«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն է։
– ՀՀ կառավարության նոր՝ հնգամյա ծրագրում, ի թիվս այլնի, երեկ հրապարակվեց «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» զեկույցը, որով նախատեսվում է ապահովել եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը։ Արդյո՞ք սա եկեղեցահալած արշավի հերթական արարը չէ, ինչպե՞ս մեկնաբանել թափանցիկության մասին դրույթը։
– Ավելի ճիշտ կլինի հարցնել, թե արդյո՞ք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունում ընդհանրապես գոյություն ունի ֆինանսավորման թափանցիկության խնդիր։ Պատասխանը միանշանակ կլինի՝ ոչ։ Դա բացահայտ հնարովի թեզ է, որի օգնությամբ փորձ է արվում հերթական անընդունելի քաղտեխնոլոգիական հնարքով Հայ եկեղեցու շուրջը ձեւավորել անառողջ տեղեկատվական մթնոլորտ։ Ֆինանսական թափանցիկության անգամ շղարշ գոյություն չունի, առավել եւս՝ տարաբնույթ քրեական հետապնդումների նյութերով, հենց այս շրջանում ֆինանսական գործունեության բոլոր փաստաթղթերը վաղուց առգրավված են։ Հիշյալ ասպեկտով Հայ եկեղեցու համար որեւէ արտոնություն սահմանված չէ, բոլոր հաշվապահական հաշվառման փաստաթղթերը մատչելի են իրավասու մարմինների համար։ Անօգուտ է նաեւ այսկերպ խուճապ տարածել բարերարների շրջանում, քանզի նրանք եղել եւ մնում են Հայ եկեղեցու աներեր հետեւորդները։ Ավելին, հայազգի բարերարներն առավելապես վստահում են հենց Հայ եկեղեցուն, ինչը, ցավոք, հնարավոր չէ արձանագրել երկրի պետական իշխանության հետ հարաբերությունների համատեքստում։
– Իշխանությունները Վեհափառի հասցեին արվող բանսարկություններից, մեղադրանքներից, ինչպես ասում են, անցել են «գործնական» քայլերի՝ դատական գործընթաց, «զեկույց», որը պետք է կյանքի կոչվի։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար այս աննախադեպ եւ ամոթալի արշավը դատապարտել եւ դատապարտում են միջազգային ազդեցիկ գործիչներն ու կառույցները։ Մայր Աթոռն ու ԳՀԽ-ն ի՞նչ իրավական գործիքակազմ են մշակել այս ամենի դեմ։
– Եթե նկատել եք, Մայր Աթոռն առանձնակի մտահոգված չէ, մասնավորապես՝ չի դրվել իրավական համարժեք գործիքակազմով արձագանքելու խնդիր։ Ինչ խոսք, այս լայնածավալ ու տարաբնույթ հետապնդումները, որոնցում ներգրավված են մի քանի տասնյակի հասնող բարձրաստիճան հոգեւորականներ, էապես խոչընդոտում է Հայ ազգային եկեղեցու բնականոն առաքելությունը, սակայն Մայր Աթոռը մնում է հանդուրժողականությանը հավատարիմ եւ պատրաստ է դիմանալ նաեւ այդ անասելի ապօրինի ոտնձգություններին։ Ցավոք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հարկադրված է դիմակայել ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ուժերի գրեթե համատեղ ու ներդաշնակ արշավներին եւ հալածանքներին։ Ընդ որում, խորքային քաղաքական նկրտումներին համոզիչ ենթատեքստ հաղորդելու համար փորձ է արվում այդ արշավը հրամցնել իբր կուսակրոնության եւ տարաբնույթ այլ ենթադրյալ հարցադրումներով։ Մինչդեռ հանրահայտ է, որ Հայ եկեղեցին հետապնդվում է բացառապես իր համազգային դիրքորոշումների համար։ Եվ ցավալին այն է, որ դրանք նույնությամբ արտացոլվում են Եվրոպայի խորհրդարանի բանաձեւերում։ Նկատենք, որ ս.թ. ապրիլյան բանաձեւում այդ եվրոպական միջազգային հեղինակավոր կառույցը ներառեց բոլոր այն թեզերը, որոնք հնչել էին Վեհափառ տիրոջ կողմից ուղիղ մեկ տարի առաջ, Շվեյցարիայում՝ համաեկեղեցական միջազգային գիտաժողովում։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդարանը հրատապ հռչակեց՝
ա) Արցախի հայերի վերադարձի իրավունքի իրացումը
բ) Արցախում հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման համար պատասխանատվություն սահմանելը
գ) ռազմագերիների վերադարձը եւ
դ) Հայաստանի զավթված տարածքների ազատումը։
Եվ սրանք հենց այն թեզերն են, որ մեզանում անվերապահորեն որակվել են իբրեւ պատերազմ հրահրող։ Այսքանից հետո հարց է ծագում․ երբ կառավարության ծրագրում պնդում ենք, որ իբր Հայ եկեղեցին արտաքին ուժերի հիբրիդային պայքարի հենարան է, ո՞ւմ նկատի ունենք՝ եվրոպական միջազգային կազմակերպությունների՞ն։
– Օրերս կայացան Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերը․ այս եւ այլ հարցեր, բնական է, քննարկվել են, հավանաբար՝ նաեւ օկուպացված Արցախ օտարերկրյա դեսպանների այցն ու Ալիեւի ռեժիմի բեմադրած շոուն, որով կասկածի տակ են դնում Դադիվանքի եւ Գանձասարի հայկականությունը եւ այլն։ Մայր Աթոռի դատապարտող արձագանքը հայտնի է։ Ո՞րն է Հայաստանի հետ, իբր, «խաղաղության լեզվով խոսող» Բաքվի այս ցինիզմի նպատակը։
– Օրեր առաջ էլ հայտարարեցին, որ դիմել են Ինտերպոլ՝ Դադիվանքի նշանավոր խաչքարերի կորստյան հիմքով։ Իրենք հրաշալի գիտեն, որ այդ խաչքարերը մեծ դժվարությամբ տեղափոխվել են Հայաստան, որպեսզի փրկվեն անխուսափելի վանդալիզմից։ Իսկ վանդալիզմը խիստ առարկայական է, եւ սա շատ հարմար առիթ է, որպեսզի կարողանանք օգտագործել եւ միջազգային կառույցներին ուղղորդել՝ քննություն տանելու ողջ Արցախում հոգեւոր-պատմամշակութային արժեքների ոչնչացման կամ յուրացման մեծաթիվ փաստերի բացահայտման ուղղությամբ։ Ներկայում արձանագրվող հայատյաց քաղաքականությունը միաժամանակ հետապնդում է մի քանի նպատակ՝ ջնջել ազգային ինքնության վերջին նշույլները եւ տկարացնել ազգային կենսունակությունն ու դիմադրողականությունը, միջազգային հարթակներում ձեւավորել զոհի կերպար, հող նախապատրաստել հետագա տարածքային ու տարաբնույթ այլ պահանջներն արդարացնելու համար, պարտվողականության սինդրոմի հենքով ձեւավորել զանգվածային արտագաղթի տրամադրություններ, խորացնել ներազգային պառակտվածությունը, ինչին անթաքույց նպաստում է նաեւ ներքին քաղաքականությունը եւ այլն։ Մեր ժողովուրդը պետք է վերջապես հստակ գիտակցի, որ գոյություն չունի պատերազմը լեգիտիմացնող կեցվածք կամ հայտարարություն։ Պատերազմն անթույլատրելի, հանցավոր արարք է՝ անկախ դրա դրդապատճառներից։ Եվ եթե մենք մտահոգված ենք պատերազմ չհրահրելու խնդիրներով, ապա ինչո՞ւ է ադրբեջանական իշխանությունն ամենօրյա ռեժիմով անդադար բացահայտ պատերազմ հրահրելու կեցվածք որդեգրել։
– Սեպտեմբերի 15-ին Երեւանում իշխանական «փակ» ակումբի մակարդակով կայացավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հերթական նիստը՝ առանց Եկեղեցու եւ Սփյուռքի։ Կառույցներ, որոնք հիմնադրամի ստեղծման եւ կայացման ողջ տարեգրության մեջ հենասյունային նշանակություն ունեն։ Իսկ խզման նախապատմությունը գալիս է 44-օրա պատերազմից հետո, երբ սփյուռքի նվիրաբերած միլիոնավոր դոլարներն ապօրինաբար փոխանցվեցին ՀՀ պետբյուջե։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայանվեր հերթական կառույցին։
– Ըստ էության, այդ կառույցը, ցավոք, վաղուց կորցրել է իր նվազագույն հեղինակությունն ու վստահությունը։ Բայց խնդիրը կոնկրետ կառույցը չէ։ Մեծ հաշվով, սփյուռքը, որի թուլացումն իշխանության ներկայացուցիչները բացահայտ հռչակում են իբրեւ պետականության հզորության գրավական, հավաքական կտրվածքով այլեւս իրեն չի ընկալում իբրեւ հայրենիքի անքակտելի տարր, իբրեւ համազգային իղձերի շահառու։ Սփյուռքը, թերեւս, չի վստահում պետական իշխանությանը, մինչդեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ խորին ակնածանքը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելի կենսունակ է դարձել։ Մեզանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք բացահայտ հակասության մեջ են սահմանադրականության հետ։ Վերջին հաշվով, սփյուռքի, Հայ եկեղեցու հետ հարաբերությունների խորությունը եւ բովանդակությունը, միանշանակ, կանխորոշված է հենց այս պահին գործող սահմանադրությամբ։
Շատերը, հավանաբար, տեղյակ էլ չեն, որ սահմանադրությամբ անգամ կա հատուկ սփյուռքի հետ կապերի վերաբերյալ իրավանորմ. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը»։ Սա ամրագրված է 19-րդ հոդվածով, մինչդեռ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անիմա հայտարարում են, թե իբր սփյուռքի վերադարձն իրենց համար առաջնահերթ չէ։ Գուցե իրենց սուբյեկտիվ կարծիքով առաջնահերթ չէ, սակայն այդ մարդիկ կոչված են գործելու բացառապես Սահմանադրության հենքով, ոչ թե այն արհամարհելով։ Ցավոք, հանրային իշխանությունը Սահմանադրության մասին հիշում է միայն այն ժամանակ եւ այն դեպքերում, երբ հարկ է լինում հղում անել իշխանություն, հարկադրանք գործադրելու լիազորություն վերապահող նորմերի վրա, սակայն չպետք է անտեսել, որ Սահմանադրությունը ռեստորանային մենյու չէ, դուք չեք կարող ընտրել միայն այն գայթակղիչ հոդվածները, որոնք ձեզ հարմար են՝ անտեսելով ու ոտնահարելով մյուսները։ Իհարկե, երբ ունեք իշխանություն, միաժամանակ իշխանության նկատմամբ վերահսկողական կառուցակարգերի ու ընթացակարգերի գրեթե իսպառ բացակայություն, կարելի է հայտարարել, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում, իրավագետները սխալ են, չգիտեն օրենքները, քաղաքագետները միամիտ են եւ այլն, բայց չպետք է անտեսել, որ, մեծ հաշվով, մեր յուրաքանչյուր, մեղմ ասած, սխալի համար հատուցում են մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, մեր ապագա սերունդը։

Բաց մի թողեք
Դպրոցում երկիշխանություն հաստատելը սխալ էր
Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք․ Լուսանկար
Մենք լրիվ այլ զեկույցի էինք սպասում