6 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ: 44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ:
Թեեւ իրական պարտությունը եկավ հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածքներ, լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջովին հայաթափելով երկրորդ հայկական պետությունը: Այսօր լրանում է 2020 թ. եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով թեեւ նախանշվեց, որ կողմերը մնում են պատերազմի ավարտի դրությամբ իրենց զորքերի զբաղեցրած դիրքերում, սակայն հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց ոչ միայն Արցախին հարակից 7 շրջանները, այլեւ շատ ուրիշ տարածքներ, Գորիս-Կապան ճանապարհը: 9 կետից բաղկացած հայտարարության մի շարք դրույթներ, օրինակ, գերիների ամբողջական փոխանակում, տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություններ, չկատարվեցին։
Այդ օրերին մենք վստահ էինք, որ մոտ 5 հազար զոհ ենք տվել, բայց, ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում հայկական կողմը տվել է 3 հազար 833 զոհ, որից 3 հազար 755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք, 191 անձ՝ անհայտ կորած, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է հրադադարը, Ջերմուկի մարտերում մենք 224 զոհ ենք տվել, իսկ 3 տարի անց՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով այն։ Այդ օրերին 220 զոհ ենք տվել։ 120 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները, իսկ Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարները գերեվարվեցին եւ տեղափոխվեցին Բաքու։
2024 թ. հունիսին՝ նախատեսված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ռուս խաղաղապահները դուրս եկան արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղից։ Իսկ 2025 թ. օգոստոսի 8-ին Երեւանն ու Բաքուն Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր, որը մինչ օրս չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է սպառնալ, հայտարարել Արեւմտյան Ադրբեջանի մասին, սահմանազատման գործընթացը, որն իրականացվել է` բացառապես Հայաստանից նոր տարածքներ են գրավել եւ հավակնում են «անկլավների» անվան տակ էլի գրավել: Նաեւ նախապայմաններ է առաջ քաշել` Հայաստանի սահմանադրության փոփոխություն պարտադրելով, որպեսզի Անկախության հռչակագիրը հեռացվի Սահմանադրության տեքստից: Դեռեւս 19 հայ պահվում է ադրբեջանական բանտերում՝ ծանր ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Արցախի 3 նախկին նախագահները, պետնախարարը, ԱԺ նախագահը եւ մյուսները ցմահ ազատազրկումից մինչեւ 15 տարվա ազատազրկման են դատապարտվել, նրանց հետ տեսակցություններն ու նամակագրությունն արգելված են, սուղ լուսանկարներից հասկանալի է, որ նրանք խոշտանգումների են ենթարկվում:
Հայաստանի իշխանությունները ո՛չ պատերազմի մեկնարկի, ո՛չ էլ ավարտի օրերին՝ սեպտեմբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին ուղերձներ չհղեցին հանրությանը, Եռաբլուր չայցելեցին: Երեկ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի տարեդարձն էր նշում` ելույթ էր ունենում, մեդալներ շնորհում:
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը` Ալիսա Գեւորգյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով 2020 թ. ողբերգական պատերազմի եւ կապիտուլյացիոն ակտի մասին, ասում է. «Եթե շատերի համար այս օրը հիշողություն է, ապա մեզ համար` ոչ: Մենք մնացել ենք այդ ամսաթվերի մեջ: Մենք 44 օրվա մեջ ենք մնացել` սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը: Մենք չենք կարողանում առաջ գալ: Երեւի այդ ժամանակի մեջ էլ կմնանք: Նոյեմբերի 9-ին տեղի ունեցածն այն ծրագրի մի մասն էր, որն այս դավաճան իշխանությունը բերել է ասպարեզ: Դա ծրագիր է, որին հաջորդեց հայկական պետության անկումը: Արցախը ոչնչացվեց, հիմա ընթացքի մեջ է Հայաստանը: Եթե ինչ-որ մի հրաշք տեղի չունենա, վաղը նույնը տեղի կունենա նաեւ Հայաստանի հետ: Մենք ոչ թե այս մանր սրիկաների հետ գործ ունենք, այլ խոշոր աշխարհաքաղաքական սրիկաների, որոնց ձեռքի գործիքն են սրանք»:
2020 թվականից հետո կպատկերացնեի՞ք, որ Փաշինյանի ռեժիմն այսքան կպաշտոնավարեր, հիմա էլ Ալիեւի պահանջով Սահմանադրություն կփոխեր։ «Եթե իրենցով լիներ, չէին մնա: Ուղղակի նրանք աշխարհաքաղաքական խոշոր ուժերի ձեռքի խամաճիկն են, նրանց դեռ պետք է օգտագործեն: Բայց ինչ էլ որ լինի, ես կարծում եմ, որ արժանապատվություն, ներքին ամրություն ունեցող ժողովրդի համար կարեւոր է հայրենիք ունենալու խոր գիտակցությունը: Անգամ ամենաանելանելի իրավիճակում հրաշք կարող է լինել»:


Բաց մի թողեք
Փող, փող, ու էլի փող…
ՔՊ-ի քարոզարշավն առիթ եղավ` տեղեկացավ
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր