17/09/2026

EU – Armenia

Ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանին տալիս է նոր տեխնոլոգիաներ, էներգետիկ այլընտրանքներ

Atlantic Council-ի UkraineAlert հարթակում հրապարակված նոր վերլուծությունը Հայաստանը դիտարկում է որպես հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության նահանջի ամենացայտուն օրինակներից մեկը։

Հեղինակ Ջոզեֆ Էփշտեյնի հիմնական թեզն այն է, որ Ուկրաինայի պատերազմով ծանրաբեռնված Մոսկվան այլևս չունի այն ռեսուրսն ու ազատությունը, որով նախկինում վերահսկում էր իր «մերձավոր արտասահմանը», իսկ Հայաստանում այդ բացը աստիճանաբար լրացնում են Միացյալ Նահանգները և այլ գործընկերներ։

Այս վերլուծության նշանակությունը միայն Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հերթական վատթարացման նկարագրությունը չէ։ Փոխվում է Հայաստանի մասին Վաշինգտոնում ձևավորվող ընկալումը: Տարիներ շարունակ Արևմուտքում Հայաստանը հիմնականում ընկալվում էր որպես Ռուսաստանի անվտանգային, տնտեսական և ենթակառուցվածքային համակարգերին խորապես կապված պետություն՝ ռուսական ռազմաբազայով, գազային ու երկաթուղային կախվածությամբ և երկար տարիներ ռուսական սպառազինության վրա հիմնված բանակով։ Atlantic Council-ի հոդվածն այսօր նույն հարաբերությունների համակարգը ներկայացնում է արդեն ոչ թե որպես կայուն և անփոփոխ իրողություն, այլ որպես աստիճանաբար քայքայվող ազդեցության կառուցվածք։

Եվ փաստացի փոփոխություններ իսկապես կան։ 2026 թվականի փետրվարին Ջեյ Դի Վենսը դարձավ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Այցի ընթացքում հայտարարվեց քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի, ամերիկյան V-BAT անօդաչուների վաճառքի և TRIPP-ի հետ կապված երկարաժամկետ տնտեսական ծրագրերի մասին։ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրությամբ՝ Վենսը նույնիսկ խոսեց Հայաստանի՝ տարածաշրջանային տնտեսական զարգացման «լուրջ հենասյուն» դառնալու հնարավորության մասին։

TRIPP-ը այս փոփոխության ամենաշոշափելի արտահայտություններից է։ Նախագծի շրջանակում ստեղծվող զարգացման ընկերությունում ԱՄՆ-ին նախատեսվում է 74, Հայաստանին՝ 26 տոկոս մասնակցություն՝ սկզբնական 49 տարվա ժամկետով։ Բայց առավել էականը սեփականության հարաբերակցությունը չէ․ TRIPP-ը պետք է գործի Հայաստանի ինքնիշխան տարածքում, հայկական իրավազորության ներքո՝ սահմանների, մաքսային վերահսկողության և անվտանգության նկատմամբ Հայաստանի լիազորությունների պահպանմամբ։ Սա արդեն ոչ միայն դիվանագիտական լեզվի փոփոխություն է։

Մեծ տերության ազդեցությունը իրականում նվազում է այն ժամանակ, երբ նրա նախկին բացառիկ գործառույթները սկսում են ունենալ այլընտրանքներ՝ զենքի մատակարար, էներգետիկ գործընկեր, հաղորդակցության ուղի, տեխնոլոգիական կենտրոն, քաղաքական միջնորդ։

Հենց այստեղ է Atlantic Council-ի հոդվածի հիմնական գաղափարը։ Ռուսաստանը Հայաստանում կորցնում է ոչ թե առանձին դիրք, այլ նախկինում փոխկապակցված մի ամբողջ համակարգի «էքսլյուզիվությունը»։ Եթե նախկինում անվտանգությունը, էներգետիկան, երկաթուղին և արտաքին տնտեսական տարածքը մեծապես կապված էին նույն կենտրոնի հետ, այսօր այդ ոլորտներից յուրաքանչյուրում հայտնվում են այլ դերակատարներ։

Ազդեցությունը սկսում է նահանջել այն պահին, երբ նախկին կախվածությանը իրական այլընտրանք է հայտնվում։ Բայց նույնքան սխալ կլինի կարծել, թե Հայաստանը արդեն դուրս է եկել ռուսական ազդեցության ուղեծրից։ Ռուսաստանի ներկայությունը շարունակում է պահպանվել մի շարք առանցքային ոլորտներում՝ Գյումրիի ռազմաբազայից մինչև գազաբաշխման համակարգ և երկաթուղային ենթակառուցվածք, իսկ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։

Հետևաբար այսօր տեղի ունեցողը ավելի ճիշտ է նկարագրել ոչ թե որպես վերջնական խզում, այլ որպես նախկին կախվածությունների աստիճանական թուլացում և ընտրության տարածքի ընդլայնում։ Հենց այդ պատճառով Վաշինգտոնում ձևավորվող նոր նարատիվը Հայաստանի համար միաժամանակ կարող է լինել և՛ հնարավորություն, և՛ ռիսկ։

Եթե Հայաստանը սկսի ամերիկյան քաղաքական ու փորձագիտական միջավայրում ընկալվել որպես հետխորհրդային կախվածությունների հաջող վերափոխման օրինակ, դա կարող է մեծացնել ԱՄՆ-ի հետաքրքրությունը՝ ներդրումների, տեխնոլոգիաների, անվտանգության և տարածաշրջանային կապերի նկատմամբ: Միևնույն ժամանակ Մոսկվայում այս նույն գործընթացը կարող է ընկալվել ոչ թե որպես Հայաստանի ինքնուրույնության մեծացում, այլ որպես Ռուսաստանի ազդեցության ավանդական տարածքի աստիճանական կորուստ։

Atlantic Council-ի հեղինակը հենց այդպես էլ կառուցում է իր տրամաբանությունը․ Ուկրաինայում Ռուսաստանի ներգրավվածությունը նա ներկայացնում է որպես պատճառ, որը սահմանափակում է Մոսկվայի կարողությունը նախկին ուժով հակազդելու Հայաստանում կատարվող փոփոխություններին։ Դա կարևոր է այնքանով, որքանով ցույց է տալիս՝ ինչպես է Հայաստանի վերադասավորումը մեկնաբանվում Վաշինգտոնի որոշ փորձագիտական շրջանակներում։

Հայաստանի նպատակը չպետք է լինի որևէ մեծ տերության նահանջի խորհրդանիշ դառնալը։ Հայաստանի շահը կախվածությունը մեկ կենտրոնից մյուսը տեղափոխելը չէ, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ կենտրոն այլևս անփոխարինելի չէ, իսկ ընտրությունը մնում է Երևանի

Եթե ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանին տալիս է նոր տեխնոլոգիաներ, էներգետիկ այլընտրանքներ, հաղորդակցության նոր ուղիներ և անվտանգության լրացուցիչ հնարավորություններ, դրա իրական արժեքը որոշվում է ոչ թե Մոսկվայի ազդեցության նվազումով, այլ Հայաստանի ընտրության ազատության և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեծացմամբ։ Սա սկզբունքային տարբերություն է։

Փոքր պետության հաջողությունը մի կախվածությունը մյուսով փոխարինելը չէ, այլ այնպիսի դիրք ստեղծելը, որտեղ ոչ մի կենտրոն անփոխարինելի չէ։ Atlantic Council-ի հոդվածի կարևոր տողատակն էլ հենց սա է․ Հայաստանը սկսում են դիտարկել որպես պետություն, որի աշխարհաքաղաքական ընտրությունն այլևս կանխորոշված չէ։

Սա հնարավորություն է այնքան ժամանակ, քանի դեռ մեծ տերությունների մրցակցությունը մեծացնում է Հայաստանի ընտրության ազատությունը, ոչ թե Հայաստանը դարձնում այդ մրցակցության տարածք։