18/11/2026

EU – Armenia

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». վավերագրական հայացք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի անցած ճանապարհին. Լուսանկարներ

Մեկ դար՝ Հայաստանի երաժշտական հիշողության մեջ ․․․

Կան պատմություններ, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ պատմել բառերով։ Դրանք ունեն իրենց ձայնը, ռիթմը, շունչն ու ներքին դրամատուրգիան։ Այդպիսի պատմություն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկդարյա ուղին՝ մի տարեգրություն, որի էջերը գրվել են ոչ միայն համերգային բեմերում, այլև երկրի պատմության ամենատարբեր ժամանակներում, երբ երաժշտությունը հաճախ եղել է ավելին, քան արվեստ. այն եղել է շարունակականության, ինքնության և հոգևոր տոկունության արտահայտություն։

Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հարյուրամյակին նվիրված կինոնկարը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մեկ դար։ Մի ամբողջ ժամանակաշրջան, որի ընթացքում փոխվել են սերունդներ, պատմական իրադարձություններ, հասարակական ու մշակութային իրողություններ, սակայն նվագախմբի գոյության առանցքային առաքելությունը մնացել է անփոփոխ՝ պահպանել, զարգացնել և աշխարհին ներկայացնել բարձրագույն երաժշտական արվեստը։ Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ոչ միայն մեր երաժշտական կյանքի կարևորագույն հաստատություններից է, այլև այն մշակութային ներկայություններից մեկը, որոնց միջոցով Հայաստանը ճանաչելի է դառնում միջազգային համերգային աշխարհում։

Ֆիլմի պատմողական առանցքում նվագախմբի անցած ճանապարհն է՝ ներկայացված նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի դիտանկյունից։ Նրա խոսքը ֆիլմին հաղորդում է ոչ միայն պատմական հաջորդականություն, այլև ներկայի գիտակցում՝ հնարավորություն տալով դիտողին տեսնելու, թե ինչպիսի ժառանգության վրա է կառուցվում այսօրվա նվագախումբը և ինչ ստեղծագործական նշաձողերի է այն հասել։

Կինոնկարի առանձնահատուկ արժեքներից մեկը միջազգային երաժշտական հեղինակությունների ներկայությունն է։ Նվագախմբի հետ ունեցած իրենց համագործակցության, ստեղծագործական տպավորությունների և մասնագիտական գնահատականների մասին խոսում են համաշխարհային բեմերի ճանաչված անուններ՝ Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Մարկ Ալբրեխտը, Ավգուստին Հադելիխը, Սերգեյ Խաչատրյանը և այլ նշանավոր երաժիշտներ։ Նրանց վկայությունները ֆիլմին հաղորդում են միջազգային չափում՝ ընդգծելով, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պատմությունը վաղուց դուրս է եկել ազգային մշակութային սահմաններից։

Սակայն ֆիլմի նպատակը միայն անցյալի վերականգնումը չէ։ Այն ավելի շուտ հայացք է դեպի այսօր՝ դեպի մի նվագախումբ, որն իր հարյուրամյա ժառանգությունը վերածել է շարունակվող ստեղծագործական ընթացքի։ Այստեղ պատմական հիշողությունը հանդիպում է ժամանակակից կատարողական մտածողությանը, իսկ ազգային մշակութային ինքնությունը՝ համաշխարհային երաժշտական երկխոսությանը։

Կինեմատոգրաֆիական առումով ևս աշխատանքն ունի իր առանձնահատուկ լեզուն։ Դինամիկ օպերատորական աշխատանքը, մոնտաժային լուծումները, երաժշտական կատարումների և բնապատկերների համադրությունը ստեղծում են ոչ միայն վավերագրական պատում, այլև գեղարվեստական ամբողջականություն։ Հայաստանի բնությունը, Երևանի քաղաքային միջավայրը և նվագախմբի երաժշտական ներկայությունը միավորվում են մեկ տեսողական ու հնչյունային տարածության մեջ։ Ստացվում է մի յուրօրինակ երկխոսություն՝ երկրի, նրա մշակույթի և այն երաժիշտների միջև, որոնց արվեստը շարունակում է հնչել աշխարհի տարբեր բեմերում։

Էդուարդ Թոփչյանի համար հոբելյանը պարզապես տարեթվի նշում չէ։ Նրա գնահատմամբ՝ նվագախմբի հարյուրամյակը ազգային ինքնության, մշակութային դիմադրողականության և սերունդների նվիրումի պատմություն է։ Ֆիլմը հնարավորություն է տալիս միաժամանակ արժևորելու անցած ճանապարհն ու արձանագրելու այսօրվա նվաճումները՝ ներկայացնելով մի կոլեկտիվ, որի երաժշտական դիմագիծը ձևավորվել է հարուստ ժառանգության, բարձր կատարողական մակարդակի և ապագային միտված ստեղծագործական էներգիայի համադրությամբ։

Ֆիլմի ստեղծագործական մտահղացման հիմքում սցենարի հեղինակ, երաժշտագետ և լրագրող Ռուզաննա Մկրտչյանի ու ռեժիսոր, բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի համագործակցությունն է։ Վերջինս միջազգային մրցանակների արժանացած կինոգործիչ է, հարյուրավոր հայկական և արտասահմանյան ֆիլմերի, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությունների բեմադրող օպերատորը։ Ռուզաննա Մկրտչյանի և Վահագն Տեր-Հակոբյանի ստեղծագործական համագործակցությունն արդեն իսկ ունեցել է ուշագրավ շարունակություն՝ հայ երաժիշտների մասին մի շարք վավերագրական ֆիլմ-դիմանկարների տեսքով։

Վահագն Տեր-Հակոբյանի համար այս աշխատանքը նաև գեղարվեստական խնդիր է՝ վավերագրական նյութի սահմաններից դուրս գալու և կինոլեզվով ամբողջական ստեղծագործություն կառուցելու փորձ։ Նրա մտահղացման մեջ նվագախմբի կատարողական արվեստը պետք է համադրվեր Հայաստանի բնության հետ՝ այն տարածքի, որտեղից ծնվել ու ձևավորվել են հայ երաժշտարվեստն ու դրա կրողները, ինչպես նաև Երևանի հետ՝ քաղաքի, որի մշակութային միջավայրում մեկ դար առաջ սկիզբ է առել նվագախմբի պատմությունը։ Ռեժիսորի համար կարևոր է եղել ոչ միայն արձանագրել, այլև տեսողականորեն զգացնել տալ այդ կապը։

Ռուզաննա Մկրտչյանն էլ ֆիլմը դիտարկում է որպես Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի յուրօրինակ այցեքարտ։ Նրա համոզմամբ՝ միջազգային մեծության երաժիշտների անկեղծ գնահատականներն ու հիացմունքը հնարավորություն են տալիս բացահայտելու նվագախմբի այն հեղինակությունը, որը ձևավորվել է տասնամյակների հետևողական աշխատանքի, բարձր արվեստի և համաշխարհային երաժշտական համագործակցության արդյունքում։

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար»-ը, այսպիսով, ոչ միայն հոբելյանական ֆիլմ է, այլև փորձ՝ մեկ ստեղծագործական տարածության մեջ միավորելու հիշողությունը, ներկան և շարունակվող ընթացքը։ Չէ՞ որ նվագախմբի իրական պատմությունը միայն նրա անցած տարիները չեն։ Այն նաև այն երաժշտությունն է, որը հնչում է այսօր, այն հանդիսատեսը, որը լսում է, և այն ապագան, որի համար շարունակում են ստեղծագործել երաժիշտները։

Մեկ դար անց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը շարունակում է իր գլխավոր պատմությունը գրել ամեն անգամ, երբ բարձրանում է դիրիժորի ձեռքը, երբ լռում է դահլիճը, և երբ առաջին հնչյունը տարածվում է համերգասրահով։ Այդ պատմությունն ավարտված չէ։ Այն շարունակվում է հնչել։

Ֆիլմի ստեղծագործական կազմը

 

Սցենարի հեղինակ՝ Ռուզաննա Մկրտչյան

Ռեժիսոր՝ Վահագն Տեր-Հակոբյան

Բեմադրող օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան

Մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան

Օպերատորներ՝ Արեգ Հակոբյան, Աշոտ Հարությունյան

Դրոնի օպերատորներ՝ Հրանտ Սահակյան, Արեգ Հակոբյան

Օպերատորի օգնական՝ Սարգիս Մելիքյան

Հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյան

Հնչյունային օպերատոր՝ Վազգեն Պետրոսյան

Գունաշտկում՝ Տիգրան Բաղինյան

Երաժշտական խմբագիր՝ Ռուզաննա Մկրտչյան

Թարգմանիչ՝ Նարինե Ամիրյան

Խորհրդատու, գծային պրոդյուսեր՝ Աստղիկ Դալլաքյան

Ֆիլմի պրոդյուսեր՝ Նորայր Նազարյան

Mitk.am EU – Armenia լրատվական – վերլուծական կայքի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ իր հիմնադրման 100-ամյակի առթիվ նվիրված «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ։

Մեկ դարը պարզապես ժամանակի չափում չէ։ Դա սերունդների ստեղծագործական աշխատանքի, երաժշտական բարձր արժեքների պահպանման, պատմական փորձությունների հաղթահարման և համաշխարհային մշակութային տարածքում սեփական ձայնն ունենալու պատմություն է։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր ազգային մշակույթի այն բացառիկ հաստատություններից է, որի հնչողությունը վաղուց հատել է Հայաստանի սահմանները՝ արժանանալով միջազգային ճանաչման և հեղինակության։ Նրա մեկդարյա կենսագրությունը մեր երաժշտական ինքնության, մշակութային արժանապատվության և ստեղծագործական շարունակականության կարևորագույն էջերից է։

Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ֆիլմի ստեղծագործական հեղինակներին ու անձնակազմին՝ ի դեմս Նորայր Նազարյանին, Աստղիկ Դալլաքյանին, Վահագն Տեր-Հակոբյանին, և Ռուզաննա Մկրտչյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ում աշխատանքով կյանքի է կոչվել այս արժեքավոր կինոնախագիծը։

Թող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի նվիրական առաքելությունը շարունակվի նոր ստեղծագործական հաղթանակներով, միջազգային փայլուն ելույթներով և երաժշտական անմոռանալի իրադարձություններով։

Թող այս նվագախմբի ձայնը շարունակի հնչել՝ որպես Հայաստանի մշակութային ներկայության, ազգային հպարտության և համամարդկային երաժշտական երկխոսության արժանապատիվ խորհրդանիշ։

Հարգանքով՝ Mitk.am EU – Armenia լրատվական-վերլուծական կայքի անունից և անձամբ՝

Սիմոն Սարգսյան