Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է, և այդ տարելիցի առիթով շատերը ասում են, գրում են, որ անգամ 27 տարի անց այդ ոճրագործության կազմակերպիչները չեն բացահայտվել:
Հրապարակ թերթը գրել է․ Անմիջական իրականացնողները` Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը կալանավորվեց ԱԺ դահլիճից, Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները ովքեր դատապարտվել էին ցմահ ազատազրկման այժմ իրենց պատիժն են կրում ԱԱԾ-ի կալանավայրում, խմբի մի քանի անդամ մահացել են: Դեռ ամենասկզբից ասվում էր, որ այդ ոճրագործությունն ունի արտաքին հովանավորներ կամ կազմակերպիչներ`Թուրքիա, Ռուսաստան, մյուսները դրա կազմակերպման մեղքը դնում էին օրվա իշխանությունների վրա, այն տրամաբանությամբ, որ եթե դրա արդյունքներից օգտվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակվա ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ուրեմն հենց նրանք էլ կազմակերպել էին:
Բայց քննարկված բազմաթիվ վարկածներ ոչ միայն հիմնավոր չէին, այլ որևէ տրամաբանական բացատրություն չէին տալիս կատարվածին: Իրականում հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վաղուց բացահայտված կլիներ, եթե դրա հետևում կանգնած չլինեին իսկապես շատ ազդեցիկ ուժեր, այնքան ազդեցիկ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր կարող ոչ միայն բացահայտել նրանց, այլ անգամ դրա մասին խոսել: Փորձենք ներկայացնել մեր տարբերակը, որը և տրամաբանական է, և բանական:
Որ ամեն ինչ հասկանալի լինի սկսենք նախապատմությունից, քանի որ ոչ մի հանցագործություն, այն էլ այդ մաշտաբի հենց այնպես չի կազմակերպվում: 1989-91 թվականներին Խորհրդային Միությունը պարտվեց Միացյալ Նահանգներին, պարտվեց Սառը պատերազմում: Ինչպես պատերազմում հաղթող ամեն երկիր, ԱՄՆ-ը տիրացավ պարտված երկրի տարածքին և իր գերիշխանությունը հաստատեց այդ տարածքի նկատմամբ: Հայաստանը բացառություն չէր: 1990 թվականին Հայաստանում հաստատվեց պրոամերիկյան վարչակազմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Չնայած նույն թվականին Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին, հետո ճանաչվեց աշխարհի կողմից, դարձավ ՄԱԿ-ի անդամ, սակայն ինչպես Խորհրդային Միության կազմի մեջ մտնող մյուս 14 հանրապետությունները, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, դարձավ ամերիկյան պրոտեկտորատի տակ գտնվող տարածք: Բոլոր վասալ պետություններն էլ՝ Աֆրիկայում, թե Լատինական Ամերիկայում ֆորմալ անկախություն ունեն:
1989-94 թվականներին Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դեմ և այդ պատերազմի արդյունքում հաղթանակ տարավ: Հայաստանում ձևավորվեց նոր իշխանական էլիտա, որը ցանկանում էր Հայաստանը տեսնել իսկապես անկախ պետություն՝ առանց արտաքին կառավարման և առանց ամերիկյան պրոտեկտորատի: Այդ էլիտայի փաստացի առաջնորդը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, ում ազդեցությունը երկրի կառավարման համակարգում գնալով մեծանում էր, իսկ ԱՄՆ-ի դրածո Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը՝ հետզհետե նվազում: 1996 թվականին ԱՄՆ-ը փորձեց Հայաստանում իշխանափոխություն անել, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր իշխանությունը հանձնել Վազգեն Մանուկյանին, սակայն Վազգեն Սարգսյանը կտրուկ դեմ արտահայտվեց այդ փոփոխությանը և իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերի միջոցով պահեց իշխանությունը: Սարգսյանը եթերում հայտարարեց, որ եթե ժողովուրդը 100 տոկոս էլ ձայն տար Վազգեն Մանուկյանին, նրան իշխանություն տվող չկար: Վազգեն Սարգսյանը մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին, ասելով, որ իշխանության տերն ինքն է, ինքն է որոշում՝ ով պետք է կառավարի Հայաստանը: 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և ՆԳ ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ պետական հեղաշրջում իրականացրեցին և Տեր-Պետրոսյանին հեռացրեցին իշխանությունից, Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վազգեն Սարգսյանի գլխավորած Միասնություն դաշինքը հաղթեց ընտրություններում, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ: Այդպիսով երկրի և օրենսդիր, և գործադիր իշխանությունը և նախագահի պաշտոնը անցան հեղաշրջման մասնակիցներին: Եթե Հայաստանն իսկապես անկախ է եղել, ապա 1999 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսներին:
Միացյալ Նահանգները չէին կարող իրենց պատկանող տարածքը կորցնել, և բնական է, որ ինչ որ բան պետք է ձեռնարկեին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված խումբը մտավ ԱԺ և գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ով 1999 -ին էր միացել անկախականների թիմին: Հաշվարկը շատ պարզ էր՝ վարչապետին և ԱԺ նախագահին ոչնչացնում ենք, իսկ դրա պատասխանատվությունը գցում նախագահի և ԱԱ նախարարի վրա: Հայաստանում սկսվեց անկայունության և ներիշխանական պայքարի մի ժամանակաշրջան, որն ավարտվեց 2004 թավականին: Մյուս կողմից սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը ինքը լինելով ամերիկյան վասալ երկիր, ոչ իրավունք, ոչ էլ առիթ ուներ Հայաստանում նման ոճրագործություն կազմակերպելու: Ամերիկացիները ցույց տվեցին, թե ինչ է լինում բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են ոտնձգություն անել իրենց սեփականության դեմ, ովքեր փորձում են ամերիկյան սեփականությունը համարել իրենցը: Գրեթե նույն բանը ամերիկացիներն այս տարի արեցին Իրանի հետ, սպանելով այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ցանկանալով տիրանալ Իրանին: Իրանի դեպքում դա դեռ չի ստացվում:
Հոկտեմբերի 27-ի արդյունքում ամերիկացիները կրկին վերահսկողություն հաստատեցին Հայաստանի նկատմամբ, բայց այդ վերահսկողությունը ամբողջական չէր, քանի որ թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը 1998 թվականի հակաամերիկյան հեղաշրջման մասնակիցներ էին, բացի դա, լինելով Արցախյան պատերազմի մասնակիցներ, պատրաստ չէին դավաճանության և ազգային ուրացման: 2018 թվականին կազմակերպված գունավոր հեղաշրջմամբ ամերիկացիները Հայաստանի նկատմամբ վերահսկողությունն ամբողջովին վերականգնեցին, ինչի հետևանքներն էլ մենք վայելում ենք:


Բաց մի թողեք
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի
2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով