16/09/2026

EU – Armenia

Մոռացված շիրիմից՝ արժանի հիշատակ․ Դոնարա Մկրտչյանի շիրիմին նոր հուշաքար կտեղադրվի. Լուսանկար

Անվանի մարդկանց հիշատակը պահպանելը միայն նրանց ստեղծագործությունը հիշելը չէ․ երբեմն դա նշանակում է նաև հոգ տանել այն վայրի մասին, որտեղ նրանք հանգչում են։

Վերջին օրերին ակտիվիստ և բլոգեր Էդուարդ Հայրումյանի հրապարակած տեսանյութը քննարկման առիթ է դարձել։ Երևանի քաղաքային պանթեոնում հայտնի մարդկանց գերեզմանները մաքրելու նախաձեռնությունից հետո նրա ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի կնոջ՝ Դոնարա Մկրտչյան-Փիլոսյանի շիրիմը։ Թե ինչպես է հայտնաբերել տարիներ շարունակ գրեթե աննկատ մնացած գերեզմանը և ինչ արձագանք է ստացել իր հրապարակումից հետո՝ Հայրումյանը պատմել է MediaHub-ի հետ զրույցում։

«Ֆրանսիայից մի աղջիկ արձագանքեց իմ հրապարակմանը և առաջարկեց ուշադրություն դարձնել Դոնարա Մկրտչյանի գերեզմանին՝ նշելով, որ այն գտնվում է իր տատիկի գերեզմանի հարևանությամբ և անխնամ վիճակում է։ Փորձեցի գտնել շիրիմը, սակայն դա հեշտ չէր․ հուշաքար չկար, և պանթեոնում շատերը նույնիսկ չգիտեին՝ որտեղ է այն գտնվում։ Ի վերջո, մի մարդ ասաց, որ գիտի տեղը։ Նա փոքրիկ քարի վրա փորագրել էր Դոնարա Մկրտչյան-Փիլոսյանի անուն-ազգանունն ու ծննդյան և մահվան տարեթվերը՝ տեղադրել շիրիմին։ Նրա օգնությամբ գտա գերեզմանը, նկարեցի և հրապարակեցի։ Հրապարակումից հետո հասարակության արձագանքը շատ դրական էր։ Շատերը ցանկություն հայտնեցին գումար փոխանցել, որպեսզի Դոնարա Մկրտչյանի գերեզմանին արժանի հուշաքար տեղադրենք», – ասել է Էդուարդը։

Դոնարա Մկրտչյանը հայ թատրոնի և կինոյի դերասանուհի էր։ Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Խաթաբալա», «Մհերի արկածները» և այլ ֆիլմերում։ Նրա անունը, սակայն, հանրության հիշողության մեջ անբաժան է նաև Ֆրունզիկ Մկրտչյանի հետ ունեցած բարդ ու ողբերգական ընտանեկան պատմությունից։ Այժմ` տարիներ անց, նրա շիրիմը կարող է արժանի տեսք ստանալ ոչ միայն մեկ մարդու նախաձեռնության, այլ նաև հանրային արձագանքի շնորհիվ։

«Շնորհակալ եմ մեր հայրենակիցներին, ովքեր անտարբեր չգտնվեցին և որոշեցին գումար փոխանցել շիրմաքարը հավուր պատշաճի կառուցելու համար։ Սակայն, այս նախաձեռնության համար առանձնահատուկ շնորհակալություն է պետք հայտնել «Vasil Stone» ընկերության հիմնադիր Վրեժ Վասիլյանին, որը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել Դոնարա Մկրտչյանի գերեզմանի կառուցման ամբողջ ծախսը։ Մի շիրիմ, որը տարիներ շարունակ գրեթե աննկատ էր մնացել, այժմ կարող է դառնալ հիշողության ու հարգանքի վայր։ Որովհետև մշակութային ժառանգությունը միայն բեմում կամ էկրանին ստեղծվածը չէ։ Այն նաև այն մարդկանց հիշողությունն է, ովքեր իրենց կյանքով ու ստեղծագործությամբ մի մասն են դարձել մեր պատմության»,- ամփոփեց խոսքը բլոգեր-ակտիվիստը։

Blog Image