«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Քրիստինե Մալխասյանին հիվանդանոցից հիվանդանոց են տանում՝ սպասելով վերջին շնչին: Նա ընդամենը 51 տարեկան է, բայց արդեն առնվազն 75 տարեկանի տեսք ունի: Ոտքերին հնարավոր չէ նայել` ամբողջությամբ արյան ու թարախի մեջ են: Ջերմությունը չի իջնում: Չի ուտում: Անընդհատ սրտխառնոց ունի: Վաղուց չի քայլում: Ոտքերի երկայնքով մեկ սարսափելի արնաշաղախ թարախային խոցեր են:
Հրապարակ թերթը գրել է․ Հունվարից Քրիստինե Մալխասյանը գտնվում է նախնական կալանքի տակ։ Մեղադրանքը՝ խարդախություն: Սեփական բնակարանի վաճառքի շուրջ առաջացած սովորական գումարային վեճը մեր քննչական մարմինները շտապել են որակել որպես քրեական հանցանք ու ամենախիստ խափանման միջոցն են կիրառել հիվանդ, բազմաթիվ վիրահատությունների ենթարկված կնոջ նկատմամբ՝ կալանքը:

Բանտում անցկացրած ամիսներին Քրիստինեի առողջական խնդիրները սրվել են: Կալանքը նրա համար վերածվել է դանդաղ, տանջալից մահապատժի: Անգամ «Աբովյան» ՔԿՀ-ում նրան չեն ուզում պահել, որովհետեւ ի վիճակի չեն խնամքն ապահովելու:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ -ի տրամադրած էպիկրիզում, որտեղ կնոջը կարճ ժամանակով պառկեցրել էին, նշված է, որ առկա է երիկամների սուր վնասում ծանր աստիճանի զարգացած խրոնիկ երիկամային հիվանդության ֆոնին, «տերմինալ փուլ սուր հեմոդիալիզային ընթացքով», ծանր աստիճանի կախեքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծայրահեղ հյուծվածություն, շաքարային դիաբեթ եւ էլի մեկը մյուսից սարսափելի տերմինների մի երկար շարան:
Մարմնական վիճակն էլ ավելի սարսափելի է. կինն ունի աջ նստատեղի գոտային քառորդում՝ բաց աբսցես, վերին դրսային քառորդում՝ թարախային վարակ: «Ամբողջ հետույքը խոցերի մեջ է, մինչև ոսկորը բաց է, արյունն ու թարախը գնում են։ Այսպիսի ծանր վիճակով ամեն օր դիալիզ են արել…»,- սարսուռով պատմում է Քրիստինեի դուստրը՝ Անին:
Նա ասում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը իր մորը մի հաստատությունից մյուսն է տեղափոխել, բայց բացի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մյուս բոլոր տեղերում կնոջը պարզապես փակել են դռների հետեւում, թողնելով անօգնական վիճակում: Երբ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրացել է նրան պահելու ժամանակը, կալանավայրը հրաժարվել է հետ ընդունել անկողնային հիվանդին: Քրիստինեին տեղափոխել են գերատեսչական խնամքի կենտրոն, որտեղ, հարազատների պնդմամբ, երկու օր շարունակ ոչ ոք դուռը չի բացել։ Մարդը սեփական արյան, թարախի եւ մեզի մեջ, առանց տակդիրը փոխելու, պառկած է մնացել 2 օր:
«Մեր հիվանդը չի, չենք կարող բուժօգնություն ցույց տալ»,- ահա կենտրոնի պատասխանը։ Այնուհետև, ինչպես պատմում են Քրիստինեի դուստրերը՝ Անին եւ Ռուզաննան, կալանավայրի պետի հրահանգով, իրենց մորը «մեքենայով բերել գցել են» մաշկավեներական հիվանդանոց, որտեղ հիմա նա մեկուսացված է մի սենյակում։ Բաժնի պետն էլ անկեղծացել է, թե ինքը ընդունել է, ապաստարան է տվել, բայց իրենց պրոֆիլը չէ։ «Անալիզները սարսափելի են: Հեմոգլոբինի տոկոսը 65 է, երբ նորման 140-150 է, ամեն վայրկյան կարող է սկսվել արյան վարակ (սեպսիս), մամայիս ոտքը կարող է ամպուտացվել։ Այսօր էլ առաջարկել են տեղափոխել հարևանությամբ գտնվող այրվածքաբանական կենտրոն, որտեղ կա ռեանիմացիա: Ոչ մի բուժում, ոչ մի իրական խնամք. մարդուն պարզապես պատգարակով տանում, մի տեղից մյուսն են շպրտում, ինչպես ավելորդ բեռ», – պատմում է Քրիստինեի դուստրը։ Պատգարակի ամեն մի դմփոցից ու շարժումից բաց խոցերը սկսում են արյունահոսել, ցավը դառնում է անտանելի, եւ Քրիստինեն այլեւս հրաժարվում է տեղաշարժվել. «Ինձ թողեք այս մի մահճակալի վրա մնամ, թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ…», – ասել է նա աղջիկներին։
«Պետության տրամադրված հանրային պաշտպանը, անունը՝ Ալեքս, նույնիսկ վստահ չէ՝ ի՞նքն է զբաղվում այս գործով, թե՞ ոչ. «Չգիտեմ, երևի ես եմ»,- ասաց նա, երբ իրեն զանգեցի: Վճարովի փաստաբան ներգրավելն էլ անհնար է, քանի որ նրան թույլ չեն տալիս մտնել մամայիս մոտ: Ասում են՝ դիմեք դատարան, իսկ դատարանի պատասխանին սպասելու օրեր մաման չունի: Տուպիկի առաջ ենք կանգնել», – պատմում է Քրիստինեի դուստրը՝ Ռուզաննան:
Աղջիկները պահանջում են փոխել իրենց մոր կալանքի որոշումը, քանի որ նրա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, պահանջում են գոնե տնային կալանք սահմանել, որ կարողանան բուժել մորը, տանելի պայմաններ ապահովել հիվանդի համար:
Բայց դատախազությունը հանցավոր լռություն է պահպանում։ «Գոնե փաստաթղթերը դատարան չեն ուղարկում, որպեսզի խափանման միջոցը փոխվի տնային կալանքի, և մենք կարողանանք տիրություն անել մամային: Փոխարենը՝ ՔԿՀ-ից մեզ սպառնում են, որ կտանենք կալանավայր, մի հեռու խուց, դուռը կփակեն վրան, թող ինչ ուզում է լինի», – ասում է Անին:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանը «Հրապարակի» հարցին, թե ինչու Քրիստինե Մալխասյանը պատշաճ բուժում չի ստանում, պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ը եւ Առողջապահության նախարարության բուժհաստատությունները, որտեղ ուղեգրվել է Քրիստինե Մալխասյանը իրենց պարտավորությունները պատշաճ կատարում են: Խնդիրը, ըստ Նաիրա Բաբայանի այն է, որ հիվանդը հրաժարվել է բուժումից եւ դրա վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել: «Հիմա էլ նա գտնվում է ԱՆ բուժական հիմնարկում: Քրիստինեն ինքը հրաժարվում է բուժօգնությունից, իր ձեռքով գրված բազմաթիվ դիմումներ ունենք: Նա պետք է թույլ տա, որ իրեն օգնեն, որ իր վիճակը ավելի չվատանա: Սա վերաբերում է նաեւ նրա քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքին: ՔԿՀ-ում նույնպես նա գրավոր հրաժարվել է բուժումներից, առանց որեւէ պատճառի ու բացատրության: Մենք դիմել ենք նույնիսկ քրեակատարողական հիմնարկի պետին, որ նա փորձի որեւէ ձեւով համոզի Քրիստինե Մալխասյանին, որ թույլ տա իրեն օգնենք, սակայն նա կրկին հրաժարվել է: Ներկայումս էլ կալանավորը գտնվում է քաղաքացիական բուժհաստատությունում», – ասում է Նաիրա Բաբայանը:
Ինչո՞ւ է Քրիստինե Մալխասյանը հրաժարվում բուժումներից, պաշտոնյան տեղյակ չէ: Տեղյակ են Քրիստինեի դուստրերը՝ Անին եւ Ռուզաննան. «Հրաժարվում է, որովհետեւ 80/60 ճնշումով տանում են դիալիզի, ինքը չի դիմանում, վատանում ա, ասում են՝ դե գրի, որ հրաժարվում ես: Եւ հետո՝ մաշկավեներականում, կամ խնամքի կենտրոնում ի՞նչ բուժում պետք է անեն երիկամային անբավարարության, որ ինքն էլ հրաժարվի: «Գրիգոր Լուսավորիչում» եղել է, ամեն բուժումներ արել են, բա ինչո՞ւ չէր հրաժարվում: Իրենք նորմալ հիվանդանոց չեն տանում, անոթաբանը տեսավ, ասաց՝ շտապ տարեք անոթային հիվանդանոց, իրենք տարան կալանավայր, օրերով քցեցին այնտեղ: Հիմա ոտքերը կտրելու ենթակա են արդեն, անընդհատ արյուն է հոսում, մի ձենի գոռում ա առավոտից երեկո»:
Հ. Գ. Այսպես «ժողովրդավարության բաստիոնում», կալանավորված մի կին լքված, մահանում է, իսկ երկրի բարձր ամբինոններից, միջազգային բեմահարթակներից, շքեղ սրահներում մարդասիրական սեթևեթ ճառեր են հնչում մարդու իրավունքների եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին: Տիկին Աննա Հակոբյանը ժպտում է տեսախցիկներին ու խուլ, անտարբեր դեմքով կարեկցանք քարոզում:

Բաց մի թողեք
Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ․ Լուսանկար
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար