդվեց խորհրդարանում։ Նորվեգիայում թագադրման արարողությունը մի փոքր այլ է, քան Մեծ Բրիտանիայում, որտեղ նախադեպերն ու ավանդույթը մեծ դեր ունեն։

Նորվեգական միապետության դեպքում ամեն բան դետալներով հստակ ամրագրված է սահմանադրությամբ եւ հարակից օրենքներով։ Նորվեգական միապետական ընտանիքն աչքի է ընկնում իր համեստությամբ։ Այստեղ չկա ճոխ պալատական կյանք, ինչպես Լոնդոնում, չկան պալատական բարդ արարողակարգեր։

Թագավորական ընտանիքը ճամփորդում է երկրով մեկ, հանդիպում քաղաքացիների հետ, մասնակցում մշակութային եւ բարեգործական միջոցառումների։ Նորվեգիան, դասական իմաստով՝ սահմանադրական միապետություն է։ Սահմանադրությունն ամրագրում է երկրի պետական կարգը՝ որպես «սահմանափակ ժառանգական միապետություն»։ Միապետը գահակալում է, բայց չի իշխում` ռեալ իշխանությունը պատկանում է դեմոկրատական ճանապարհով ընտրված խորհրդարանին եւ կառավարությանը։

Ժամանակակից սահմանադրամիապետական համակարգը Նորվեգիայում ձեւավորվել է դեռ 19-րդ դարում։ Սահմանադրությունն ընդունվել է 1814 թ. մայիսին, իսկ 1905-ին` Շվեդիայից անկախանալուց հետո պահպանել է գործող համակարգը։ Անկախ Նորվեգիայի առաջին թագավորը Հոքոն 7-րդն է։ 1905-ին նորվեգական խորհրդարանը երկրի միապետ է ընտրել երիտասարդ դանիացի արքայազն Կարլին, որն ընդունել է Հոքոն անունը։

Դրանից առաջ տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե, ժողովուրդն է որոշել, թե ինչ պետական կառավարման համակարգ է ցանկանում, եւ ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել միապետությանը։ Ժամանակի հետ, սակայն, միապետությունը վերածվել է սիմվոլիկ ինստիտուտի։

Ֆորմալ առումով իշխանությունը պատկանում է միապետին, ըստ սահմանադրության, սակայն, պառլամենտական համակարգը սահմանափակում է միապետի իշխանությունը՝ կառավարման հիմնական լիազորությունները վերապահելով խորհրդարանին եւ կառավարությանը։ Կառավարություն ձեւավորում է խորհրդարանական մեծամասնությունը, միապետը վավերացնում է բոլոր որոշումները, սակայն միայն վարչապետի հետ խորհրդակցելով։ Բոլոր որոշումների պատասխանատվությունը, որը ստորագրում է միապետը, կրում է կառավարությունը։

Այլ խոսքով ասած՝ միապետն ինքնուրույն քաղաքական ֆիգուր չէ։ Նորվեգիայի համար միապետությունն ազգային միասնությունն ու պատմականությունը խորհրդանշող ինստիտուտ է։ Թագավորը ներկայացնում է երկիրն աշխարհում, սակայն չի կարող լինել կոնկրետ քաղաքական կուսակցության անդամ, մասնակցել ընտրապայքարին եւ կախված չէ պառլամենտական մեծամասնության փոփոխությունից։ Նա վերկուսակցական համաժողովրդական կարգավիճակ ունի։

Նորվեգական միապետությունը մի յուրահատկություն էլ ունի` 1908 թվականից թագադրման արարողություն չի կատարվում։ Հոքոն 8-րդն էլ միապետ է դարձել ինքնաբերաբար՝ հոր մահվան պահից։ Թագադրման փոխարեն Նովեգիայում գործում է միապետի «նվիրագործման» կամ «օրհնության» արարողությունը։ Սա կրոնական արարողություն է, որն ավելի շատ ունի ազգային պատմական բնույթ եւ նշանակություն։ Օրհնության այդ կարգը կատարվել է Հարոլդ 5-րդի եւ Սոնյա թագուհու նկատմամբ՝ 1991 թ. հունիսի 23-ին։ Համարվում է, որ դրանով միապետը ստանում է Աստծո օրհնությունը։ Արարողությունը կատարվում էր Տրոնհեյմի Նիդարոսի տաճարում` պատմական վայրում, որը կապված է Սբ Օլաֆի` նորվեգական պատմության եւ նորվեգական ինքնության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցող կերպարի հետ։ Օրհնության արարողությունը վերականգնվել է 1958-ին՝ Օլաֆ 5-րդի կողմից։

Արարողության ժամանակ արքայական թագը կարող է ներկա լինել, սակայն միապետը պարտավոր չէ այն դնել գլխին։ Շատ ավելի կարեւոր է երդմնակալության արարողությունը, որը սահմանադրական պարտավորություն է գահ բարձրացած միապետի համար։ Այս անգամ այն տեղի է ունեցել պառլամենտում։

Նորվեգայի ժողովուրդն է որոշել պահպանել միապետությունը