10/11/2026

EU – Armenia

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել է ոչ միայն նրա կալանավորման որոշումը կայացրած և դրա կիրառումը նախաձեռնած անձանց, այլև նրանց, ովքեր նախկինում ծաղրել կամ անտեսել են կալանավորված անձանց առողջական խնդիրները։

Նա նշել է, որ առողջական վիճակի հիմքով կալանքը բացառելու վերաբերյալ միջնորդությունները հաճախ արժանանում են հեգնական վերաբերմունքի, իսկ բժշկական փաստարկները մնում են անտեսված։

Վարդանյանի խոսքով՝ նման վերաբերմունքի հետևանքով մեղադրյալներն իրենք էլ երբեմն խուսափում են բարձրաձայնել իրենց առողջական խնդիրների մասին՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է սխալ մեկնաբանվել կամ ծաղրի առիթ դառնալ։

«Դուք այսօր մարդ եք սպանել»,-նշել է նա:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ շեշտելով, որ վերջինս մահացել է սրտի կաթվածից։ Նա կատարվածի վերաբերյալ իր արձագանքով քննադատության է ենթարկել իշխանությունների գործողությունները։

Մելիքյանի պնդմամբ՝ Գևորգյանը քաղաքական դրդապատճառներով էր ազատազրկվել, ընդ որում՝ Ստեփանավանի համայնքապետի ընտրություններից ընդամենը 20 օր առաջ։ Փաստաբանը կարծում է, որ նրա կալանավորումը նպատակ ուներ իշխանությունների համար ապահովել ընտրություններում առավել հեշտ հաղթանակ։

Մելիքյանը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և հարազատներին։

«Ցնցված եմ այս լուրից»,- նշել է նա: