28/11/2026

EU – Armenia

«Brexit» տերմինի հեղինակին դուր են գալիս «Breturn» և «Brejoin» տարբերակները

Փիթեր Ուայլդինգը, ում «Օքսֆորդի անգլերեն բառարանը» վերագրում է «Brexit» տերմինի առաջին կիրառումը, կարծում է, որ նոր, դիպուկ և հակիրճ անվանումը թույլ կտա բանավեճերը տեղափոխել ներկա իրողություններ։

ԼՈՆԴՈՆ — Քաղաքական ռազմավարը, որին վերագրվում է «Brexit» տերմինի առաջին կիրառումը, նշում է, որ դեռ վաղ է կանխատեսել ապագա հանրաքվեի կարգախոսները, սակայն «Breturn» և «Brejoin» բառակազմությունները համարում է հնարավոր տարբերակներ։

Բրյուսելում գործող խորհրդատու Փիթեր Ուայլդինգը հայտնել է, որ քաղաքական իրավիճակը փոխվել է 2016 թվականից ի վեր, երբ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին, ուստի ԵՄ-ին կողմ արշավի հռետորաբանությունը նույնպես պետք է փոխվի՝ ժամանակին համընթաց քայլելու համար։

Նրա այս մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը վերսկսում է քննարկումները Եվրոպայի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ, իսկ բանավեճի երկու կողմերի կողմնակիցները վերախմբավորվում են՝ պատրաստվելով հնարավոր երկրորդ պայքարին՝ կապված միությանն անդամակցության հարցի հետ։

Դաունինգ սթրիթում (կառավարության նստավայրում) հայտնվելուց ի վեր Բերնհեմը պնդում է, որ Brexit-ը «արդյունք չտվեց»՝ միաժամանակ նախապատրաստելով ԵՄ-ի հետ կապերի սերտացումը։ Նա հույս է հայտնել, որ իր կյանքի ընթացքում երկիրը կվերադառնա ԵՄ, սակայն երկուշաբթի օրը շեշտել է, որ առանց հանրաքվեի դա անելը «աներևակայելի» կլինի։

«Եթե փնտրում եք ինչ-որ դիպուկ բան, ապա կան մի քանի տարբերակներ՝ «Breturn» կամ «Brejoin», — ասել է Ուայլդինգը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ անվանում կարող է ունենալ ապագա քաղաքական արշավը։ — Բայց իրականում Բերնհեմը չի ցանկանում վերադառնալ անցյալ, նա ձգտում է դեպի ապագան, իսկ 2016 թվականի դեմքերն ու փաստարկները դուրս կմնան խաղից»։

«Տոնայնության փոփոխություն է լինելու. Բերնհեմն իր փաստարկները հարմարեցնում է երիտասարդ ընտրողների և գործարար շրջանակների նախասիրություններին. այս խմբերի աջակցությունը ստանալը կենսական նշանակություն կունենա ընտրական հաջողության հասնելու համար», — հավելեց ռազմավարը։

Ուայլդինգը «Brexit» (Բրեքզիթ) տերմինը հորինել է 2012 թվականին՝ Եվրոպայում Մեծ Բրիտանիայի դերի մասին հոդված գրելիս։

«Եթե չառաջ մղվի այն հստակ տեսլականը, որ Մեծ Բրիտանիան պետք է առաջատար դեր ստանձնի Եվրոպայում՝ գոնե միասնական շուկայի ձևավորումն ավարտին հասցնելու համար, ապա հունական եվրոգոտուց դուրս գալը նշանակող տերմինին (Grexit) կարող է հաջորդել մեկ այլ տխուր բառ՝ Brexit-ը», — գրել էր նա Euractiv լրատվական հարթակի համար (որն այժմ հայտնի է որպես Rapporteur): Օքսֆորդի անգլերեն բառարանում նրա այս գրվածքը նշվում է որպես «Brexit» բառի ամենավաղ վկայություն։

Հետագայում այս տերմինը դարձավ Միացյալ Թագավորության՝ Եվրոպայից դուրս գալու գործընթացը նկարագրող ընդունված հակիրճ անվանումը, իսկ 2016 թվականին՝ Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում, այն հայտնվեց ավտոբուսների և գովազդային վահանակների վրա։

Ուայլդինգի խոսքով՝ «Vote Leave»-ի (կողմ՝ դուրս գալուն) փաստարկները հակիրճ ձևակերպելու ունակությունը, ինչպես նաև դրան ուղեկցող դիպուկ կարգախոսները, վճռորոշ դեր խաղացին հանրային ընկալման մեջ քարոզարշավի կերպարը ձևավորելու գործում։

««Վերադարձնել վերահսկողությունը» (Take Back Control) կարգախոսը բացարձակ հաղթաթուղթ էր»։

Մինչ Բերնհեմը պատրաստվում է ներկայացնել Միացյալ Թագավորություն-ԵՄ հարաբերությունների տարբեր սցենարներ, Ուայլդինգը նշում է, որ բրիտանացի վարչապետն արդեն իսկ առավելություն է ստացել ընդդիմության նկատմամբ՝ որդեգրելով անցյալի հաղթական կարգախոսները։

«Բերնհեմը գտել է 2016 թվականի քարոզարշավի երկու ամենաուժեղ զենքերը՝ «վերահսկողության վերադարձը» և ներգաղթի հարցը, և գրավել է այդ դաշտը», — ասաց նա՝ մատնանշելով սեպտեմբերին Լեյբորիստական ​​կուսակցության համաժողովում կուսակցության առաջնորդի ունեցած ելույթը։

Վարչապետը Լիվերպուլում իր կողմնակիցներին ասաց. «Բրիտանական աջերը խոսում են վերահսկողությունը վերադարձնելու մասին։ Երբեք թույլ մի տվեք նրանց մոռանալ, որ հենց իրենք են ի սկզբանե զիջել այդ վերահսկողությունը»։

Ուայլդինգը նշեց, որ Բրյուսելի հետ Բրիտանիայի կապերը խորացնելու հարցում Բյուրնհեմի աստիճանական մոտեցումը «ջրի երես է հանում» ընդդիմությանը․ վերջիններս, ըստ նրա, «զայրույթից կմկմալով» են արձագանքում, երբ շրջանառության մեջ են դնում 2016 թվականի այնպիսի փաստարկներ, որոնք արդեն իսկ հերքվել են։

«Բերնհեմն ուղղակիորեն անդրադառնում է ներգաղթի շուրջ բանավեճին, — ասաց Ուայլդինգը։ — Նա կարող է ասել. «Դուք հաղթեցիք ներգաղթի վերաբերյալ հանրաքվեում, սակայն «Բորիսի ալիքը» (Boriswave) ջնջեց ձեր վստահելիությունը, և դրա պատճառով այլևս ոչ մի փաստարկ չունեք»»։ Սա մի տերմին է, որը հորինվել է առցանց տիրույթում գործող աջակողմյան շրջանակների կողմից՝ նկարագրելու համար միգրացիայի աճը նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության օրոք՝ համավարակից հետո։

Նայջել Ֆարաժը՝ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս բերելու արշավի գլխավոր նախաձեռնողներից մեկը, չորեքշաբթի օրը հայտարարեց «Պահպանե՛ք Մեծ Բրիտանիան դուրս» (Keep Britain Out) անվանումով նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

«Առցանց դաշտում թեժ պայքար է սպասվում, — նշեց Ուայլդինգը։ — Սակայն միակ առաջնորդը հենց Բերնհեմն է, և նրա խոսքերն ու գործողությունները կազդեն «Մտնել» (Get In) և «Մնալ դուրս» (Stay Out) արշավների զարգացման վրա»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրությունը պատրաստ է ևս մեկ լայնածավալ արշավի՝ «Բրեքզիտ» (Brexit) տերմինի հեղինակն ասաց. «Չեմ կարծում, որ պատրաստ է։ Կարծում եմ՝ մենք այժմ այն ​​փուլում ենք, երբ խաղից առաջ թիմին հրահանգներ են տրվում, իսկ հաջորդ մեկ տարվա ընթացքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ»։