Տնտեսագիտության դոկտոր, բնապահպանական քաղաքականության եւ բնական պաշարների կառավարման մասնագետ՝ ֆրանսահայ Անկինե Կիրակոզյանի հետ զրույցն ավարտեցինք Հայաստանի՝ ԵՄ անդամագրման մասին հարցով․ «Եվրոպայում անհանգիստ է, իսկ Հայաստանը որոշել է անդամագրվել Եվրոպական Միությանը, որի ճակատագիրն անհայտ է: Դրա համար նախ պետք է դուրս գալ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ կազմից: Եթե Ձեզնից խորհուրդ հարցնեին` ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին»:
«Ես հարցը կձեւակերպեմ այլ կերպ։ Ծովային ելք չունեցող, շրջափակման մեջ գտնվող ի՞նչ փոքր երկիր կարող է իրեն թույլ տալ հակադրվել Ռուսաստանին՝ իր առաջին առեւտրային գործընկերոջն ու բնական գազի հիմնական մատակարարին` հանուն Եվրոպայի, որը նրան ոչ մի կոնկրետ բան չի խոստանում եւ միաժամանակ գնում է իր ագրեսորի գազը։ Նայե՛ք քարտեզին. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են արդեն ավելի քան 30 տարի։ Մեզ մնում են Վրաստանն ու Իրանը։ Նման իրավիճակում գտնվող երկիրն իր դաշնակիցներին չի ընտրում այնպես, ինչպես բաժանորդագրություն են ընտրում՝ ընտրում է գոյատեւելու համար։
Պատմությունը դա մեզ սովորեցրել է եւ բավական դաժան ձեւով։ 1828 թվականին Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Թուրքմենչայի պայմանագիրն էր, որ Երեւանի շրջանը դրեց ռուսական հովանավորության ներքո եւ հնարավորություն տվեց հայերին վերադառնալ այնտեղ։ 1915 թվականին ռուսական զորքերն էին հասել Վան եւ փրկվածների առջեւ բացել Կովկաս տանող ճանապարհը։ 1920 թվականին եվրոպական տերությունները Սեւրի պայմանագրով Հայաստանին պետություն եւ սահմաններ էին խոստացել․ այդ պայմանագիրն այդպես էլ չիրագործվեց, եւ երբ մի քանի ամիս անց քեմալական բանակը ներխուժեց Հայաստան, նրանցից ոչ մեկը չեկավ մեզ օգնության։ 1921-ին հենց Ֆրանսիան Անկարայի հետ համաձայնագիր ստորագրեց եւ հեռացավ Կիլիկիայից՝ այնտեղ վերադարձած հայերին կրկին թողնելով տարագրության ճանապարհին։ Ավելի մոտ ժամանակներում՝ 2008 թվականի ապրիլին, ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Վրաստանը դառնալու է իր անդամը, իսկ օգոստոսին Վրաստանը կորցրեց իր տարածքի մի մասը՝ առանց արեւմտյան որեւէ զինվորի միջամտության։ Հեռվից տրվող խոստումները երբեք չեն պաշտպանել փոքր երկրներին։
Ռուսաստանը մեր պատմական դաշնակիցն է եղել։ Դաշնակից՝ իր թերություններով, որոնք ես չեմ մոռանում․ 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ՀԱՊԿ-ը որեւէ քայլ չձեռնարկեց, իսկ 2023 թ. սեպտեմբերին ռուս խաղաղապահները չկանխեցին ադրբեջանական հարձակումը եւ Արցախի բնակչության բռնի տեղահանումը։ Սակայն այսօր էլ Ռուսաստանը Հայաստանում պահպանում է իր ռազմական ներկայությունը։ Սահմանի երկայնքով ռուսական ներկայությունը զգալիորեն նվազել է։ Հայ սահմանապահները ստանձնել են սահմանային անցակետերի վերահսկողությունը, սակայն Թուրքիայի եւ Իրանի հետ մեր սահմանների որոշ հատվածներում դեռեւս պահպանվում է հայ-ռուսական համատեղ պարեկությունը։ Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային, ապա այն շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ։ Կարելի է ափսոսալ դրա համար, կարելի է ցանկանալ, որ Հայաստանը սեփական ուժերով ապահովի իր անվտանգությունը, բայց դրա համար նախ անհրաժեշտ միջոցներ պետք է ունենալ։
Իմ կարծիքով՝ հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի սխալը։ Եվրոպային մերձենալն ինքնին դավաճանություն չէր, բայց դա անել Ուկրաինայում պատերազմի թեժ պահին՝ առանց հետեւանքները գնահատելու, նշանակում էր գրեթե երաշխավորել, որ Մոսկվան դա հենց այդպես էլ կընդունի։ 2023 թվականին Հռոմի ստատուտի վավերացումը՝ Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերից ընդամենը մի քանի ամիս անց, ԱՄՆ-ի հետ զորավարժությունների անցկացումն Արցախի դեմ հարձակման նախօրեին, ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը․ այս քայլերից յուրաքանչյուրը հեռացրեց Մոսկվային՝ առանց դրա դիմաց որեւէ ամուր երաշխիք ստանալու։ Սա ռազմավարություն չէ, այլ՝ փոխադարձաբար սրող քայլերի մի շարք՝ առանց որեւէ ապահովության։ Եվ նա շարունակում է նույն գիծը։
Քանի որ Բաքվին եւ Անկարային նա զիջում է գրեթե ամեն ինչում։ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում նա համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում էր նաեւ Արցախի ներառում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Այսօր կառավարությունը պատրաստում է նոր սահմանադրություն՝ այն պայմաններում, երբ Բաքուն պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրին ցանկացած հղումից։ Ինձ համար այս հարցը շատ ավելին է, քան պարզապես ինստիտուցիոնալ բարեփոխումը․ այն անմիջականորեն առնչվում է ազգային հիշողությանը եւ հայկական պետության պատմական հիմքերին։
2025 թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի սահմանը հատելիս մեր անձնագրերում դրվող կնիքներից անհետացել է Արարատ լեռան պատկերը։ Վարչական տեսանկյունից այս փոփոխությունը կարող է աննշան թվալ, բայց խորհրդանշական առումով ամենեւին էլ այդպես չէ։ Արարատը հայերի համար պարզապես լեռ չէ։ Այն խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության, պատմության եւ ինքնության մեջ։ Այն կապված է Նոյյան տապանի, աստվածաշնչյան պատմության եւ մեր քրիստոնեական ժառանգության հետ։ Այն նաեւ ներկայացնում է պատմական եւ մշակութային շարունակականություն, որը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմաններից։ Արարատի պատկերն այդ կնիքներից հեռացնելը նշանակում է ձեռք տալ մի խորհրդանիշի, որը վերաբերում է ազգային պատկերացումներին եւ մի ամբողջ ժողովրդի ինքնությանը։
Ինքնության եւ ինքնիշխանության այս հարցը դրվում է նաեւ ռազմավարական ենթակառուցվածքների շատ կոնկրետ ոլորտում։ TRIPP նախագիծը նախատեսում է 49 տարի նախնական ժամկետով, եւս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, համապատասխան տարածքների զարգացման եւ օգտագործման բացառիկ իրավունքները տրամադրել մի ընկերության, որի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։ Կառավարությունը պնդում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվելու է։ Բայց մի հիմնարար հարց մնում է անպատասխան․ իրականում ի՞նչ վերահսկողություն է պահպանելու Հայաստանը նման կարեւոր ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ։
Եվ մինչ Երեւանում ընդունում են Բաքվից ժամանած պատվիրակություններին, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում՝ իշխանությունների հետ լարված հարաբերությունների պայմաններում։ Երբ այս ամենը համադրում ես, ի վերջո սկսում ես հարցնել՝ ո՞ւմ շահերից ելնելով է կառավարում այս կառավարությունը։
Նա շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է ընտրի Եվրոպան, այն դեպքում, երբ Եվրամիությունը մեզ համար որեւէ վճռական քայլ չի արել` ո՛չ 2020 թ. պատերազմի ժամանակ, ո՛չ 2023-ին, ո՛չ էլ մեր պատանդների հարցում։ Մի քանի քաղաքացիական դիտորդներ սահմանին, բանաձեւեր, մարդասիրական օգնություն: Ես չեմ թերագնահատում դրանց նշանակությունը, բայց Բաքվի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել։ Ավելին՝ 2022 թ. հուլիսին Եվրամիությունն Իլհամ Ալիեւի հետ նույնիսկ համաձայնագիր ստորագրեց՝ ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու մասին։
Եվրամիությանն անդամակցությունը երկարատեւ, բարդ գործընթաց է, որի հաջող ավարտը երաշխավորված չէ։ Նույնիսկ անդամակցության հայտ ներկայացնելը չի նշանակում, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, կամ մոտ ապագայում անդամակցության հեռանկար կլինի։ Հյուսիսային Մակեդոնիայի՝ 2005-ից թեկնածու երկրի, կամ Թուրքիայի՝ 1999-ից թեկնածու երկրի փորձը ցույց է տալիս, թե որքան կարող են այս գործընթացները ձգձգվել՝ տասնամյակներով։ Դուք իրավացի եք` Եվրոպան ինքն էլ այսօր անորոշ ժամանակաշրջան է ապրում։ Եվ կա մի բան, որն ավելի անհեթեթ է։ Մենք վիճում ենք Մոսկվայի հետ, բայց շարունակում ենք նրա գազի կարիքն ունենալ։ 2025-ին Հայաստան ներմուծված բնական գազի շուրջ 82,4 տոկոսը Ռուսաստանից էր։ Այս տարի ռուսական հեղուկ գազը (պրոպան) եւ պարարտանյութերը սկսեցին Հայաստան հասնել երկաթուղով՝ անցնելով Ադրբեջանով։ Մենք հեռանում ենք մեր մատակարարից, բայց միաժամանակ ավելի ենք կախվածության մեջ ընկնում մեր ագրեսորի բարի կամքից։ Սա կրկնակի անհեթեթություն է։
Մոսկվան այժմ քաղաքական քննարկման օր է սահմանել 2026 թ. դեկտեմբերը` երբ Եվրասիական տնտեսական միության ղեկավարները պետք է քննարկեն Հայաստանի՝ եվրոպական ուղղության ընտրության հետեւանքները։ Խզման գինն անմիջական կլինի․ գազը, երկաթուղին, մեր գյուղատնտեսական արտադրանքի մուտքը ռուսական շուկա, որի սահմանափակումների առաջին հետեւանքներն արդեն զգացին մեր գյուղացիները գարնանը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանում մեր աշխատողների կարգավիճակը։ Մոսկվան խոսում է ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի չափով կորստի մասին։ Դա Մոսկվայի թիվն է, որը ծառայում է նրա շահերին, բայց նույնիսկ եթե այն կիսով չափ նվազեցնենք, միեւնույն է՝ այն ահռելի կլինի։ Մի կողմից՝ որոշակի եւ անմիջական ծախսեր, մյուս կողմից՝ անորոշ եւ հեռավոր օգուտներ։ Սա եւս մեկ անգամ ընտրություն է ամսվա վերջի ապրուստի եւ վաղվա անորոշ խոստումների միջեւ։
Այլ ծովային ելք չունեցող երկրներ ուրիշ ճանապարհ են գտել։ Մոնղոլիան, որը սեղմված է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ, մշակել է «երրորդ հարեւանի» քաղաքականությունը․ ընդլայնում է իր գործընկերությունն ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Եվրոպայի հետ՝ չխզելով հարաբերություններն իր երկու հարեւանների հետ։ Ղազախստանն էլ է նույնը։ Ուստի իմ խորհուրդն է՝ չկատարել ընտրություն որեւէ վերջնագրի ճնշման ներքո՝ լինի այն Մոսկվայից, թե մեկ այլ տեղից։ Նախ՝ դիվերսիֆիկացնել․ էներգետիկ ոլորտում՝ զարգացնելով արեւային էներգիան, որի ներուժով Հայաստանը հարուստ է, եւ բազմազանեցնել մեր առեւտրային շուկաները։ Միայն դրանից հետո որոշում կայացնել՝ ազնիվ հանրաքվեի միջոցով, որի ընթացքում հայ ժողովրդին պետք է ճշմարտությունն ասել թե՛ ծախսերի, թե՛ ժամկետների մասին։
Պետք է նաեւ տարբերակել հարցերը։ ԵՄ անդամակցությունն ինքնին չի պարտադրում հրաժարվել բոլոր ռազմական դաշինքներից։ Մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը, որը հիմնված է Մաքսային միության վրա, անհամատեղելի է Եվրամիության անդամ պետության առեւտրային պարտավորությունների հետ։ Իսկ ՀԱՊԿ-ի հարցը բոլորովին այլ խնդիր է՝ ռազմավարական եւ քաղաքական բնույթի։
Անձամբ ես, ինչպես արդեն ասել եմ, չեմ հավատում, որ այս անդամակցությունը կհաջողվի։ Բայց դա իմ որոշելիքը չէ․ որոշողը Հայաստանի քաղաքացիներն են։ Ես նրանց միայն մեկ բան եմ ցանկանում. որ ընտրություն կատարեն՝ լիովին գիտակցելով դրա հետեւանքները, այլ ոչ թե նախընտրական խոստման կամ սպառնալիքի ազդեցության տակ։ Եվրոպան չպետք է լինի իդեալականացված ապաստան, իսկ Ռուսաստանը՝ անխուսափելի ճակատագիր։ Եվ եթե Հայաստանն ընտրի Եվրոպան, ապա Եվրոպան դեռ պետք է ապացուցի, որ արժանի է այդ ընտրությանը։


Բաց մի թողեք
Փող, փող, ու էլի փող…
ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր