Այսօր հերոսության խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գնաց քաղաքապետարան։ Գնաց՝ ոչ թե ինչ-որ մեկից լավություն խնդրելու։ Գնաց իր որդու հիշատակի, իր ընտանիքի արժանապատվության և հանրության բարձրացրած պահանջի հետևից․ «Հանդիպեցի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ։
Ստացա անհրաժեշտ պարզաբանումներ, ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո համապատասխան որոշում կկայացվի»։
Բայց այստեղ մի կարևոր բան կա։
Հանրային պահանջը չի կարելի կիսատ թողնել։ Եթե այսօր պահանջում ենք, վաղը պետք է հիշեցնենք, մյուս օրը՝ նորից պահանջենք, մինչև ստանանք հստակ պատասխան և տեսնենք արդյունքը։ Որովհետև այս իշխանությունն աշխատում է հանրության գիտակցության վրա ու ամեն օր նախորդ օրվանից ավելի սոսկալի քայլեր է կատարում։
Հերոսի հայրը գրում է․ «Վերջնական պատասխանը ստանալուց հետո անպայման կտեղեկացնեմ մամուլին և բոլոր մտահոգ հայրենակիցներին։ Իսկ մինչ այդ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին հերոսի և նրա ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հրապարակումը, յուրաքանչյուր աջակցությունը մեզ ուժ է տվել։ Շնորհակալ եմ, որ կաք»։
Վերջին տարիներին իշխանությունը շատ հարցերում իրեն թույլ է տվել ավելի ու ավելի առաջ գնալ։ Բայց իշխանության լկտիության պատճառը միայն իշխանությունը չէ։ Դրա մյուս կողմում հաճախ մեր՝ հանրության լռությունն ու կիսատ թողած պահանջներն են։ Երբ հանրությունը պահանջում է ու հետո հոգնում, լռում, իշխանությունը մտածում է է, որ կարելի է սպասել՝ մինչև հանրությունը մոռանա։
Այս անգամ չմոռանանք։ Ոչ միայն Ալբերտի, այլ մեր բոլոր հերոսների ինչ որ մեկի ձեռքով ջնջվող կենսագրությունները չմոռանանք։ Չթողնենք, որ որևէ մեկի ձեռքով ջնջվեն, փոխվեն կամ մոռացության մատնվեն նրանց կենսագրության էջերը։ Հերոսի նկարի վերականգնումը ոչ թե մեկ ընտանիքի անձնական խնդիրը պետք է մնա, այլ հանրային պահանջ։ Եվ ինչպես հերոսի հայրն է ասում․ «Եվ այդ պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»։
Ոչ աղմուկի համար։
Ոչ մեկին նեղացնելու համար։
Այլ որովհետև երբ խոսքը հերոսի հիշատակի մասին է, կիսատ թողնելու իրավունք պարզապես չունենք։ Հայի ոգին կոտրելու իրավունք չունենք։ Բոլոր պատճառաբանությունները սին են։ Մի ընդհատեք հերոսների կյանքը․ վերականգնեք հիշատակը։

Բաց մի թողեք
Իշխանությունը կարող է հասնել մեր մարմնին, բայց ոչ մեր խղճին, կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Ռուբեն Սրբազան
Սեուտայի ճգնաժամը վերստին բորբոքում է ԵՄ-ում ապաստան ստանալու իրավունքի կասեցման շուրջ բանավեճը
Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից