14/09/2026

EU – Armenia

… եթե Հայաստանը դառնում է էներգետիկ հանգույց

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը Բաքվում արդեն հրապարակայնորեն ձևակերպել է այն, ինչ դեռ ամիսներ առաջ ավելի շատ նախագծային լեզվով էր շրջանառվում։

Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են երեք խոշոր էլեկտրաէներգետիկ ուղղությունների վրա՝ Նախիջևանից Թուրքիա հաղորդման գիծ, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա «կանաչ էներգետիկ միջանցք» և Սև ծովի հատակով դեպի Ռումինիա ու Հունգարիա գնացող եվրոպական գիծ։ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն այս երեք նախագծերը ներկայացնում է որպես տարածաշրջանային նոր հնարավորություններ ստեղծող միասնական տեսլական։

Առաջին հայացքից Հայաստանը այստեղ նույնիսկ չի հիշատակվում։ Իրականում հենց այստեղ է ամենահետաքրքիր մասը։ Ադրբեջանի պետական «ԱզԷներջին» արդեն կառուցում է Ջաբրայիլից դեպի Աղբենդ 330 կիլովոլտ լարման և մինչև 1000 մեգավատ թողունակությամբ գիծ, իսկ հաջորդ փուլում նախատեսում է այն շարունակել դեպի Նախիջևան։

Ադրբեջանի պաշտոնական հրապարակումներում խոսվում է նաև Նախիջևանից Թուրքիա շուրջ 230 կիլոմետրանոց բարձրավոլտ գծի մասին՝ ամբողջ համակարգը ներկայացնելով որպես Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցք։

Այս շղթայի առանցքային հատվածը կարող է դառնալ Հայաստանի տարածքով անցնող ուղղությունը։ Եթե Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող էլեկտրահաղորդման հատվածը կառուցվի Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ TRIPP-ի համաձայնեցված սկզբունքներով, ապա մենք այլևս գործ չենք ունենա պարզապես տարանցիկ ճանապարհի հետ։ Կձևավորվի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա էլեկտրահաղորդման շղթա, որը կարող է հետագայում միանալ եվրոպական ավելի լայն ցանցերին։

Սա հիմնավորապես փոխում է TRIPP-ի մասին քննարկումը։ Մինչ այժմ TRIPP-ը հիմնականում ընկալվում էր որպես երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության նախագիծ։ Բայց ժամանակակից միջանցքը միայն ճանապարհ և ռելս չէ՝ այն նաև էլեկտրահաղորդման գիծ է, թվային կապ, հնարավոր խողովակաշարեր, տվյալների ու ապրանքների հոսք, լոգիստիկա և ներդրումային կապեր։

Այդպիսի համակարգում կարեւոր է ոչ միայն, թե ում տարածքով է անցնում ճանապարհը, այլեւ թե ով է դառնում տարածաշրջանային կապերի անփոխարինելի մասնակից։ XX դարի աշխարհաքաղաքականությունը կառուցվում էր նավթամուղերի շուրջ։ XXI դարի մրցակցության առանցքներից մեկը լինելու են էլեկտրական ցանցերը։

Բայրաքթարը հենց այդ լեզվով է խոսում։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա նախագիծը նա նույնիսկ անվանել է TANAP-ի «էլեկտրական տարբերակ», ինչն ամենևին պատահական համեմատություն չէ։ TANAP-ը ադրբեջանական գազը կապեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ։ Նոր ծրագրերի նպատակը նույն քաղաքական տրամաբանությունը էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգիայի ոլորտ տեղափոխելն է։

Հայաստանի համար այստեղ կա և՛ հնարավորություն, և՛ վտանգ։ Հնարավորությունն այն է, որ Հայաստանը կարող է առաջին անգամ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընկած «խոչընդոտից» վերածվել նրանց և Եվրոպայի միջև անհրաժեշտ ենթակառուցվածքային օղակի։

Այդ դեպքում Հայաստանի տարածքով անցնող գիծը պարզապես վճարովի տարանցում չէ։ Այն ստեղծում է տնտեսական շահագրգռվածություն Հայաստանի կայունության, ենթակառուցվածքների և բաց սահմանների նկատմամբ։ Խաղաղության լավագույն ապահովագրություններից մեկը հենց դա է՝ երբ պատերազմի դեպքում հակառակորդը ոչ միայն ռազմական, այլև սեփական տնտեսական համակարգն է վնասում։

Բայց վտանգն էլ նույնքան իրական է։ Եթե ամբողջ համակարգը նախագծվի Բաքվում և Անկարայում, իսկ Հայաստանը վերջում միայն տարածք տրամադրի, ապա մեր դերը կմնա աշխարհագրական։ Հայաստանի խնդիրը պետք է լինի ոչ թե թույլ տալ, որ իր տարածքով մալուխ անցնի, այլ դառնալ էներգետիկ շուկայի մասնակից՝ ունենալ միացման հզորություններ, փոխանակման իրավունք, տարանցման եկամուտ, սեփական արտադրանքի արտահանման հնարավորություն և տարածաշրջանային ցանցի կառավարման մեջ հստակ դեր։

Հայաստանն արդեն ունի արևային էներգիայի արագ աճող ներուժ, ատոմային արտադրություն, Իրանի հետ գործող էլեկտրահաղորդման կապ և Վրաստանի ուղղությամբ ենթակառուցվածքներ։ Եթե այդ կապերին ավելանան նաև Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը կարող է դուրս գալ մեկ ուղղությունից կախված էներգետիկ համակարգի սահմաններից և դառնալ մի քանի տարածաշրջանային էներգետիկ ցանցերի կապող հանգույց։

Սա է իրական դիվերսիֆիկացիան։ Նպատակը մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը չէ, այլ այնպիսի բազմակողմ էներգետիկ կապեր ստեղծելը, որ Հայաստանի հնարավորությունները որևէ մեկ կենտրոնից կախված չլինեն։

Հայաստանի շահը պետք է լինի ոչ թե պարզապես ուրիշների էներգետիկ հոսքերը սպասարկելը, այլ այդ համակարգում սեփական արտադրանքով, միացումներով և արտահանման հնարավորությամբ անփոխարինելի դեր ստանալը։ Թուրքիան և Ադրբեջանն արդեն հստակ ձևակերպում են իրենց ռազմավարական շահերը։ Բաքուն ցանկանում է Կասպից ծովի «կանաչ» էներգիան հասցնել Եվրոպա։ Անկարան ուզում է այդ հոսքերի հիմնական հանգույցը լինել։ Բուլղարիան, Ռումինիան և Հունգարիան ուզում են էներգիայի նոր աղբյուրներ։ Եվրոպան ուզում է ավելի բազմազան ու անվտանգ մատակարարումներ։

Հարցն այն է՝ այդ նոր քարտեզի վրա Հայաստանն ինչ դեր է ընտրելու իր համար։ TRIPP-ի հաջողությունը վերջապես պետք է չափվի ոչ միայն նրանով, թե քանի գնացք կանցնի Սյունիքով, այլ նաև նրանով, թե Հայաստանը որքանով է կարողանում ճանապարհից, էլեկտրահաղորդման գծից և կապից ստեղծել սեփական տնտեսական ուժ։

Ճանապարհը կարող է պարզապես անցնել Հայաստանի տարածքով։ Բայց եթե Հայաստանը դառնում է էներգետիկ հանգույց, այն արդեն ներգրավվում է ամբողջ համակարգի աշխատանքի մեջ։ Հայաստանի խնդիրը հենց տարածքից համակարգի կարևոր օղակ դառնալն է։