Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերի 18-ին Երևանում «Ասիայի հյուրախաղերին ընդառաջ» համերգային ծրագրով ազդարարել է առաջիկա հյուրախաղերի մեկնարկը, որի շրջանակում նույն ծրագիրը կներկայացնի Հնդկաստանում և Չինաստանում։
Համերգը ղեկավարել է Միացյալ Թագավորությունից ժամանած դիրիժոր, տենոր և համերգաշարի գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը։ Որպես մենակատար հանդես են եկել սոպրանո Շողիկ Թորոսյանը (Լիբանան), դաշնակահար Կատարինե Հովսեփյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։

Համերգային ծրագրի առաջին բաժնում հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Էդվարդ Միրզոյանի «Տոնական վալսը», Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներից»՝ «Էնզելի» և «Հիջազ» հատվածները, ինչպես նաև «Այ, վարդ» ռոմանսը, Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենին», Առնո Բաբաջանյանի «Արիա-վոկալիզը», «Նոկտյուրնը», «Վերադարձրու ինձ երաժշտությունը» և «Մեր սիրելի Երևանը», ինչպես նաև Վաղարշակ Կոտոյանի «Իմ Երևանը»։ Ծրագրում ընդգրկված էր նաև Արամ Խաչատրյանի «Խաչատրիանա» սյուիտը՝ հատվածներ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետներից։
Հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ կատարվել են Սիփան Օլահի՝ կամերային նվագախմբի համար կատարած փոխադրումներով, իսկ «Խաչատրիանա» սյուիտը հնչել է Ռուբեն Ալթունյանի փոխադրմամբ։

Երեկոյի ընթացքում նվագախումբը անակնկալ կատարել է դահլիճում ներկա կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» ստեղծագործությունը՝ շնորհավորելով նրան ծննդյան հոբելյանի առթիվ։

Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կատարել է Էդվարդ Գրիգի «Հոլբերգ» սյուիտը։






Բաց մի թողեք
Համագործակցության հուշագիր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Արդեան»-ի միջև. Լուսանկարներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում. Լուսանկար
«Ինչպե՞ս է ձևավորվում «տեղահանվողի հոգեբանությունը», և ինչո՞ւ են Հանրայինի արխիվից անհետանում Արցախի մասին ֆիլմերը»