25/09/2026

EU – Armenia

Տարածաշրջանի հաջորդ տնտեսական քարտեզը ձևավորվելու է ինչի վրա ․․․

Թբիլիսիում Էներգետիկ կարգավորման համաշխարհային 9-րդ ֆորումի շրջանակում Հայաստանի ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի նախագահ Պեդրո Վերդելյոյի, EU4Energy-ի ներկայացուցիչների, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ կարգավորող մարմինների ղեկավարների հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի էներգահամակարգերի ավելի խոր ինտեգրման եւ դրանց՝ Թուրքիայի էներգահամակարգին միացման հնարավոր քայլերը։

Այս հաղորդագրությունն առաջին հայացքից կարող է նեղ մասնագիտական բնույթ ունենալ, սակայն դրա բովանդակությունը շատ ավելի լայն նշանակություն ունի։ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կարգավորող մարմինների ղեկավարները, Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի նախագահը և EU4Energy-ի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասի էներգահամակարգերի ավելի սերտ փոխկապակցման և Թուրքիայի էներգահամակարգին միացման հնարավորությունները։ Զուգահեռ քննարկվել է նաև Հայաստանին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցը՝ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ներդրման համար անհրաժեշտ կարգավորող դաշտը ձևավորելու նպատակով։

Այս քննարկումը պետք է դիտարկել Հարավային Կովկասի քաղաքական և տնտեսական քարտեզի լայն համապատկերում։ Վերջին երեք տասնամյակներին տարածաշրջանի ուժային հարաբերությունները ձևավորվել են նաև էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Հարավային Կովկասի գազամուղը հաստատեցին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ առանցքը և այդ ուղղությանը տվեցին երկարաժամկետ ռազմավարական կշիռ։ Հայաստանը դուրս մնաց այդ համակարգից։ Արդյունքում խողովակաշարերի աշխարհագրությունը դարձավ նաև ազդեցության, կապերի և արտաքին քաղաքական ընտրությունների աշխարհագրություն։

Էլեկտրական ցանցերի ինտեգրումը տարածաշրջանային կապերին տալիս է ավելի խոր ինստիտուցիոնալ բովանդակություն։ Միասնական կամ փոխկապակցված ցանցի աշխատանքը պահանջում է համակարգերի համակարգված աշխատանք, բեռների հավասարակշռում, վթարային փոխօգնության մեխանիզմներ, ընդհանուր տեխնիկական չափանիշներ, շուկայի համադրելի կանոններ և տվյալների փոխանակում։ Այս ամենը ձևավորում է պետությունների ու կարգավորող կառույցների մշտական գործակցություն։ Այսպիսով, էներգետիկ կապը դառնում է տարածաշրջանային վստահության և երկարաժամկետ քաղաքական համագործակցության հենասյուներից մեկը։

Հայաստանի համար այստեղ բացվում է ռազմավարական նոր հնարավորություն։ Տասնամյակներ շարունակ երկրի էներգետիկ կապերը մնացել են սահմանափակ աշխարհագրության մեջ՝ հյուսիսում ռուսական համակարգի գերակշիռ ազդեցությամբ, հարավում՝ Իրանի հետ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակմամբ, իսկ արևմտյան և արևելյան ուղղություններով՝ փակ կամ չգործող կապերով։ Տարածաշրջանային նոր ցանցի ձևավորումը կարող է աստիճանաբար փոխել այս պատկերը և Հայաստանի էներգետիկ համակարգը կապել Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շուկաների հետ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, որը նախատեսված է Հարավային Կովկասը եվրոպական էլեկտրական ցանցերին կապելու համար։ Այդպիսի զարգացումը Հայաստանին կարող է տալ շատ ավելի լայն էներգետիկ աշխարհագրություն և նոր տեղ տարածաշրջանային կապերի համակարգում։

Էներգետիկ նոր քարտեզի ձևավորումը երկարատև գործընթաց է․ պահանջում է խոշոր ներդրումներ, տեխնիկական համադրելիություն, հստակ կարգավորումներ և կայուն քաղաքական վստահություն։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում TRIPP-ի վերաբերյալ ամերիկյան վերջին հայտարարությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացմամբ՝ Հայաստանի տարածքով նախատեսվող ենթակառուցվածքային համակարգը ներառում է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն, խողովակաշարեր, էլեկտրական ցանցեր և թվային կապեր։ Ամերիկյան կողմը նաև մատնանշել է 2027 թվականը՝ որպես էլեկտրական կապերի գործարկման հնարավոր ժամկետ՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանցերը հետագայում Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և եվրոպական համակարգերի հետ կապելու հեռանկարով։ Այսպիսով, TRIPP-ը աստիճանաբար ձեռք է բերում նաև էներգետիկ աշխարհագրություն՝ Հայաստանի համար բացելով տարածաշրջանային ավելի լայն կապերի հնարավորություն։

Սա TRIPP-ին տալիս է աշխարհատնտեսական լայն բովանդակություն։ Սյունիքով անցնող ենթակառուցվածքը կարող է դառնալ տրանսպորտային միջանցքի, էներգետիկ ցանցի և թվային կապի համակցված հարթակ։ Այդպիսի հանգույցի արժեքը որոշվում է հոսքերի բազմազանությամբ։ Բեռը, էլեկտրաէներգիան, տվյալները և կապիտալը նույն աշխարհագրության վրա ստեղծում են փոխադարձ կախվածությունների խիտ համակարգ։

Էներգիայի կուտակման թեման այս պատճառով առանձնապես կարևոր է։ Կուտակիչը քաղաքական նշանակություն ունեցող տեխնիկական ենթակառուցվածք է։ Այն հնարավորություն է տալիս պահել արևային արտադրանքի ավելցուկը, մեղմել պիկային բեռները, բարձրացնել ցանցի ճկունությունը և մասնակցել տարածաշրջանային հավասարակշռման շուկաներին։ Հայաստանը կարող է ներգրավվել որպես համակարգի բալանսավորման և պահեստավորման հանգույց։ Այդ դերը պահանջում է ժամանակակից կարգավորում, փոխանցման նոր հզորություններ, մրցակցային շուկա և ներդրումային կանխատեսելիություն։

Պատմության մեջ ենթակառուցվածքները հաճախ ավելի երկար կյանք են ունեցել, քան դաշինքները։ Երկաթուղիները ձևավորել են կայսրությունների տնտեսական աշխարհագրությունը։ Նավթամուղները վերափոխել են հետխորհրդային Հարավային Կովկասի ուժային հաշվեկշիռը։ Այս տասնամյակի առանցքային ենթակառուցվածքներից կարող է դառնալ էլեկտրական ցանցը՝ վերականգնվող էներգիայի, կուտակիչների, տվյալների կենտրոնների և թվային տնտեսության պահանջներով։

Հայաստանի հիմնական խնդիրը նոր ձևավորվող համակարգում իր տեղը ժամանակին և ամուր ամրագրելն է։ Փոքր պետության ազդեցությունը մեծանում է, երբ նրա տարածքը, ենթակառուցվածքներն ու կապերը դառնում են տարածաշրջանային հաշվարկների անհրաժեշտ մաս։ Հայաստանը երկար տարիներ վճարել է շրջանցված լինելու տնտեսական և ռազմավարական գինը։ Նոր էներգետիկ ճարտարապետությունը հնարավորություն է տալիս փոխել այդ դիրքը և Հայաստանին դարձնել տարածաշրջանային կապերի պահանջված օղակ։

Թբիլիսիի քննարկումը ցույց տվեց, որ Հարավային Կովկասի նոր էներգետիկ համակարգում Հայաստանը կարող է ստանձնել կապող հանգույցի դեր։ Առայժմ դա ձևավորվող հեռանկար է, որի իրականացման համար անհրաժեշտ են ներդրումներ, նոր ենթակառուցվածքներ և քաղաքական պայմանավորվածություններ։ Սակայն ուղղությունն արդեն հստակ է։

Տարածաշրջանի հաջորդ տնտեսական քարտեզը ձևավորվելու է ճանապարհների, խողովակաշարերի, բարձրավոլտ գծերի, էներգիայի կուտակման համակարգերի և թվային ցանցերի շուրջ։ Հայաստանի առաջնային շահը այդ համակարգում իր դերը երկարաժամկետ ամրագրելն է՝ իրավական, տեխնիկական և տնտեսական հստակ հիմքերով։