Նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հետ է կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Նրա փոխարեն նշանակվել է կարիերային դիվանագետ Սամվել Մկրտչյանը։
Արսենյանը պաշտոնավարում էր 2024 թվականի օգոստոսից։ Դեսպանի փոփոխությունը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների խորացող հակասությունների և դեկտեմբերի 3-ին նախատեսված Փաշինյան–Պուտին հանդիպման նախաշեմին։
Այս որոշման քաղաքական նշանակությունը հասկանալու համար արժե դիտարկել Մոսկվայում Հայաստանի վերջին երեք դեսպանների նշանակումների պատմությունը։ Դրանց հաջորդականությունն արտացոլում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Երևանի պատկերացումների փոփոխությունը և այդ հարաբերությունները կառավարելու քաղաքական փորձերի արդյունքները։
2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից տասը օր անց, Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը՝ խորհրդային ռազմական կրթություն ստացած կադրային սպա, ռուսական ռազմաքաղաքական համակարգի հետ երկարամյա կապեր ունեցող գեներալ։ Նրա նշանակումը հաջորդեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվեց Արցախում, իսկ Մոսկվան վճռորոշ դեր ստացավ հետպատերազմյան անվտանգության հարցերում։
Պատերազմում պարտված և անվտանգության ծանր ճգնաժամի առջև հայտնված Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարումը վստահվեց Մոսկվայի համար քաջածանոթ գործչի։ Ընտրությունն արտացոլում էր Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության խորությունը և այդ ազդեցության հետ հաշվի նստելու Երևանի պատրաստակամությունը։
Հարությունյանն ուներ նաև Փաշինյանի համար քաղաքական կարևորություն ստացած մեկ այլ առանձնահատկություն։ 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին վարչապետի հրաժարականը, պաշտպանության նախարարը չմիացավ նրանց հայտարարությանը։ Այդ դիրքորոշումը նրա հետագա պաշտոնավարման քաղաքական գնահատականի կարևոր հանգամանքներից էր։
2022 թվականի հունվարին Հարությունյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Նա Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչը չէր, իշխանության ներսում չուներ սեփական ազդեցիկ հենարան։ Նրա նշանակման գլխավոր առավելությունները ռուսական ռազմաքաղաքական շրջանակների հետ կապերն էին և 2021 թվականի ճգնաժամի ընթացքում կառավարության ղեկավարի դեմ հանդես չգալը։
Այստեղ կարելի է տեսնել նաև Մոսկվայի նկատմամբ Երևանի վերաբերմունքի որոշակի արհամարհական երանգ։ Փաշինյանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքում դեսպան նշանակեց մի գործչի, որի քաղաքական արժեքը մեծապես պայմանավորված էր ռուսական համակարգի հետ ունեցած կապերով։ Որոշումը կարելի էր կարդալ որպես Մոսկվային ուղղված յուրօրինակ ուղերձ՝ ձեր մարդուն ուղարկում ենք ձեզ։
Սակայն իրադարձությունները կտրուկ փոխեցին հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, իսկ ՀԱՊԿ-ը չտրամադրեց Երևանի ակնկալած ռազմական աջակցությունը։ Դրան հաջորդեցին Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակումը և հայ բնակչության բռնի տեղահանությունը։ Ռուս խաղաղապահները չկանխեցին Արցախի հայաթափումը։ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի նկատմամբ վստահությունը վերջնականապես փլուզվեց։
Մոսկվայում Հայաստանի շահերը շարունակում էր ներկայացնել Հարությունյանը։ Երևանի հետ նրա քաղաքական կապի խնդիրը գնալով սրվում էր։ Հարցեր էին առաջանում, թե որքանով էր դեսպանը համաձայնեցնում իր քայլերը Հայաստանի կառավարության հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը պահանջում էր դեսպանի լիարժեք քաղաքական ենթակայություն Երևանին, իսկ Հարությունյանի պաշտոնավարումը հենց այդ առումով էր դարձել խնդրահարույց։
2024 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը փորձեց փոխել Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչության քաղաքական նշանակությունը՝ դեսպան նշանակելով գործարար, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանին։ Սա հաշվարկված քաղաքական նշանակում էր։ Արսենյանը վարչապետի հետ անմիջական հաղորդակցության հնարավորություն ուներ և կարող էր Մոսկվայում գործել նրա քաղաքական վստահությամբ։
Վաշինգտոնում Փաշինյանը վաղուց էր առաջնորդվում այդ սկզբունքով։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպաններ Լիլիթ Մակունցը, ապա Նարեկ Մկրտչյանը վարչապետի քաղաքական թիմից էին։ Մոսկվայում նման կապի անհրաժեշտությունն առավել հրատապ էր։ Ռուսաստանը շարունակում էր ազդեցության լուրջ լծակներ պահպանել Հայաստանի էներգետիկայի, տնտեսության և ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ։ Երևանին անհրաժեշտ էր դեսպան, որն անմիջականորեն ներգրավված կլիներ կառավարության քաղաքական որոշումների իրականացմանը և հաշվետու կլիներ վարչապետին։
Սակայն Արսենյանի պաշտոնավարման երկու տարիները բացահայտեցին ճգնաժամի ամբողջ խորությունը։ Դեսպանի անձնական կապերն ու քաղաքական կարգավիճակը բավարար չէին Երևանի և Մոսկվայի ռազմավարական հակասությունները հաղթահարելու համար։
Հայաստանը սառեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սկսեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ընդլայնեց համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններով հայ-ադրբեջանական կարգավորումը նոր միջազգային ձևաչափ ստացավ։ Ռուսաստանը կորցրեց գործընթացում իր նախկին բացառիկ դերը։ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների ապագան սկսեց քննարկվել ԱՄՆ անմիջական ներգրավմամբ։
Մոսկվայի արձագանքները աստիճանաբար կենտրոնացան տնտեսական ազդեցության գործիքների շուրջ։ Գազի հնարավոր թանկացման մասին ակնարկները, հայկական արտադրանքի մատակարարման խոչընդոտները, երկաթուղային կոնցեսիայի շուրջ վեճը, Եվրասիական տնտեսական միության և եվրոպական ինտեգրման անհամատեղելիության վերաբերյալ հայտարարությունները բացահայտեցին հարաբերությունների ճգնաժամային բնույթը։ Ռուսաստանը ձգտում է պահպանել Հայաստանի նկատմամբ իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Երևանը փորձում է ընդլայնել ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները։
Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Գուրգեն Արսենյանին պարգևատրեց «Փոխգործակցության համար» կրծքանշանով։ Տասնյոթ օր անց Երևանը նրան հետ կանչեց։ Այս հաջորդականությունը խորհրդանշական է։ Նույնիսկ վարչապետի քաղաքական վստահությունը վայելող դեսպանը չկարողացավ փոխել հարաբերությունների ընթացքը, քանի որ երկու երկրների ռազմավարական շահերը գնալով ավելի էին հեռանում միմյանցից։
Ահա այս իրավիճակում Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվում Սամվել Մկրտչյանը։ Նա փորձառու կարիերային դիվանագետ է, աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչության տարբեր ստորաբաժանումներում, ղեկավարել դիվանագիտական առաքելություններ, ներկայացրել Հայաստանը ՆԱՏՕ-ում, Լիբանանում և Լեհաստանում։ Սակայն նրա երկարամյա կենսագրության մեջ առանձնապես տեսանելի չեն քաղաքական նշանակալի ձեռքբերումներ կամ նախաձեռնություններ, որոնք հիմք կտային Մոսկվայում նրա ինքնուրույն քաղաքական ազդեցության մեծ ակնկալիքների համար։
Նշանակման տրամաբանությունը, ըստ երևույթին, փոխվել է։ Երևանը հրաժարվում է քաղաքական դեսպանի միջոցով հարաբերությունների ընթացքի վրա ազդելու նախկին փորձից և նախապատվությունը տալիս մասնագիտական դիվանագիտությանը։ Սա կարող է նշանակել, որ Ռուսաստանի հետ կարևորագույն հարցերի լուծումն ամբողջությամբ կենտրոնանում է պետությունների ղեկավարների մակարդակում։
Այդ մոտեցումն ունի նաև լուրջ թերություններ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ընդգրկում են անվտանգության, էներգետիկայի, առևտրի, երկաթուղային հաղորդակցության և տարածաշրջանային ազդեցության բազմաշերտ խնդիրներ։ Դրանց կառավարումը պահանջում է ամենօրյա քաղաքական աշխատանք, ազդեցիկ կապեր և բանակցային նախաձեռնողականություն։ Դեսպանությունը պարզապես հաղորդակցություն ապահովող օղակի վերածելը կարող է նվազեցնել Երևանի դիվանագիտական հնարավորությունները։
Պատերազմից հետո կատարված երեք նշանակումները ցույց են տալիս Հայաստանի ղեկավարության քաղաքական հաշվարկների փոփոխությունը։ Հարությունյանը ներկայացնում էր Ռուսաստանից անվտանգային կախվածության շրջանը, Արսենյանը՝ հարաբերությունները վարչապետի քաղաքական վստահության միջոցով կառավարելու փորձը։ Մկրտչյանի ընտրությունը կարող է վկայել, որ Երևանն այլևս դեսպանի անձնական ազդեցության հետ լուրջ ակնկալիքներ չի կապում։
Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմքում երկու պետությունների ռազմավարական առաջնահերթությունների խորացող տարբերությունն է։ Հայաստանը վերանայում է իր անվտանգության և արտաքին քաղաքականության ուղղությունները, Ռուսաստանը ձգտում է պահպանել տարածաշրջանում նախկին ազդեցությունը։ Այդ հակասությունը հնարավոր չէ հաղթահարել կադրային փոփոխություններով։
Սամվել Մկրտչյանի նշանակումը, ըստ էության, արձանագրում է Մոսկվայի հետ հարաբերություններում Երևանի ակնկալիքների նվազումը։ Սակայն ռուսական էներգակիրներից և ռազմավարական ենթակառուցվածքներից կախվածությունը, տնտեսական խոցելիությունն ու անվտանգային խնդիրները շարունակում են պահանջել քաղաքական որոշումներ։
Մոսկվայում երեք դեսպանների պատմության գլխավոր եզրակացությունը պարզ է. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը վաղուց դուրս է եկել դեսպանների անձնական ազդեցության շրջանակից։ Դրա հաղթահարումը կախված է Երևանի քաղաքական կամքից, տնտեսական կախվածությունը նվազեցնելու գործնական քայլերից և սեփական ռազմավարական որոշումները հետևողականորեն իրականացնելու կարողությունից։ Դեսպանների փոփոխությունը չի կարող փոխարինել այդ աշխատանքին։


Բաց մի թողեք
Սյունիքի 42 կիլոմետրանոց Թրիփփը․ ԱՄՆ-ը մինչև ուր կհասնի
Առաջիկայում նոր իշխանության խնդիրը նոր սերունդներին փրկելն է լինելու
Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի