Եվրոպական և ամերիկյան օպերային թատրոնների խաղացանկում իր ուրույն տեղն ունեցող Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզելն ու Գրետելը» օպերան այսուհետ իր տեղն է ունենալու նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի ստեղծագործական կյանքում։
Սակայն այս նախաձեռնության նշանակությունը շատ ավելի լայն է, քան հերթական բեմադրության իրականացումը․ այն երիտասարդ կատարողների համար մասնագիտական նոր հորիզոններ բացող փորձառություն է՝ կապված գերմանական երաժշտական թատրոնի ավանդույթների, գերմաներեն երգեցողության և միջազգային օպերային խաղացանկի յուրացման հետ։

Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ուսանողներն առնչվում են մի ստեղծագործության, որի բեմական կյանքը տասնամյակներ շարունակ շարունակվում է աշխարհի հեղինակավոր օպերային հարթակներում։ Նման փորձառությունը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն կատարելագործելու վոկալ և դերասանական հմտությունները, այլև ծանոթանալու այն գեղարվեստական ու մասնագիտական պահանջներին, որոնք անհրաժեշտ են միջազգային օպերային բեմում ինքնուրույն հանդես գալու համար։ Սա նաև ապագա երգիչների խաղացանկի ընդլայնման կարևոր քայլ է՝ ստեղծագործություն, որը կարող է նրանց ուղեկցել մասնագիտական հետագա ճանապարհին։
Հումպերդինկի օպերայի պատմությունն ինքնին ուշագրավ է։ Այն սկսվել է ոչ թե մեծ թատրոնի պատվերից կամ կոմպոզիտորական հավակնոտ մտահղացումից, այլ ընտանեկան մի փոքրիկ նախաձեռնությունից։ Կոմպոզիտորի քույրը՝ Ադելհայդ Վետտեն, ցանկացել էր իր երեխաների մասնակցությամբ բեմադրել Գրիմ եղբայրների հայտնի հեքիաթը և եղբորը դիմել էր երաժշտական մի քանի հատված գրելու խնդրանքով։ Ընտանեկան այդ ներկայացման հաջողությունն աստիճանաբար վերածվեց ավելի մեծ ստեղծագործական մտահղացման․ նախ ծնվեց երգերով և խոսակցական երկխոսություններով զինգշպիլը, ապա Հումպերդինկը այն վերածեց լիարժեք օպերայի՝ հեքիաթի աշխարհը տեղափոխելով սիմֆոնիկ երաժշտական թատրոնի տարածություն։
1893 թվականի դեկտեմբերի 23-ին Վայմարի արքունական թատրոնում կայացած համաշխարհային պրեմիերան ղեկավարում էր երիտասարդ Ռիխարդ Շտրաուսը։ Ստեղծագործությունն արժանացավ մեծ ընդունելության և հետագայում դարձավ գերմանական օպերային ժառանգության ամենասիրված էջերից մեկը։ Հետաքրքրական է, որ չնայած օպերայի գործողությունները ծավալվում են ամռանը, այն աստիճանաբար ամրապնդեց իր դիրքը որպես Սուրբ Ծննդյան շրջանի ավանդական ներկայացում։ Պրեմիերայի տոնական ժամանակահատվածը և հետագա բեմադրությունների ավանդույթը ստեղծագործության շուրջ ձևավորեցին յուրահատուկ տոնական խորհրդաբանություն։
«Հենզելն ու Գրետելը» պատմություն ունի նաև օպերային թատրոնի սահմաններից դուրս։ 1931 թվականի դեկտեմբերի 25-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայից» դրա հեռարձակումը դարձավ թատրոնի պատմության առաջին ամբողջական ռադիոհեռարձակվող օպերան՝ սկիզբ դնելով նրա կանոնավոր ռադիոհաղորդումների ավանդույթին։

Հումպերդինկի երաժշտական մտածողության ձևավորման վրա էական ազդեցություն է ունեցել Ռիխարդ Վագների արվեստը։ Երիտասարդ տարիներին կոմպոզիտորը Բայրոյթում աշխատել է Վագների հետ՝ ներգրավված լինելով նաև «Պարսիֆալ» օպերայի բեմադրության նախապատրաստական աշխատանքներում։ Վագներյան երաժշտադրամատուրգիայի ազդեցությունը նկատելի է «Հենզելն ու Գրետելի» նվագախմբային հագեցած հյուսվածքում, հարմոնիկ լեզվում և լայտմոտիվների կիրառության մեջ։ Այդուհանդերձ, Հումպերդինկին հաջողվել է պահպանել սեփական գեղարվեստական ինքնությունը՝ սիմֆոնիկ մտածողությունը համադրելով գերմանական ժողովրդական երգի անմիջականության, պարզ ու հիշվող մեղեդիների և հեքիաթային աշխարհի բանաստեղծականության հետ։ Արդյունքում ծնվել է մի ստեղծագործություն, որը միաժամանակ հասանելի է մանկական ընկալմանը և երաժշտական խորությամբ գրավիչ՝ հասուն ունկնդրի համար։
Հասմիկ Պապյանի նախաձեռնությունը․ մեծ արվեստի դռները՝ նոր սերնդի առջև
Այս նախաձեռնության իրական արժեքն ու առանձնահատուկ նշանակությունը մեծապես պայմանավորված են այն մարդու ներկայությամբ և գեղարվեստական ղեկավարությամբ, որի անունն ինքնին համաշխարհային ու հայկական օպերային արվեստի միջազգային հեղինակության խորհրդանիշներից է։
Խոսքը աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի մասին է՝ երբեմնի փառահեղ օպերային կարիերայով, աշխարհի հեղինակավոր բեմերում ունեցած ելույթներով և միջազգային երաժշտական հանրության բարձր գնահատանքին արժանացած արվեստագետի, որն այսօր իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի զարգացման գործում։

Հասմիկ Պապյանի ներդրումը դժվար է չափել միայն իրականացված բեմադրությունների կամ ուսանողների մասնագիտական պատրաստության շրջանակում։ Նրա գործունեության մեջ առանձնահատուկ արժեք ունի այն, որ միջազգային բեմերում ձեռք բերած հսկայական փորձը նա ծառայեցնում է հայկական օպերային դպրոցի նոր սերնդի ձևավորմանը՝ երիտասարդ կատարողներին փոխանցելով ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև մեծ բեմի մտածողություն, պատասխանատվություն և արվեստի նկատմամբ պահանջկոտ վերաբերմունք։
Սակայն այս անգամ նրա նախաձեռնությունը ձեռք է բերել նաև միանգամայն առանձնահատուկ մարդկային ու սոցիալական հնչերանգ։ Օպերային ստուդիայի ուսանողների կողքին բեմ են բարձրացել Գեղարքունիքի մարզի Գագարին նախաձեռնության երեխաները՝ բոլորովին անփորձ, օպերային բեմի հետ նախկինում չառնչված պատանիներ, որոնց համար այս մասնակցությունը, անկասկած, շատ ավելին է, քան պարզապես ներկայացման մեջ ընդգրկվելը։ Նրանց վստահվել է հայտնվել մի արվեստի տարածքում, որը շատերի համար դեռևս հեռավոր, անհասանելի ու գրեթե անհավանական աշխարհ է թվում։
Եվ հենց այստեղ է Հասմիկ Պապյանի նախաձեռնության ամենագեղեցիկ կողմերից մեկը։ Նա չի սահմանափակվել ապագա պրոֆեսիոնալ երգիչների հետ աշխատանքով, այլ մեծ արվեստի դռները բացել է նաև նրանց առջև, ովքեր դեռ նոր են բացահայտում բեմի կախարդանքը։ Երեխաներն իրենց ներկայությամբ ու խաղով միացել են օպերային ստուդիայի ուսանողներին՝ ստեղծելով ոչ միայն բեմական, այլև մարդկային մի գեղեցիկ համադրություն, որտեղ մասնագիտական փորձառությունն ու մանկական անմիջականությունը հանդիպում են նույն ստեղծագործական տարածքում։
Հատկապես հուզիչ էր հանդիսատեսի շարքերում նստած երեխաների ուսուցչուհիների և հարազատների ներկայությունը։ Նրանք անթաքույց հուզմունքով, հպարտությամբ ու անհանգիստ ուշադրությամբ հետևում էին բեմում իրենց սաների ու երեխաների յուրաքանչյուր քայլին։ Այդ հայացքներում միայն ներկայացումը դիտելու հետաքրքրություն չէր․ այնտեղ կար իրենց երեխաներին բոլորովին այլ միջավայրում, անսպասելիորեն մեծ արվեստի մասնակից դարձած տեսնելու հուզմունքը։ Բեմի վրա կատարվողը մի պահ դուրս էր գալիս սովորական ներկայացման սահմաններից և վերածվում մի իրադարձության, որի իրական արժեքը չափվում էր ոչ միայն երաժշտական արդյունքով, այլև այն մարդկային ապրումով, որ պարգևում էր մասնակիցներին ու նրանց հարազատներին։

Գուցե հենց սա է արվեստի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ ոչ միայն ստեղծել գեղեցիկը, այլև հնարավորություն տալ մարդուն մոտենալու գեղեցկին, ճանաչելու սեփական հնարավորություններն ու հավատալու, որ մեծ արվեստի աշխարհում տեղ կարող է ունենալ նաև ինքը։ Եվ այս առումով Հասմիկ Պապյանի նախաձեռնությունը պարզապես հերթական օպերային բեմադրություն չէ։ Այն մեծ արվեստի հանդեպ հավատարմության, փորձառությունը նոր սերնդին փոխանցելու և մշակութային հնարավորությունները հանրության առավել լայն շրջանակների համար հասանելի դարձնելու գեղեցիկ օրինակ է։
Ձեռքերի աշխարհը․ բեմական տարածության խորհրդանշական լեզուն
Ներկայացումը գերմաներեն է՝ հայերեն ենթագրերով, և հենց առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին տեղափոխում է Հումպերդինկի երաժշտական հեքիաթի աշխարհ։ Մինչ վարագույրի բացվելը, խորվաթ դիրիժոր Իվան Շչեպանովիչի ղեկավարությամբ հնչում է Էնգելբերտ Հումպերդինկի «Հենզելն ու Գրետելը» օպերայի նախերգանքը։ Նվագախմբի երաժշտությունը կարծես աստիճանաբար պարուրում է դահլիճը՝ ստեղծելով սպասման, խորհրդավորության և հեքիաթային հրաշքի մթնոլորտ։ Միայն երաժշտական ներածությունից հետո է բացվում վարագույրը, և հանդիսատեսի առջև հայտնվում է բեմադրության տեսողական աշխարհի յուրօրինակ լուծումը։
Այստեղ ավանդական իմաստով դեկորների առատություն չկա։ Ավելին՝ ամբողջ երեք գործողությունների ընթացքում բեմական տարածության հիմնական գեղարվեստական արտահայտչամիջոցը մարդկային ձեռքերն են։ Դրանք պարզապես ֆիզիկական ներկայություն չեն, այլ դառնում են ներկայացման խորհրդանշական ճարտարապետությունը՝ անընդհատ փոխելով իրենց դիրքը, ձևն ու իմաստը։
Սկզբում ձեռքերը կանգնած են աղոթքի դիրքով՝ իրենց արանքում տեղավորելով Հենզելին ու Գրետելին։ Հետագայում դրանք կարծես տարածվում են գետնին՝ Աստծուն ուղղված աղերսի, անօգնականության ու ապաստան փնտրելու խորհրդապատկերով։ Կախարդի տնակի տեսարաններում ևս նույն պատկերային լեզուն է շարունակվում․ իրար վրա ծալված ձեռքերը դառնում են կախարդական տան տարածությունը, որոնց արանքում հայտնվում է կախարդը։ Երբեմն մի ձեռքը կարծես ընկած է, մյուսը՝ ուղղահայաց բարձրացած՝ վահանի պես պաշտպանելով կամ սահմանազատելով բեմական տարածությունը։ Նույնիսկ թոնրի տեսարանն է կառուցվում այդ մարդկային ձեռքերի միջոցով, որոնք այս անգամ ստանձնում են արդեն բոլորովին այլ՝ դրամատիկ ու վտանգավոր միջավայրի ստեղծման գործառույթը։

Այսպիսով, ձեռքերը դառնում են ներկայացման գլխավոր տեսողական խորհրդանիշը։ Դրանց միջոցով բեմադրությունը ստեղծում է տարբեր աշխարհներ՝ աղոթքի ու պաշտպանության, մոլորվածության ու վտանգի, հեքիաթային ապաստանի և կախարդանքի։ Միևնույն պատկերային տարրը, փոխելով իր դիրքն ու համադրությունը, վերածվում է նոր տարածության՝ հանդիսատեսին առաջարկելով ոչ այնքան բառացի, որքան երևակայությամբ ամբողջացվող բեմական իրականություն։
Իհարկե, հեքիաթային միջավայրի ամբողջացման գործում իրենց տեղն ունեն նաև տոնի, խմորեղենների և քաղցրավենիքների արհեստական պատկերները, որոնք տեսողականորեն լրացնում են Հումպերդինկի ստեղծած հեքիաթային աշխարհը։ Դրանք բեմադրությանը հաղորդում են անհրաժեշտ գունային ու առարկայական շերտ՝ հակադրվելով ձեռքերի առավել պայմանական և խորհրդանշական լեզվին։
Բեմադրության ռեժիսորն է Նորայր Հերգնյանը, բեմադրող նկարիչը՝ Եկատերինա Ջագարովան, զգեստների հեղինակը՝ Անի Չոփուրյանը։ Երաժշտական ամբողջությունը վստահված է խմբավար Գայանե Սահակյանին և Իվան Շչեպանովիչի (Խորվաթիա) ղեկավարությամբ հանդես եկող Երևանի երիտասարդական նվագախմբին։ Ներկայացմանը մասնակցում է՝ ինչպես վերընշեցի, նաև «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի սաների երգչախումբը։
Հենզելի դերերում հանդես են գալիս Ալվարդ Ազատյանը, Սիրանուշ Օվսիյանը և Դոնարա Ադամյանը, Գրետելի՝ Տատյանա Հմայակյանը, Լիանա Սիմոնյանն ու Աննա Կարագյոզյանը։ Պետերի կերպարը մարմնավորում են Արտակ Այվազյանն ու Հայկ Մկրտչյանը, Գերտրուդայինը՝ Անի Ղազարյանն ու Էլեոնորա Հարությունյանը։ Կախարդի կերպարում բեմ են բարձրանում Աննա Տեր-Հովհաննիսյանն ու Արփինե Գրիգորյանը, Ավազի մարդուկի դերերում՝ Մարգարիտա Օքրոյանն ու Լուիզա Պողոսյանը, իսկ Ցողի մարդուկի՝ Աննա Կարագյոզյանն ու Լուիզա Պողոսյանը։ Ներկայացման մասնակիցներն են նաև Նարե Ղազարյանը, Լիլիթ Խերունցը, Դիանա Սուքիասյանն ու Աննա Սարգսյանը։
Մեծ արվեստի ճանապարհին
Հումպերդինկի «Հենզելն ու Գրետելը» Երևանի օպերային ստուդիայի բեմում միավորել է տարբեր սերունդների, փորձառության և ստեղծագործական ներուժի՝ ստեղծելով մի ներկայացում, որի կարևորությունը չի սահմանափակվում միայն հերթական օպերային բեմադրությամբ։

Երիտասարդ երգչուհիների համար այն լուրջ մասնագիտական փորձառություն է՝ իրենց վոկալ հնարավորությունները, բեմական ներկայությունն ու դերասանական արտահայտչականությունը բացահայտելու և զարգացնելու հնարավորություն։ Նրանց կողքին օպերային բեմում հայտնված «Գագարին» նախագծի երեխաների անմիջականությունն ու անկեղծ ներկայությունը ներկայացմանը հաղորդում են առանձնահատուկ ջերմություն և մարդկային հմայք։
Իր կարևոր ներդրումն ունի նաև Երևանի երիտասարդական նվագախումբը՝ Իվան Շչեպանովիչի ղեկավարությամբ։ Հումպերդինկի հարուստ նվագախմբային պարտիտուրը պահանջում է ոչ միայն կատարողական ճշգրտություն, այլև երաժշտական զգացողություն, հնչյունային նրբերանգների ընկալում և բեմական գործողության հետ միասնական շնչառություն։ Նվագախմբի մասնակցությունը ներկայացման երաժշտական հիմքն է՝ այն տարածությունը, որտեղ հեքիաթը ձեռք է բերում իր իրական երաժշտական կյանքը։
Հատկանշական է նաև բեմադրության համար ընտրված ստեղծագործությունը։ «Հենզելն ու Գրետելը» պատահական ընտրություն չէ․ այն միավորում է գերմանական երաժշտական թատրոնի հարուստ ավանդույթը, ուշ ռոմանտիզմի նվագախմբային մտածողությունը, ժողովրդական մեղեդայնությունն ու հեքիաթային դրամատուրգիան։ Երիտասարդ կատարողների համար նման երկի յուրացումը միաժամանակ և՛ մասնագիտական փորձություն է, և՛ արժեքավոր ներդրում նրանց ապագա ստեղծագործական ճանապարհին։
Իսկ այս ամենի հետևում կանգնած է Հասմիկ Պապյանը՝ հզոր արվեստագետ, որի միջազգային բեմական կենսագրությունը կարող էր վաղուց արդեն լինել իր գործունեության գլխավոր ձեռքբերումը։ Բայց նրա ներկայիս աշխատանքում տեսանելի է մեկ այլ, գուցե ոչ պակաս կարևոր առաքելություն՝ սեփական փորձառությունը փոխանցել հաջորդ սերնդին, ձևավորել նոր կատարողների, նրանց առջև բացել մեծ արվեստի ճանապարհը և այդ ճանապարհին տեղ հատկացնել նաև նրանց, ովքեր դեռ նոր են բացահայտում բեմի կախարդանքը։

Երբ աշխարհահռչակ օպերային երգչուհին իր հեղինակությունն ու տարիների փորձը ծառայեցնում է երիտասարդների կայացմանը, երբ պրոֆեսիոնալ օպերային ստուդիայի ուսանողների կողքին բեմ են բարձրանում Դդմաշեն գյուղի «Գագարինի» երեխաները, արվեստը դադարում է լինել միայն ընտրյալների համար նախատեսված բարձրարվեստ տարածություն։ Այն դառնում է հանդիպման, բացահայտման և ոգեշնչման հնարավորություն։
Եվ գուցե հենց սա է այս բեմադրության ամենակարևոր խորհուրդը․ օպերան միայն մեծ անցյալ ունեցող արվեստ չէ, այլև ապագա, որը ծնվում է այսօր՝ երիտասարդ ձայների, նվագախմբի հնչյունների, բեմ բարձրանալու առաջին հուզմունքի և այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են, որ մեծ արվեստի շարունակականությունը սկսվում է նոր սերնդին վստահելուց։
Սիմոն Սարգսյան



Բաց մի թողեք
Գրիգորի Սոկոլովի երաժշտական տիեզերքը Երևանում․ Շուբերտի հրաժեշտի խոհերն ու Բրամսի երիտասարդական կրակը՝ մեկ բեմում․ Լուսանկարներ
«Ես ո՞ւմ եմ նման…»․ պատերազմից հետո կյանքը շարունակելու, սիրելու և հիշողության մութ անկյուններում մոլորվելու մասին
Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը