12/11/2026

EU – Armenia

Անկախ, ինչ որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա չի ազդի ԵԱՏՄ-ի կայունության վրա

Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ի հասցեին անհիմն են և Ղարաբաղի հարցով պատասխանատվությունը կազմակերպության ու Ռուսաստանի վրա բարդելու փորձ են․ եթե Երևանը որոշի դուրս գալ դաշինքից, ապա շատ բան կկորցնի, ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի համատեքստում ՀԱՊԿ-ի հանդեպ այս անհիմն դժգոհությունը Ղարաբաղի հարցով պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ Այդ պայմաններում ՀԱՊԿ-ը գործել է խստորեն իր հիմնադիր փաստաթղթերին համապատասխան»,- հինգշաբթի օրը Հանոյում լրագրողներին ասել է Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ թեև ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելու որոշումը Երևանի իրավասությունն է, սակայն դուրս գալու որոշումը կնշանակի, որ «Հայաստանը շատ բան կկորցնի»։

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, ինչ որոշում էլ Հայաստանը կայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, դա որևէ ազդեցություն չի ունենա միավորման կայունության վրա․ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դա որևէ կերպ չի ազդի կազմակերպության կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխշահավետությունը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունը մշտապես աճում է»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում Վիետնամ կատարած այցից հետո։