27/09/2026

EU – Armenia

ԵՄ-ն ավելացնում է տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնությունը․ «Եվրոպան ձեր կողքին է»․ ֆոն դեր Լեյենը

Շաբաթ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց մոտ 710 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

«Հակամարտությունները, ծայրահեղ եղանակային պայմանները և կյանքի թանկացումը խաթարում են աշխարհում բազմաթիվ մարդկանց կյանքը», – ասել է ֆոն դեր Լայենը։ «Եթե միասին աշխատենք, կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել»։

«Իմ ուղերձը պարզ է՝ Եվրոպան ձեր կողքին է», – հավելել է նա։

Ֆինանսական միջոցների ավելի քան կեսը՝ 380 միլիոն եվրոն, կուղղվի միգրանտների պաշտպանությանը և մարդասիրական ճգնաժամերի հաղթահարմանը։ Մնացած մասը կօգտագործվի Եթովպիայում առաջնային բուժօգնության համակարգն ամրապնդելու (60 միլիոն եվրո) և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար (103 միլիոն եվրո՝ Պաղեստինի և Լիբանանի, 52 միլիոն եվրո՝ Ուկրաինայի համար)։

Միգրացիային առնչվող ֆինանսավորումը կուղղվի միգրանտների պաշտպանությանը, նրանց վերադարձին, ենթասահարյան Աֆրիկայի բնակիչների վերաինտեգրման ծրագրին, ինչպես նաև միգրացիայի կառավարմանն ու Արևելյան Մավրիտանիայում և Քենիայում միգրանտներին ընդունող համայնքներին աջակցելուն։

Ենթասահարյան Աֆրիկա կուղղվի լրացուցիչ 97 միլիոն եվրո՝ հրատապ մարդասիրական օգնության տեսքով՝ պարենային անապահովության, թերսնուցման և կլիմայական ցնցումների հետևանքները հաղթահարելու նպատակով։

Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի կողմից մարդասիրական նպատակներով տրամադրվող ֆինանսական աջակցությունը կտրուկ նվազել է։ Ամերիկյան վերլուծական կենտրոնի՝ «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի (Carnegie Endowment for International Peace) գնահատմամբ՝ վերջին երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ին ուղղվող ԱՄՆ-ի մարդասիրական ֆինանսավորումը կրճատվել է մոտ 80%-ով։

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այն երկիրը, որն ամենաշատ հումանիտար օգնությունն է տրամադրում միանձնյա (3,8 միլիարդ դոլար՝ 3,3 միլիարդ եվրո):

Տարեսկզբից ի վեր Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է ավելի քան 2,53 միլիարդ եվրոյի հումանիտար օգնություն։ Օգոստոսին հայտարարվել է, որ ԵՄ-ն և ԵՄ անդամ երկրները միասին ապահովում են համաշխարհային հումանիտար ֆինանսավորման ամենամեծ մասնաբաժինը։