Այսօր պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստը։ Այն հստակեցնում է մի շարք՝ մինչ այժմ ընդհանուր ձևակերպված դրույթներ։
Համաձայնագրի ամբողջական տեքստի հրապարակումը վերջապես թույլ է տալիս այս նախագիծը գնահատել իրավական կառուցվածքով։ Եվ այդ կառուցվածքը ցույց է տալիս մի պարզ բան․ TRIPP-ը ճանապարհ չէ։
Այն երկարաժամկետ հայ-ամերիկյան ենթակառուցվածքային համակարգ է, որի մեջ կարող են մտնել երկաթուղի, ավտոճանապարհ, նավթի և գազի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և օպտիկամանրաթելային կապ։ Յուրաքանչյուր ուղղության համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ։
Հենց սա է փաստաթղթի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Ստեղծվելիք TRIPP Development Company-ում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս վերահսկիչ մասնակցություն, Հայաստանը՝ 26 տոկոս։
Ամերիկյան բաժնետերը լինելու է ԱՄՆ կառավարության International Development Finance Corporation-ի ամբողջությամբ պատկանող, Դելավերում գրանցվող ընկերությունը։ TRIPP Development Company-ն ինքնին գրանցվելու է Հայաստանում։ 49 տարվա սկզբնական ժամկետի հնարավոր ևս 50 տարվա երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։
Սա կարևոր տարբերություն է։ ԱՄՆ-ն այստեղ այլևս միայն քաղաքական աջակից չէ․ ամերիկյան պետական կառույցը դառնում է նախագծի տնտեսական շահագրգիռ կողմ։ Այսպիսով, Հայաստանի տարածքով ստեղծվող ենթակառուցվածքի հաջողությունը կապվում է նաև ԱՄՆ-ի պետական տնտեսական շահի հետ։
Փոքր պետության համար մեծ տերության ներգրավվածության ամենակայուն ձևը ոչ թե հայտարարությունն է, այլ շահը։ Քաղաքական խոսքը կարող է փոխվել իշխանության հետ, մինչդեռ ներդրումը, ընկերությունը, պայմանագիրը և կառուցված ենթակառուցվածքը ստեղծում են շատ ավելի երկարատև կապ։
Սակայն փաստաթղթի մյուս կեսը նույնքան կարևոր է։ Հայաստանը պահպանում է ամբողջական ինքնիշխանությունն ու իրավազորությունը TRIPP-ի ամբողջ տարածքում։ Սահմանային վերահսկողությունը, մաքսային վարչարարությունը, ներգաղթը, անվտանգությունը, իրավապահ գործառույթները, պետական տեղեկատվական համակարգերը, հարկերի և տուրքերի գանձումը մնում են Հայաստանի պետական մարմինների իրավասության ներքո։ Հայաստանը նաև պահպանում է սահմանային անցակետերում ֆիզիկական ներկայության իրավունքը։
Այս դրույթները սկզբունքորեն հերքում են այն պատկերացումը, թե ստեղծվում է Հայաստանի իրավազորությունից դուրս «միջանցք»։ Մասնավոր օպերատորները կարող են իրականացնել հաճախորդների սպասարկման որոշ գործառույթներ, բայց միայն Հայաստանի և TRIPP Development Company-ի համաձայնությամբ՝ պետական լիազորությունը չի փոխանցվում նրանց։
Այստեղ, սակայն, սկսվում են այն հարցերը, որոնց նկատմամբ Հայաստանն առաջիկա տասնամյակներին պետք է առավել ուշադիր լինի։ Պետությունը պարտավորվում է նախագծի համար անհրաժեշտ հողերը պահել կամ դարձնել պետական սեփականություն, ազատել երրորդ անձանց իրավունքներից և TRIPP Development Company-ին տրամադրել մինչև 49 տարվա բացառիկ հողօգտագործման և զարգացման իրավունքներ։ Միաժամանակ կոնցեսիաները շարունակում է տրամադրել Հայաստանը, իսկ ժամկետի ավարտին մնացած իրավունքները Հայաստանին վերադարձվում են առանց վճարի։
Այսինքն՝ ինքնիշխանությունը պահպանված է, բայց տնտեսական կառավարման կառուցվածքը լինելու է երկարաժամկետ և բարդ։ Հենց այստեղ պետք է լինի մեր պետության հաջորդ խնդիրը՝ 26 տոկոս բաժնեմասով չդառնալ պարզապես ձևական բաժնետեր։ Հայաստանը պետք է առավելագույն ազդեցություն ունենա առանցքային որոշումների, սակագների, ենթակառուցվածքի հասանելիության, երրորդ կողմերի ընտրության, շրջակա միջավայրի, մրցակցության և ազգային անվտանգության հարցերում։
TRIPP-ի հաջողությունը չի չափվելու նրանով, թե քանի կիլոմետր երկաթուղի կառուցվեց։ Այն չափվելու է նրանով, թե որքան հայկական բիզնես մտավ այդ համակարգ, որքան ապրանք արտահանվեց, որքան էներգիա փոխանցվեց, որքան ներդրում եկավ Սյունիք, և որքան մեծացավ Հայաստանի սեփական տնտեսական կարողությունը։
Այստեղ է նաև նախագծի ավելի լայն իմաստը։ Եթե TRIPP-ին միանում են էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր և թվային կապ, Հայաստանը կարող է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև ճանապարհ տրամադրող երկրից վերածվել Կասպից ծովը, Թուրքիան, Եվրոպան, Իրանը և Վրաստանը կապող բազմակողմ ենթակառուցվածքային հանգույցի։
Տարբերությունը հիմնարար է։ Տարանցիկ տարածքը կարող են շրջանցել։ Ռազմավարական հանգույցը շրջանցելը շատ ավելի դժվար է։ TRIPP-ի ամբողջական փաստաթուղթը հենց այդ հնարավորությունն է բացում Հայաստանի առաջ։ Բայց դրա արժեքը որոշելու է ոչ ամերիկյան 74 տոկոսը և ոչ էլ հայկական 26 տոկոսը։ Գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը որքան պետական, տնտեսական և ռազմավարական արժեք կկարողանա ստեղծել իր 26 տոկոսի և իր 100 տոկոս ինքնիշխանության միջև։

Բաց մի թողեք
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի
Երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում