Փաշինյանն ինքն է իրեն հասցրել այն վիճակին, որ այսօր մի բառ անգամ չի կարող ասել Շաքիի ողբերգական դեպքի մասին։
Ի՞նչ ասի, ո՞նց ասի, որ Ադրբեջանը չբարկանա։ Շաքիի ողբերգության մասին չի խոսում ոչ թե որովհետև չգիտի՝ ինչ ասել, այլ որովհետև վախենում է՝ ասածի գինը իշխանության պահպանման համար վտանգավոր լինի։
Ձևը գտել է․ դեպքից մի քանի օր հետո իր նազիր-վեզիրներին հրահանգել է հեռվից մոտենալ հարցին։ Երեկ, օրինակ, Պետրոսը Նարեկ Կարապետյանին մոտավորապես այսպիսի բան էր ասում․
– Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ Պատասխանատվություն վերցնո՞ւմ եք։
Այսինքն՝ ողբերգության մեջ առաջին հարցը ոչ թե այն է, թե ինչ է եղել մեր քաղաքացիների հետ, այլ՝ ինչ կլինի, եթե ադրբեջանցուն չհանձնենք։ Փաստորեն Փաշինյանը Պետրոսի բերանով խոսում է։
Արամ Սարգսյանն էլ նույն աշխատանքը կատարում էր ավելի դրամատիկ ձևով՝ ադրբեջանցի զինվորին, հավանաբար, սեռական բռնության են ենթարկել։
Մյուսների մասին էլ չասեմ։
Իսկ մոր՝ երեխաների աչքի առաջ գնդակահարվելու, մի ամբողջ ընտանիքի ահաբեկման, մարդկանց կրած ֆիզիկական ու հոգեբանական տառապանքի մասին՝ լռություն։
Որովհետև խնդիրը ժողովուրդը չէ։ Խնդիրը Փաշինյանի իշխանությունն է։
Նա հիմա ոչ թե ժողովրդին է պաշտպանում հնարավոր հետևանքներից, այլ ինքն իրեն՝ քաղաքական հետևանքներից։ Աթոռը հանկարծ չկորցնի։ Ոչ թե մտածում է՝ ինչպես պաշտպանել այդ ընտանիքի արժանապատվությունը, այլ՝ ինչպես չփչացնել իր խաղաղության հեքիաթը։ Ոչ թե՝ «Ի՞նչ եղավ մեր քաղաքացիների հետ», այլ՝ «Ի՞նչ կասի Ադրբեջանը, եթե սա բարձրաձայնենք»։
Նրա գործողությունների տրամաբանությունը պարզ է․
Ադրբեջանին չնեղացնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Խաղաղության միֆը չփլեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Հասարակությանը վախեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Ու դա պիտի անեն իր նազիր-վեզիրները։
Ադրբեջանցուն պետք է հնարավորինս արագ կարմիր բանտիկով փաթեթավորել ու հանձնել, որպեսզի Փաշինյանի իշխանությունը անվտանգ մնա։
Ի վերջո, նա հասել է այն վիճակին, երբ խաղաղությունը պահպանելու անունով ստիպված է առաջին հերթին սեփական իշխանությունը պահպանել։ Նրա համար այսօր ամենավտանգավորը ոչ թե այն է, ինչ կարող է պատահել ժողովրդին, այլ այն, ինչ կարող է պատահել իր իշխանությանը։

Բաց մի թողեք
Բյուրակնը՝ «Արևմտյան Ադրբեջանի» թիրախում․ ինչ է ասում համայնքի ղեկավարը
Օրակարգը շեղելու համար ինչ սադրանքի ասես կդիմե՞ն
Ի՞նչ կարժենա գազը Հայաստանի համար