29/10/2026

EU – Armenia

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանո՞ւմ եք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գրառումը քննադատական արձագանքների է արժանացել սոցցանցերի օգտատերերի շրջանում։

Հրապարակ թերթը գրել է․ «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»,- այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում ծագած վիճաբանությունից, որը վերածվել է քաշքշոցի և ծեծկռտուքի։ Բախումները շարունակվել են նաև խորհրդարանի միջանցքում։

Վարչապետի գրառումը, սակայն, մի շարք օգտատերերի դժգոհությունն է առաջացրել։ Մեկնաբանություններում նրանք քննադատել են երկրի ղեկավարի արձագանքը՝ այն համարելով անպատշաճ նման իրավիճակի համար։

«Ուժ չափելու և կիրառելու համար այլ վայրեր կան։ Տգեղ երևույթ է, ամոթ բոլորին»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկնաբանություններից մեկում նշվել է. «Ասենք՝ սա երկրի ղեկավարի խոսք է,հա՞:Դրա համար էլ այս վիճակում է մեր երկիրը»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Ուրախանում եք, որ Ազգային ժողովում մանկապարտեզ է, ու կարողանում եք իրար ծեծել։ Լավ, մենք՝ ժողովուրդս, ի՞նչ անենք»։

Քննադատական մեկ այլ արձագանքում օգտատերը հարց է բարձրացրել իշխանության ներկայացուցիչների վարքագծի և պատգամավորների վարձատրության վերաբերյալ՝ գրելով. «Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ու սրանք միլիոններ են ստանում, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք»։