ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման հարցը քննարկելու համար։
Զրույցը կկայանա մոտ ժամանակներս, լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսե՞լ է ժանտախտի մասին Պուտինի հետ։
Հարցին՝ ի՞նչ են ասում ԱՄՆ հատուկ ծառայությունները իրավիճակի մասին, Թրամփը խոստացել է հաղորդել «վաղը», գրում է AFP-ն։
Ռուսական պետական լրատվական գործակալությունները, այդ թվում՝ ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակել են Թրամփի և Պուտինի միջև սպասվող զրույցի մասին հաղորդագրություններ, սակայն չեն նշել, թե ինչ է պատրաստվում քննարկել ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նախագահի հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Իրկուտսկում ժանտախտի դեպքերի բացակայության մասին: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հոկտեմբերի 6-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ընթերցել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանը կազմակերպության հարցմանը. «Այս վտանգավոր հիվանդության դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում»։
Բացատրելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ Լինդմայերը նշել է, որ հոկտեմբերի 2-ին «ներքին մոնիթորինգի համակարգը գրանցել է լրատվամիջոցների հաղորդագրություններ Իրկուտսկի շրջանում թոքային ժանտախտից ենթադրյալ մահվան մասին և սկսել է վերահսկել իրավիճակը»։
«Հաջորդ օրը ԱՀԿ-ն կապ է հաստատել Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ՝ Միջազգային առողջապահական կանոնակարգին համապատասխան լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ դեպքը, դրա հանգամանքները, անցկացված լաբորատոր թեստերը և դրանց արդյունքները, կոնտակտների հետևման հիմնավորումը, կոնտակտների առողջական վիճակը և միջազգային հանրային առողջության վրա հնարավոր ցանկացած հետևանքներ ստուգելու համար», – ասել է Լինդմայերը։
Ռոսպոտրեբնադզոր-ն ավելի վաղ՝ երեքշաբթի օրը հայտարարել էր, որ Սիբիրյան ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորատորիայի մահացած աշխատակցի հետ շփման մեջ գտնվող անձանց մոտ ժանտախտի դեպքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը: Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ կնոջ մահից հետո քաղաքում ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ. նրա հետ շփման մեջ գտնվող բոլոր անձինք նույնականացվել են և տեղափոխվել բժշկական հսկողության տակ՝ ամենօրյա լաբորատոր հետազոտություններով։

Բաց մի թողեք
Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ պատերազմի․ ո՞վ է թիրախում