19/11/2026

EU – Armenia

Ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես երբ ոչ մեկը չի հրավիրում․ Լուսանկար

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ

– ՀՀ իշխանությունները պնդում են, որ Հայաստանը պետք է բոլոր արտաքին խաղացողներից անկախ լինի, արտաբլոկային քաղաքականություն վարի, իսկ Ադրբեջանը պայմանագրեր է կնքում աշխարհի ամենատարբեր երկրների հետ, նաեւ՝ ռազմական բնույթի: Ի՞նչ վտանգներով է սա հղի: Ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը:

– ՀՀ արտաքին քաղաքականության վիճակն ու հիմնախնդիրները հասկանալու համար առաջարկում եմ դիտարկել մեր պետության եւ հասարակության այն հիմնական բնութագրիչները, որոնք, իմ կարծիքով, ունեն սկզբունքային բնույթ եւ խիստ բացասական նշանակություն: Հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ 2020-2023թթ. Արցախի կորուստը, ցույց տվեցին հետեւյալը. Հայաստանի ավանդական բարեկամները մասամբ գտնվում են իրենց պատմականորեն ծանոթ, սակայն այս դարում աննախադեպ բնույթ ունեցող վտանգների տիրույթում եւ ստիպված են վերաբաշխել իրենց ռեսուրսներն առաջին հերթին սեփական անվտանգության ապահովման համար: Հայաստանից նրանք ակնկալում են, որ իրենց համար լրացուցիչ խնդիրներ չստեղծենք: Մեր ակնկալիքներն իրենցից այլ էին` չարդարացվեցին: ՌԴ-ի հետ ՀՀ ներկայացուցիչների շփումը երկար տարիներ կայունության ու խաղաղության պայմաններում կրել է հայտարարությունների, փոխադարձ սիրո խոստովանությունների, նվերներով ու վատ դիվանագետներով փոխանակվելու պատմություն: Փոխադարձ վստահությունն ու տասնամյակներով վաստակած հարգանքը չարաշահվել են, քչացել, վերջիվերջո` գրեթե սպառվել: Միեւնույն ժամանակ, հայ-ռուսական փոխհարաբերություններն այսօր նման են մի տանն ապրողներին, որի սենյակների միջեւ պատը քանդվում է, եւ որեւէ կողմից այն նորոգելու ջանքեր չեն գործադրվում, միայն միմյանց են մեղադրում: Քաղաքական սոցիոլոգիայում այդ մոտեցումը կոչվում է ինֆանտիլ՝ մանկամիտ. կապրիզներ, մեղադրանքներ, խռովվածություն, այլոց հետ ընկերություն անելու ցանկություն: Անկախ ՌԴ-ի հանդեպ զգացմունքային վերաբերմունքից, որը, ի դեպ, քաղաքականության մեջ անընդունելի է եւ համարվում է թուլություն, պետք է հասկանալ ու հասկացնել` հայ-ռուսական փոխհարաբերություններն անխուսափելի են, եւ խիստ ցանկալի է, որ դրանք արդյունավետ եւ բարեկամական լինեն: Անարդյունավետ փոխհարաբերություններ հանկարծակի չէ, որ առաջանում են. անարդյունավետ դիվանագիտություն ՀՀ-ն ունեցել է իր համար կարեւոր ու բարեկամ համարվող-հանդիսացող պետությունների հետ, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ այլն: Ավելի վատ դեսպաններ, քան այդտեղ ՀՀ-ից ուղարկվածներն էին, դժվար է պատկերացնել, ուստի եւ բաց թողեցինք այդ պետությունների հետ արդյունավետ երկխոսելու բազում հնարավորություններ: Այնուհետեւ այդ հնարավորություններն օգտագործվել են Ադրբեջանի կողմից՝ մեր դեմ: ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից արեւմտյան պետություններում ծառայությունը հաճախ դիտվել է որպես անհատական հաջողություն, արտասահմանում ապրելու եւ ոչ թե ՀՀ շահերը գիշեր-ցերեկ պաշտպանելու ու մեզ արժանապատվորեն ներկայացնելու առաքելություն: Հակառակ պատկերն այսօր էլ ակնհայտ չէ: Արցախի պահպանման ու զարգացման, Հայաստան-հայկական սփյուռք-Արցախ եռամիասնության ապահովման համար գործադրված ջանքերը բավարար չէին, շատ դեպքերում կրել են հայտարարությունների ու մտադրությունների, բայց ո՛չ անհրաժեշտ ջանքերի ու արդյունքների բնույթ, ընդ որում՝ ե՛ւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, ե՛ւ հայկական սփյուռքի կողմից: Իհարկե, գործադրվել են բազում ջանքեր, հնչել են հայտարարություններ, սակայն այդ ամենի օգտակար գործողության գործակիցն անհրաժեշտից ցածր էր: Հայաստանյան հասարակությունն ունեցել է ու շարունակում է ունենալ առաջնորդության դեֆիցիտ. իշխանությունը մշտապես զբաղեցնում են խմբային շահեր ունեցող, միմյանց հանդեպ լոյալություն՝ հավատարմություն ցուցադրող անձինք, եւ պետական կառավարման գործում մասնագիտական կարողությունների ու մոտեցումների դերը երրորդական բնույթ է կրում:

Հայաստանում եւ սփյուռքում առկա հայրենասեր, մասնագիտորեն պատրաստված եւ անհրաժեշտ կամքի ուժ ունեցող փոքրաթիվ կարող ուժերն ու անհատականությունները չեն ցանկանում մտնել մեծ քաղաքական խաղերի մեջ՝ իրենց հանդեպ կանխատեսելով սպանվելու կամ միտումնավոր կերպով վարկաբեկվելու՝ «փչացվելու» բարձր ռիսկ: Այդպես եղել է, կա ու, հավանաբար, կարող է լինել: Հայաստանում ամենամեծ դեֆիցիտը ոչ այնքան ֆինանսականն ու մարդկային փոքրաթիվ ռեսուրսն է, որքան՝ վստահությունը: Մարդիկ միմյանց չեն վստահում եւ այդ պատճառով չեն ուզում համագործակցել: Չհամագործակցելով՝ չեն միավորվում, միասնական ջանքեր չեն գործադրում, մեծ նպատակների չեն հասնում: Ինչո՞ւ չեն վստահում. որովհետեւ ունեցել ենք խաբեության ու ներքին դավաճանություններով լի պատմություն, դրա հետեւանքով՝ նաեւ պետականության կորուստ, իսկ նորագույն պատմության մեջ՝ չբացահայտված քաղաքական սպանություններ, հիասթափություն, անարդարություն, բոլորի համար հավասար կանոնների ու ազգային գաղափարախոսության բացակայություն: Հայաստանում եւ սփյուռքում բնակչության զգալի հատվածը շարունակում է պետությանը նայել ու վերաբերվել որպես «ծնողի», որը պարտավոր է խնամել, հոգ տանել, պաշտպանել, մաքրել, սովորեցնել… Փոխադարձ պարտավորություն պետության հանդեպ այդ բնակիչները չեն գիտակցում ու չեն ստանձնում, դրա հետեւանքով Հայաստանում իրական, կարող ու պետականամետ, մտածող եւ գործող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են, քան՝ առանց այդ էլ փոքրաթիվ ՀՀ բնակչությունը: ՀՀ անկախությունից ի վեր հռչակված՝ արտաքին փոխլրացնող (կոմպլեմենտար) քաղաքականությունը բազմիցս քննադատվել է, մինչդեռ այն միայն Հայաստանի դեպքում չէ, որ իրականացվում է եւ իսկապես կարող է արդյունավետ լինել. դրանով է առաջնորդվել, օրինակ, Իսրայելը, իսկ այժմ՝ Ադրբեջանը: Կոմպլեմենտար քաղաքականությունը «միաժամանակ երկու աթոռներին նստելը» չէ, այլեւ արտաքին քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ունեցողների շահերի կամրջումն է՝ հօգուտ սեփական ազգային շահերի: Սա է սկզբունքը, որի գիտակցումը Հայաստանում այդպես էլ լիարժեքորեն տեղի չունեցավ եւ արտաքին գործընկերներին չբացատրվեց: Ավելին. փոխլրացնող արտաքին քաղաքականությունն այսօր առավել քան պահանջված է, եւ Հայաստանը կարող էր դրանով նպաստել տարածաշրջանում արտաքին ուժերի հավասարակշռմանը՝ ապահովելով իր տեղի ու դերի ամրապնդումը: Մինչդեռ այժմ, երկխոսելով բոլորի հետ, կարծես թե որեւէ դաշնակից չունի: Փաստացի, որեւէ դաշնակից չունենալով՝ իհարկե, առավել ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես երբ ոչ մի դաշինք չի հրավիրում: Ներքին քաղաքականության մեջ խոստումներով ու հույսերով դեռ որոշ ժամանակ հնարավոր է մոբիլիզացնել բնակչության որոշակի հատվածին, սակայն արտաքին քաղաքականության մեջ այդ մոտեցումները չեն աշխատում: Այս համատեքստում կարեւոր չէ, թե ինչ է խոսվում այս կամ այն քաղաքական գործչի կողմից: Հայաստանը շարունակում է ապրել առանց դաշնակիցների, իսկ ՀՀ հանդեպ թշնամաբար տրամադրվելու ու մեր սակավ տարածքային ռեսուրսները զավթելու օբյեկտիվ կարողություն եւ սուբյեկտիվ ցանկություն ունեցողները ներկայիս փուլում մեզ հետ զբաղված են սիրային խաղով, որն անվանում են խաղաղություն: ՀՀ իշխանությունների կողմից այդ սիրախաղն ընդունվել է պատերազմից հոգնածության, դաշնակիցների բացակայության պատճառով: Չեմ կիսում այն տարածված տեսակետը, թե այդ սիրախաղը ՀՀ իշխանություններին դուր է գալիս: Միեւնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իրենց կողմից առավել արդյունավետ մոտեցում կլիներ համագործակցությունը բոլոր մյուս ուժերի հետ. մեր առաջնային բարեկամներն ինքներս մենք ենք: Մինչդեռ արվում է հակառակը:

«Հրապարակ». Ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես երբ ոչ մեկը չի հրավիրում